Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽ «ՀԱՄԱԶԳԵՍՏԱՎՈՐԵՑԻՆ», ՀԻՄԱ ԷԼ «ԼՈԳՈՅԱՎՈՐՈՒՄ» ԵՆ

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"\"Առաջիկայում արմավիրցի դպրոցականներին ազգային տարազի զարդանախշերով ու դպրոցների համարներով համազգեստ է «սպառնում»:

«Արմավիրում դպրոցը թանկ է» լուրում («Առավոտ», 25.05. 2007թ.) անդրադարձել էինք Արմավիրի մարզի դպրոցներում միասնական աշակերտական համազգեստի վերաբերյալ ծնողների մտահոգություններին: Հատկապես անվճարունակները պնդում էին, որ 17000 դրամը շատ է համազգեստի համար, իսկ եթե ընտանիքում մի քանի դպրոցական կա, դա արդեն լուրջ հարված է նրանց բյուջեին:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ի հեճուկս համազգեստի դեմ բողոքողների, հայտարարել էր, որ ինքը մեծ հաճույքով սեպտեմբերի մեկին կկրի այն, ավելին՝ դրանով կշրջի մարզի դպրոցներում («Ղահրամանյանը օրինակ կծառայի», 1.09.2007): Մինչ օրս չեն դադարել դժգոհությունները: Ղահրամանյանն էլ, ինչպես երեկ տեղեկացանք մարզպետարանի լրատվականից, խոստումը չի պահել:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հղում կատարելով ծնողական խորհրդի որոշման վրա, Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը որոշում կայացրեց, որ 2007 թվականի սեպտեմբերի 1-ից Արմավիրի մարզի դպրոցականները պետք է դպրոց հաճախեն իր բարեկամի արտադրամասում կարված միանման համազգեստով: Մտահղացումից գայթակղված՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունեց գաղափարը եւ խոստացավ ամեն կերպ աջակցել թալանին»,- «Առավոտի» հետ զրույցում բորբոքված պատմում էր ծնողներից մեկը: Գ. Սայադյանը այս առիթով ասաց. «Էրնեկ չէ՞ր իմ բարեկամն արտադրամաս ունենար»: Մեկ ուրիշ ծնող էլ հայտնեց, որ գործընթացն արագացնելու համար տնօրենների հրահանգով աշակերտների ընտանիքներին «գրոհել» են դասղեկները, որովհետեւ վերջիններիս արձակուրդայինի վճարումը կախված էր դրանից: Համայնքի ղեկավարները խոստանում էին, որ մասամբ կաջակցեն անապահով ընտանիքներին համազգեստ ձեռք բերելու գործում, իսկ դպրոցի տնօրենները սպառնում էին դպրոց չթողնել կամ հեռացնել այն աշակերտներին, ովքեր չեն կրի համազգեստ: Չնայած վարչական լծակների գերբեռնված աշխատանքին, սայլը տեղից չէր շարժվում, ծրագիրը վտանգված էր: Դրա համար էլ սեպտեմբերի 1-ը մի երկու շաբաթով հետաձգվեց եւ Արմավիրում ուսումնական տարվա սկիզբ հայտարարվեց սեպտեմբերի 17-ը:

Վերջապես ստացվեց դպրոցական համազգեստի առաջին խմբաքանակը, որոնցից շատերի չափսերը չէին համապատասխանում իրենց «տերերին»:

Այսինքն՝ հիմա էլ նոր ծախսեր՝ «պերեդելկայի» համար: Այսպիսով, ապառիկ վճարելու պայմանով, պարտադրաբար եւ այլ միջոցներով, համազգեստավորվել է արմավիրցիների 80 տոկոսը, իսկ դրանցով դպրոց հաճախողների թիվն ավելի պակաս է:

Մարզպետարանի կրթության բաժնի պետը կարծում է, որ իրենց մարզում միանման աշակերտական համազգեստի անցնելը օրինակելի երեւույթ է: Նա հույս ունի, որ եկող տարի իրենց կհետեւեն այլ մարզեր եւս: Տիկ. Սայադյանն ասաց, որ այժմ էլ պատրաստվում են արմավիրցի աշակերտներին մյուսներից առանձնացնելու համար նրանց համազգեստներին «Արմավիրի մարզ» նշումով լոգո ավելացնել. «Այդպիսի համազգեստով երեխան որտեղ էլ որ հայտնվի՝ կիմանան, որ Արմավիրի մարզից է: Տարբեր միջոցառումների մասնակցելու նպատակով մեկնում ենք այլ քաղաքներ, թող մեր աշակերտները տարբերվեն: Հաջորդ տարիներին էլ համազգեստի վրա դպրոցների համարները կգրենք»: Ըստ Գ. Սայադյանի, ավագ դպրոցի աշակերտները մինչեւ ամսվա վերջ կունենան լոգոներ, իսկ «լոգոյավորման» ողջ գործընթացը կավարտեն մինչեւ տարեվերջ: Նա հավելեց նաեւ, որ 20 օրից ԿԳ նախարարությանը կներկայացնեն այս նորամուծությունների վերաբերյալ իրենց առաջարկություններն ու անելիքները. «Կամ պիտի օրենք ընդունվի, որով բոլորին պարտադրեն կրել համազգեստ, կամ էլ այդ գործն իրենց վրա պիտի վերցնեն մարզպետներն ու դպրոցի տնօրենները»: Գ. Սայադյանը նաեւ հայտնեց. «Հաջորդ տարիներին լոգոների ներքնամասում, Արմավիրի մարզին բնորոշ, մեր տարազից որեւէ զարդանախշ կլինի: Այդ ամենը դիզայների հետ կմտածենք, որ գեղեցիկ նայվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել