Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ»

Հոկտեմբեր 06,2007 00:00

Երեկ հայտարարեց արեւելագետ Հասմիկ Ստեփանյանը, որ նոր է վերադարձել Թուրքիայում կայացած գիտաժողովից:

Թուրքիայում սեպտեմբերի 10-15-ը հրավիրված «ICANAS-38» (International Congress of Asian and North African Studies» միջազգային գիտաժողովին, որը հիմնադրվել է 1873թ.՝ ֆրանսիական արեւելագետների ջանքերով եւ անցկացվում է երեք տարին մեկ, առաջին անգամ մասնակցել են ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Ստեփանյանը եւ երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Երնջակյանը: Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալվել էր մասնակիցներից մեկը՝ Հասմիկ Ստեփանյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ միջոցառմանը մասնակցել է 57 երկրի 1200 գիտնական, իսկ միայն Թուրքիայից զեկուցումներով հանդես է եկել շուրջ 500-ը. «Գիտաժողովը անցկացվեց համալսարանական հսկա ու հարուստ Բիլքենթ քաղաքում: Թուրքիայի կառավարությունը այդ միջոցառմանը 1 մլն դոլար էր հատկացրել»: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, հայտարարելով, որ իր երկիրը բաց է բոլոր ուսումնասիրությունների եւ ուսումնասիրողների համար, ու գիտությունը չպետք է ի չարս գործադրվի: Ըստ Հ. Ստեփանյանի, տեղական «Միլլիեթ» թերթը տպագրել էր գիտաժողովի նախագահ, պրոֆեսոր Սադըք Թուրալի հայտարարությունն այն մասին, որ իբր 20 հայաստանցի պատվիրակ է ժամանել եւ նրանցից ոչ մեկը չի ցանկացել խոսել օրակարգում տեղ գտած հայկական հարցի մասին, նախընտրելով այլ թեմաներ: Տիկին Ստեփանյանը նշեց, որ իրականում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի մասնակցությունը գիտաժողովին մերժվել էր, ամենայն հավանականությամբ, պատճառը նրա՝ հայկական ցեղասպանությանը նվիրված թուրքերեն գրքի հրատարակությունն էր: Թերթը նախապես նշել էր նաեւ, թե իբր հայկական հարցին նվիրված երկու ժողովներին՝ պանելներին, ոչ մի հայ գիտնական մասնակցության ցանկություն չի հայտնել: «Ճիշտն ասած, այդ պանելների մասին մենք տեղեկացանք բացման օրը»,- հայտնեց բանախոսը: «Այս գիտաժողովի անցկացումը պատիվ է յուրաքանչյուր պետության համար, սակայն Թուրքիան այն ընկալեց որպես իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու հնարավորություն: Միջոցառման մասնակիցներին «բարի գալուստ» մաղթող թուրք գիտնականներից մեկը առիթն օգտագործեց հայտարարելու, որ պատմության ընթացքում բազմաթիվ ժողովուրդներ պայքարել են ուրիշների հարստություններին տիրանալու համար, Թուրքիայի թշնամի մի երկիր էլ վերջին տարիներին իր բանսարկություններով խաղում է Թուրքիայի հեղինակության հետ, չնայած բարեկամ երկրներն ըմբոստանում են նրա դեմ: Սա առաջին «կրակոցն» էր Հայաստանի դեմ, առանց Հայաստան բառն արտասանելու»,- ասաց տիկին Ստեփանյանը: «Առավոտի» հարցին՝ թե քանի՞ նման «կրակոց» է եղել գիտաժողովին, գիտնականը հայտնեց, որ մի «կրակոց» էլ իր վրա վերցրել է երաժշտագետ Լիլիթ Երնջակյանը, որի ելույթի թեման էր «Մուղամի ծագումը»: Թուրքերին դուր չի եկել, որ տիկ. Երնջակյանն իր զեկուցման մեջ հայտարարել է, թե մուղամն արաբական ծագում ունի:

«Ընդհանրապես, «կրակոցները» ադրբեջանական մոտ 200 հոգանոց պատվիրակության ամենօրյա գործունեությունն էին»,- հավելեց Հ. Ստեփանյանը: Իսկ իր «Հայատառ թուրքերեն գրականությունը եւ հայ-թուրքական գրական կապերը Օսմանյան կայսրությունում 19-րդ դարում» զեկույցից հետո էլ թուրք եւ ադրբեջանցի գիտնականներից ոմանք մասնավոր զրույցներում համաձայնել են, որ հայկական մշակույթն իրենց իրականությունում այսօր էլ ներկա է: Մեր հետաքրքրությանը՝ թե հայ գիտնականները, ի վերջո, ի՞նչ եզրակացության եկան, կարելի՞ է գիտական շրջանակներում քննարկումներ անցկացնել հայկական հարցի շուրջ, Հ. Ստեփանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ թուրքական գիտական շրջանակներն այնքան քաղաքականացված են, որ դեռ որոշ ժամանակ պատրաստ չեն հայկական հարցի անաչառ քննարկումներին, որքան էլ բարձրաձայնում են այդ մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել