Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանք՝ բուհավարտ գործազուրկներին

Հոկտեմբեր 06,2007 00:00

Փոխնախարարն առաջարկում է տաքսի վարել

«Հայացք» ակումբի երեկվա հյուրերը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանն ու Երիտասարդական ակումբների համադաշնության նախագահ, Եվրամիության երիտասարդության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանն էին, թեման՝ երիտասարդության հիմնախնդիրները: Ա. Պողոսյանի փոխանցմամբ, պետությունն ի դեմս կառավարության փորձում է լուծել երիտասարդության հիմնախնդիրները. «1997 թվից ստեղծվել են փոխնախարարի պաշտոնն ու երիտասարդության հարցերի վարչությունը: Եթե 1997-ին պետական բյուջեից երիտասարդությանը հատկացվում էր 30 մլն, այսօր` 342 մլն դրամ»: Ա. Մխիթարյանն էլ նշեց, որ երիտասարդության հիմնախնդիրները պատշաճ մակարդակով բարձրացնելու հարցում իրենց դերն ունեն լրագրողները: Ա. Մխիթարյանի համոզմամբ, 1998-ից երիտասարդության նկատմամբ տարվող պետական քաղաքականությունը կտրուկ բարելավվել է: «Ռ. Քոչարյանի նախագահ դառնալուց հետո ստեղծվեց երիտասարդության հարցերով վարչություն, Համահայկական երիտասարդական հիմնադրամ եւ ավելացավ երիտասարդների ներգրավվածությունը պետական եւ քաղաքական որոշ պաշտոններում: Իսկ դրանից 2-3 տարի հետո երիտասարդական շարժումը լճացում ապրեց, որովհետեւ այն երիտասարդները, ովքեր որոշակի դիրք էին զբաղեցրել՝ խոչընդոտ հանդիսացան մյուսներին: Սակայն վերջերս երիտասարդական շարժումը կարծես նոր թափ է առել»,- հուսադրեց Ա. Մխիթարյանը: Ա. Պողոսյանն ասաց, որ այժմ Հայաստանում երիտասարդության 20 տոկոսն է ընդգրկված հասարակական ակտիվ կյանքում, ըստ Ա. Մխիթարյանի, այդ թիվն ավելի փոքր է՝ 1,5-2 տոկոս: Դառնալով երիտասարդության զբաղվածությանը, փոխնախարարը նշեց, թե այսօր շատ-շատ աշխատատեղեր կան, բայց երիտասարդները երբեմն չեն ուզում աշխատել. «Ես ինքս օգտվելով իմ շրջապատից, շատերին եմ աշխատանք առաջարկել տաքսի սերվիսում, սակայն հրաժարվել են»: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ եք զարմանում, որ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդը հրաժարվել է նման աշխատանքից, փոխնախարարը պատասխանեց. «Ցանկացած երիտասարդ տանը նստելու փոխարեն ավելի լավ է տաքսի վարի, քան սպասի արտասահմանի բարեկամների օգնությանը: Ես էլ բարձրագույն կրթություն եւ 3 բուհի դիպլոմ ունեմ, բայց ժամանակին այդ կարգի աշխատանքներով էլ եմ զբաղվել»: Ա. Պողոսյանի խոսքով, այսօրվա երիտասարդը նյութապաշտ է՝ հոգեւորը մղվել է հետին պլան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել