Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԱՄԵՆ ՓԱՅԼՈՒՆ ԲԱՆ ՈՍԿԻ Է

Հոկտեմբեր 06,2007 00:00

Օրերս Մումբայ քաղաքում (նախկին՝ Բոմբեյ) տեղի ունեցավ Հնդկական ոսկերչության միջազգային ցուցահանդեսը (ՀՈՄՑ), որն իր ծավալներով երկրորդ խոշորագույնն է Ասիայում, հինգերորդը՝ աշխարհում: Եթե նկատի ունենանք, որ այն համեմատաբար վերջերս է դարձել միջազգային, անտեղի չի լինի ենթադրել, որ Հնդկաստանն այս ոլորտում եւս հավակնում է բարձրագույն դիրքի:

Հնդկաստան, ոսկի, ադամանդ՝ մեր գիտակցության մեջ այս բառերը ներդաշնակ են: Դրանք կապվում են հեռավոր երկրներ ճամփորդելու, հանքեր ու գանձեր որոնելու՝ ուշ միջնադարյան պատմությունների հետ: Իրականում Հնդկաստանը հարուստ չէ ո՛չ ոսկու, ո՛չ ադամանդի հանքերով: ՀՈՄՑ-ը դրվագն է մի ուրիշ՝ արտադրության հիանալի կազմակերպման պատմության, գլխավոր դերում Ակնեղենի եւ ոսկերչական արտադրանքի աջակցության խորհուրդ, որը ներկայացնում է 6500 մասնագիտացած առեւտրականների՝ ամբողջ երկրից: Եթե հնարավորինս համառոտ շարադրեմ, ոլորտը զարգացել է այսպես: Երեք տասնամյակի նախապատրաստական աշխատանքների, պետության ու մասնավոր ձեռնարկությունների ներդրումների արդյունքում 1995-ից Հնդկաստանը սկսել է ոսկեղեն արտահանել: Հաջորդ տասներկու տարում արտահանումը յոթնապատկվել է՝ դրամական արտահայտությամբ հասնելով շուրջ 17 միլիարդ դոլարի: Ակնեղենի ու ազնիվ մետաղների արտադրությունը, ընդհանուր առմամբ, հասել է Հնդկաստանի համախառն ներքին արդյունքի 3 տոկոսին: Ադամանդագործության ու ոսկերչության ոլորտում զբաղված է… 1,3 միլիոն մարդ՝ հայաստանյան ամբողջ աշխատուժից հարյուր հազարով ավելի:

ՀՈՄՑ-ի այս տարվա ծավալները հետեւյալն են. շուրջ 29000 այցելու՝ սպասվող 25000-ի փոխարեն, որոնցից 2438-ը՝ արտասահմանցիներ, 740 մասնակից, 1581 կրպակ: Ցուցահանդեսում վաճառվում էին հինգ-տասը դոլարից մինչեւ մի քանի հարյուր հազարի արժողության զարդեր: 17 միլիոնանոց Մումբայում, որտեղ ճանապարհային խճողումներն առօրյա են, ամենամեծ ու տեւական խցանումներն այդ օրերին ցուցահանդեսին հարող տարածքներում էին:

Ցուցահանդեսի թեման էր՝ «Թղթե կաղապարաձեւեր եւ խաբկանքներ»: Այն ուղղված էր առաջին հերթին զարդեղենի նոր ձեւավորումների որոնումները խթանելուն: Տոկիոցի ձեւավորող Կացուո Օգավան համարում է, որ հնդիկներն արդեն իսկ զգալի ոճական նորություններ ունեն: «Շուտով հնդկական ալիք է ծավալվելու Ճապոնիայում,- կարծում է նա:- Ոսկեղենի բազմազանությունն ու յուրահատկությունը, որ առկա է այստեղ, հաստատապես գրավելու է ճապոնացի սպառողին»:

Տպավորիչ էին նորաձեւության ցուցադրությունները: Ոսկերիչների համաշխարհային համադաշնության նախագահ դոկտոր Գաետանո Կավալերին, որ բազում նման ցուցադրությունների էր ականատես եղել, ինձ հետ զրույցում բարձր գնահատեց այն, որ հնդիկներն այստեղ էլ չեն բավարարվել ուրիշների փորձը կապկելով, այլ երկու փոքրիկ ներկայացում էին ներկառուցել ցուցադրություններին:

Ճիշտ է, հանդիսային մասը զերծ չմնաց նաեւ զվարճալի թյուրիմացություններից, որ թերեւս անխուսափելի են նման վիթխարածավալ կազմակերպչական աշխատանքի դեպքում: Բացման արարողության բեմը պատկերող ցուցապաստառին պատվավոր հյուր երկրների թվում Թաիլանդը ներկայացված էր որպես հանրապետություն: Թաիլանդի առեւտրի նախարարն իր ելույթում նշեց, որ ինքն անձամբ հանրապետական կարգերին դրական է վերաբերվում, բայց իր երկիրը երկու հազար տարի է, ինչ թագավորություն է:

Սեմինարները, որ տեղի էին ունենում ցուցահանդեսին զուգահեռ, շուրջ մեկուկես տասնյակ էին: Նեղ մասնագիտական անվանումները շրջանցելով, որ քիչ հասկանալի կլինեն ընթերցողին, թվարկեմ մի քանիսը՝ քննարկումների հնարավոր օգտակարության մասին պատկերացում տալու համար. «Ընտանեկան բիզնեսից՝ արհեստավարժություն», «Օնլայն վաճառք՝ աշխարհով մեկ», «Բիզնեսի ստեղծագործական տեխնիկայի զարգացում», «Համատեղ բիզնեսի մոդելներ՝ գոյատեւման եւ աճի համար», «Հաջողություն՝ շուկայի մասնագիտացման միջոցով»:

Պետք է ընդգծել, որ ունեցած հանքերի շահագործման առումով եւս երկրի իշխանությունը նոր քաղաքականություն է մշակել: «Առավոտի» հարցին, թե ո՞րն է փոփոխությունների էությունը, Հնդկաստանի պետական նախարար Շրի Սուբիրամի Ռեդին պատասխանեց. «Այն առաջին հերթին ուղղված է բյուրոկրատիայի դեմ: Սահմանվել է նոր կարգ, որը երեք անգամ կրճատում է ժամկետը, որի ընթացքում տեղական կառավարությունները պետք է քննարկեն ու որոշում կայացնեն իրենց դիմող ընկերություններին արտոնագիր տալու վերաբերյալ: Տարանջատվել են նաեւ հանքամշակման փուլերը: Դրանցից յուրաքանչյուրը կարող է վստահվել առանձին ընկերության, որպեսզի բոլոր փուլերը իրականացվեն առավելագույն հաջողություններ արձանագրած ընկերությունների կողմից»:

Ցուցահանդեսում պատվիրակություններով էին ներկայացված ոչ միայն ձեռքբերումներով կամ գերազանց հայտերով հռչակված Չինաստանը, Թաիլանդն ու Ռուսաստանը, այլեւ՝ «ոսկերչական» երկրներ չհամարվող Իրանը, Պակիստանը, Հունգարիան: Հայ ոսկերիչների մասին տեղյակ էին բոլոր զրուցակիցներս, ում հետ առիթ եղավ արծարծելու հայկական թեման, մասնագիտական շրջանակներում խորը հարգանք է վայելում Ոսկերչության համաշխարհային կենտրոնի նախագահ, ամերիկաբնակ Բիլ Բոյաջյանը, բայց… հայկական տաղավար ցուցահանդեսում չկար: Միայն թե պետք չէ շտապել փաստն ինքնին վատ գնահատել: Այս ասպարեզում խաղացվում են սեփական շախմատային պարտիաները: Հնդկաստանի Ակնեղենի եւ ոսկերչական արտադրանքի աջակցության խորհրդի նախագահ Սանջայ Կոթարին աշխատավորի արտաքինով եւ հանդիսային պերճանքների հանդեպ կարծես նույնպիսի աշխատավորական քաշվածություն դրսեւորող մի մարդ է: Համապատասխանաբար շատ արժանահավատ է հնչում նրա պարզաբանումը, թե իրենց ողջ քարոզչական աշխատանքն աշխարհի բոլոր ոսկերիչների ընդհանուր գործի մի մասն է՝ ուղղված առհասարակ ոսկերչական արտադրանքի սպառման ընդլայնմանը: Սակայն պարոն Կոթարիի խոսքերին պետք է համադրել այն փաստը, որ այսօր Հնդկաստանում է հատվում ու հղկվում աշխարհում արդյունահանվող 12 ադամանդներից 11-ը, որոնք մինչ այդ ոչ թե մնում էին անմշակ, այլ հղկվում էին ուրիշ երկրների աշխատավորների կողմից: Այս արդյունքը ձեռք է բերվել մրցակցությունը շահելու, ինչու ոչ՝ նաեւ քարոզչության հմուտ կիրառման շնորհիվ: Հայաստանյան արտադրողների կամ վաճառողների խնդիրն այն է, որ միշտ լինեն բավականաչափ իրազեկ եւ համակարգեն իրենց գործողությունները մեր արտասահմանյան հայրենակիցների հետ:

Տանտերերը սիրահոժար ծրագրել էին նաեւ հյուրերի այցելություն այն վայրը Գոայում՝ շուրջ վեց հարյուր կմ հեռու Մումբայից, որտեղ եկող տարի կայանալու է հաջորդ ցուցահանդեսը: Այս /ենթա/ուղեւորությունը խաբված հույսերի էֆեկտ ունեցավ: Գոան չթողեց այն տպավորությունը, ինչին պատրաստ է նախապես նրա համբավին ծանոթ այցելուն. մուսոնները դեռ չէին ավարտվել, իսկ տեղական ուսումնական հաստատություններից մեկը, որի տարածքում՝ օվկիանոսի ափին են տեղադրվելու տաղավարները, որեւէ առանձնահատուկ հմայք չուներ: Բայց միգուցե հնդիկների հաշվարկն էլ հենց դա էր: Եկող գարնանամուտին անձրեւոտ դրախտ Գոայի եղանակը կբացվի, իսկ անշուք շինության կողքին կառուցված կլինեն նորարարական լուծումներով տաղավարները, որոնց զգալի մասը լինելու է բացօթյա:

Շատ էական է այն, որ Գոայի ցուցահանդեսը նախատեսվում է մեկնարկել եկող տարվա փետրվարի վերջին, նույն օրերին, երբ արտասահմանյան գնորդներին իրենց երկրներ են հրապուրում ասիական վագրերը, որոնք դուրս էին թվում մրցակցությունից: Դա հուշում է, որ դրամատիկ զարգացումներ են ակնկալվում: Բայց դրանց ավելի խորը վերլուծությունն արդեն մասնագիտական պարբերականների էջերին կվայելի, եւ ոչ՝ օրաթերթին: Մանավանդ որ, իմ մասնագիտացումն էլ երկար պատմություն չունի: Հնդկաստանին, առաջին հերթին զանգվածային հաղորդակցության տեսության հնդկական հարուստ փորձին նվիրված իմ հոդվածաշարի շնորհիվ, որ լույս տեսավ «Առավոտում»՝ այս տարվա փետրվար-մարտին, ես սկսեցի անձնական հրավերներ ստանալ այդ երկրից՝ ներկա լինելու եւ լուսաբանելու որոշ նշանակալի իրադարձություններ: Ինչպիսին պերճանքի ու նրբագեղության այս տոնն էր Մումբայում:

\"\"Ամենահնդկուհի մոդելը:

 

 

 

 

 

\"\"Հագուստի սովորական խանութ:

 

 

 

\"\"Ճերմակության գոտի:

 

 

\"\"Աղքատության ամենամեղմ դեմքը:

 

 

 

\"\"Նյութի հեղինակը:

 

Լուսանկարները՝ հեղինակի
Լուսանկարը՝ Սերգեյ Շեւչենկոյի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել