Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԻՐ ԱՊԱԳԱՆ

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"\"Ո՞վ նախագահ կաշխատի Ռուսաստանի հաջորդ վարչապետի մոտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետնախագահական ճակատագրի առեղծվածն այլեւս կարելի է քողազերծված համարել: Արձագանքելով երկրի աշխատավորական զանգվածների «թախանձագին խնդրանքներին» եւ «մեծահոգաբար» համաձայնելով գլխավորել «Միասնական Ռուսաստան» իշխանական կուսակցության նախընտրական ցուցակը, նա գրեթե 100 տոկոսով ակնհայտ դարձրեց, որ իր նախագահական ժամկետի ավարտից հետո ոչ միայն չի վերածվի «երիտասարդ թոշակառուի», այլեւ ապահով կերպով կհանգրվանի ՌԴ վարչապետի պաշտոնում:

Ռուսաստանյան շատ քաղաքագետներ արդեն իսկ իրենց գոհունակությունն են արտահայտել իրադարձությունների այս սցենարի կապակցությամբ: Նրանք հիացմունքով նշում են, որ այսպիսով Պուտինն ու նրա թիմը մի հարվածով լուծեցին միմյանց հետ չհամատեղվող երկու շատ կարեւոր հարց՝ չխախտել երկրի Սահմանադրությունը եւ, դրանով հանդերձ, փաստացիորեն պահպանել Պուտինի իշխանությունը: Այս թեման, անշուշտ, ինչպես անմիջականորեն ՌԴ նախագահի անձի, այնպես էլ խնդրի հայաստանյան հնչեղության առումով բավական արդիական է հայ ընթերցողի համար: Հետեւաբար, ավելորդ չէ հետեւելը, թե ինչ են մտածում այս մասին ռուսական առաջատար լրատվամիջոցները:

«Քայլն արված է, մնում է միայն անհրաժեշտ պահին գտնել Վլադիմիր Պուտինի ակնարկած այն «արժանավոր մարդուն», ով 2008-ին կզբաղեցնի երկրի նախագահի աթոռը. իսկ դա դժվար չի լինի»,- նկատում է «Վեդոմոստին»: Թերթը շարունակում է, որ ՌԴ անկուսակցական նախագահը, «իջնելով դեպի «Միասնական Ռուսաստանի» շարքերը, փորձում է իրական քաղաքական բովանդակություն հաղորդել ֆունկցիոներների այդ կուսակցությանը, որի միակ արժանիքը մինչ այդ եղել է ընդամենը վարչական ռեսուրսին տիրապետումը»: «Վեդոմոստին», այնուամենայնիվ, որոշ սահմանադրական անորոշություններ է տեսնում: «Իսկ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե, ասենք, նոր նախագահը հիվանդանա եւ թոշակի գնա»,- հարց է տալիս թերթն ու պարզաբանում. բանն այն է, որ այդ պարագայում վարչապետ Պուտինն ավտոմատ կերպով կվերածվի նախագահի պաշտոնակատարի, իսկ պաշտոնակատարը, ՌԴ Սահմանադրությամբ, իրավունք ունի առաջադրվել իբրեւ նախագահի թեկնածու:

«Կոմերսանտը» ուշադրություն է հրավիրում այլ ասպեկտի վրա: Ըստ պարբերականի, անկուսակցական մարդու կողմից կուսակցական ցուցակ գլխավորելու համար ոչ մի խոչընդոտ չկա: «Ցանկացած ռուսաստանցի, անգամ մնալով անկուսակցական, իրավունք ունի ներգրավվել ցանկացած կուսակցության նախընտրական ցուցակի մեջ եւ այդ կերպ դառնալ պատգամավոր. բանն այն է, որ ՌԴ օրենսդրությամբ նախընտրական ցուցակներում տեղ գտած անձանց մինչեւ 50 տոկոսը կարող է լինել անկուսակցական: Պուտինի պարագայում այդ հանգամանքը նույնիսկ որոշակի առավելություն է տալիս նրան»,- գրում է «Կոմերսանտը»:

«Ինտերֆաքսը» նկատել է տալիս, որ Պուտինի որոշումից թերեւս մի քիչ նեղվել է «Արդար Ռուսաստան» (ԱՌ) կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը: Նրա գլխավորած կուսակցությունը, ըստ «Ինտերֆաքսի» մեկնաբանի, իշխանամետ լինելով հանդերձ, վերջին շրջանում մեծ ժողովրդականություն էր վայելում: Երկրում ռեալ ընդդիմության բացակայության պայմաններում ԱՌ-ն որոշ չափով այլընտրանք էր հանդիսանում «Միացյալ Ռուսաստանին», եւ հատկապես այստեղ էին հավաքվում վարչակազմից «ժամանակավորապես» նեղացած գործիչները, որոշակիորեն հզորացնելով Միրոնովի դիրքերը: Վերջինս հույսեր էր փայփայում, որ ուժերի որոշակի դասավորության դեպքում ԱՌ-ն ի վիճակի կլիներ մեծ քանակությամբ քվեներ ստանալ եւ անգամ՝ կարող էր «Միացյալ Ռուսաստանի» հետ կիսել նախագահի հենարանը լինելու հաճույքը, իսկ գուցեեւ՝ դառնալ վարչական ռեսուրսի հիմնական «վերահսկիչը»: Մինչդեռ այժմ, երբ Վլադիմիր Պուտինը տեղ գտավ «Միացյալ Ռուսաստանի» նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում, «Ինտերֆաքսի» դիտարկմամբ, ԱՌ-ի նախագահի հաճելի պատրանքները ցնդեցին: Միրոնովն ինքն է խոստովանել, որ «Միացյալ Ռուսաստանը» այլեւս կարող է հանգիստ լինել խորհրդարանական հաջորդ ընտրություններին որակյալ մեծամասնություն դառնալու առումով: «Սակայն դա բացառապես Վլադիմիր Պուտինի անձնական արժանիքների շնորհիվ կլինի, ոչ թե նրան սատարող կուսակցության»,- հայտարարել է Սերգեյ Միրոնովը: Ռուսաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ միաժամանակ հանդես են եկել նաեւ կանխատեսումով, որ ՌԴ նոր նախագահի առաջին ժամկետի «բարեհաջող ավարտից» հետո Վլադիմիր Պուտինը, մեծ հավանականությամբ, դարձյալ կառաջադրվի երկրի նախագահի պաշտոնում: Ռուսական մամուլում այն հարցը, թե ով իբրեւ նախագահ կպաշտոնավարի «վարչապետ Պուտինի օրոք», նույնպես եռանդով քննարկվում է, եւ, իհարկե, այս իմաստով առաջնությունը տրվում է ՌԴ ներկայիս վարչապետ Վիկտոր Զուբկովին: Ավելի նվազ չափով շրջանառվում են նաեւ փոխվարչապետներ Իվանովի եւ Մեդվեդեւի անունները: Պատճառը, թերեւս, այն է, որ նոր իրավիճակում վերջիններս այնքան էլ չեն տեղավորվում Պուտինի նախանշած «արժանավոր մարդ» սխեմայի մեջ:

Ինչպես արդեն վերը նշեցինք, այս զարգացումները որոշակի հետաքրքրություն են ներկայացնում նաեւ Հայաստանի բնակչության համար, քանի որ, ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Հայաստանի պարագայում գործ ունենք իրենց ներքին տրամաբանությամբ համանման իրավիճակների հետ: Այդուհանդերձ, նմանությունների կողքին կան նաեւ մի շարք էական տարբերություններ, որոնց «Առավոտը» կանդրադառնա իր հետագա հրապարակումներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել