Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵԼՈՒ

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"\"Հոկտեմբերի 7-14-ը Իսպանիայի Սանտա Կրուզ դե Տեներիֆե քաղաքում անցկացվելու են ծանրամարտի Եվրոպայի տղաների 35-րդ եւ աղջիկների 10-րդ երիտասարդական առաջնությունները:

Մրցահարթակ են մտնելու մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի անդամ 34 երկրներ: Հայաստանի հավաքականներն այսօր նույնպես մեկնեցին մրցավայր: Տղաների ավագ մարզիչ Աշոտ Դանիելյանը թիմում ընդգրկել է հետեւյալ ծանրորդներին: 69 կգ՝ Արայիկ Միրզոյան, 77 կգ՝ Պարգեւ Մուրադյան, 85 կգ՝ Տարոն Թովմասյան, 94 կգ՝ Սեւակ Սահակյան, +105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան եւ Արտակ Մկրտչյան: Իսկ աղջիկների ավագ մարզիչ Արտաշես Ներսիսյանն ուղեկցում է Եվրոպայի չեմպիոնուհիներ Մելինե Դալուզյանին՝ 63 կգ եւ Հռիփսիմե Խուրշուդյանին՝ 75 կգ:

Դատելով երկու հավաքականները ներկայացնող ծանրորդների վերջին շրջանում ունեցած մրցելույթների մակարդակից, պետք է սպասել, որ նրանք այս անգամ էլ մեդալների հարուստ ավարով տուն կվերադառնան: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Մելինե Դալուզյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Ռուբեն Ալեքսանյանին: Հավանականություն կա, որ մեր մյուս ծանրորդներն էլ հաճելիորեն ուրախացնեն մարզասերներին: Այդպես է մտածում նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Նա երեկ «Առավոտին» ասաց. «Թե տղաների եւ թե աղջիկների հավաքականները լավ են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Ճիշտ է, նրանց տրամադրությունը բավականին ընկել է՝ կապված օրերս Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խաչիկ Քյափանակցյանի ողբերգական մահվան հետ: Մեր ծանրորդներն ու մարզիչները մտադիր են Տեներիֆեում, ի նշան նրա հիշատակի, հանդես գալ սեւ թեւկապերով: Բայց, միեւնույն է, վստահ եմ, որ մարզիկները հաջող հանդես կգան ու մեդալներ անպայման կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել