Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկախության ինքնահռչակմանը հաշված օրեր են մնացել

Հոկտեմբեր 06,2007 00:00

Վաշինգթոնն ու Բրյուսելը Կոսովոյի հարցում լրիվ միակամ են

Չնայած Կոսովոյի միակողմանի անկախացումը կանխելուն ուղղված ռուսական դիվանագիտության հետեւողական ջանքերին՝ այդ բանն առաջիկայում, այնուամենայնիվ, տեղի կունենա, եւ այն էլ՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության լուռ հավանության պայմաններում: Մեր նախկին հրապարակումներում արդեն անդրադարձել ենք Բալկանյան «ճակատում» մի քանի ամիս առաջ ռուսների արձանագրած դիվանագիտական որոշ հաջողություններին: Դրանք, իհարկե, մեծ չէին. նրանց ընդամենը հաջողվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման առարկա չդարձնել դեսպան Մարթի Ահթիսաարիի առաջարկած կարգավորման հայտնի ծրագիրը: Հիշեցնենք, որ դրանով նախատեսվում էր փաստացի անկախություն շնորհել գլխավորապես ալբաններով բնակեցված Կոսովոյի մարզին, թեեւ այդ ծրագրում «անկախություն» բառը, իբրեւ քաղաքագիտական եզրույթ, օգտագործված չէր:

Այդուհանդերձ, Մոսկվային գոնե այդ՝ սերբերի համար բավականաչափ ճակատագրական պահին հաջողվեց խնդրի նման հանգուցալուծումը հետաձգել անորոշ ժամանակով, իսկ կարգավորման բանակցությունները ՄԱԿ-ի ԱԽ-ի ձեւաչափից տեղափոխել, այսպես կոչված, «շփման խումբ»: Սակայն, հենց այն օրերին էլ պարզ էր, որ Բելգրադն ու առավել եւս՝ Մոսկվան դրանից մեծ հաշվով ոչինչ չեն շահելու, եթե չասենք, որ նույնիսկ կարող են կորցնել. ի վերջո, մի բան է, երբ Կոսովոն անկախություն է ձեռք բերում միջազգային բազմակողմ համաձայնության արդյունքում, եւ բոլորովին այլ բան, երբ Կոսովոն այդ նույն կարգավիճակին է հասնում Ռուսաստանի եւ Սերբիայի կամքի շրջանցմամբ: Ավելորդ է նշել, որ երկրորդ դեպքում մեծ չափով կարող է տուժել այդ երկրների քաղաքական հեղինակությունը:

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ կոսովյան զարգացումները, այնուամենայնիվ, ընթանում են հենց երկրորդ սցենարով: Ամերիկյան International Herald Tribune թերթն օրերս հրապարակել է մի հոդված, որում եվրոպացի բարձրաստիճան մի դիվանագետ, «նրբանկատության նկատառումներով» չցանկանալով հրապարակել իր անունը, բավական հետաքրքիր բացահայտումներ է անում Կոսովոյի խնդրի վերաբերությամբ: Ըստ այդմ, աղբյուրը նշում է, թե «շփման խմբի» սահմանած բանակցային ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ն ու Եվրամիությունը առանց երկմտելու կճանաչեն Կոսովոյի անկախությունը, եթե վերջինս հանդես գա Սերբիայից միակողմանի անջատման եւ անկախության ինքնահռչակման մասին քաղաքական հայտարարությամբ: «Խաղի պլանն արդեն իսկ հաստատվել է: «շփման խմբի» շրջանակներում ընթացող բանակցություններն ավարտվելու են ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին: Ու եթե այդ ժամկետի ավարտին այնպիսի զգացողություն տիրի, որ Բելգրադն ու Պրիշտինան համաձայնության չեն գալիս, Պրիշտինան միակողմանիորեն անկախություն կհռչակի, որն անմիջապես կճանաչվի Վաշինգթոնի եւ Բրյուսելի կողմից: Կարեւոր է այն, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այս պարագայում գործելու են առավելագույնս համաձայնեցված՝ միասնականության մեծ էֆեկտ ապահովելու համար»,- թերթին ասել է եվրոպացի դիվանագետը:

Այդուհանդերձ, Herald Tribune-ի մեկնաբանն առանձնակի լավատեսություն չունի այն զարգացումների առնչությամբ, որոնք կարող են հաջորդել Կոսովոյի անկախության ինքնահռչակմանն ու միջազգային հանրության կողմից այդ անկախության մասնակի ճանաչմանը: Թերթը մտավախություն է հայտնում, որ 27 անդամ ունեցող Եվրամիության ներսում առկա են թեեւ ոչ մեծ, սակայն բովանդակությամբ նման կոնֆլիկտային այլ օջախներ, որոնք կարող են բորբոքվել կոսովյան նախադեպի առաջացրած կայծից: Այս համատեքստում բերվում է Ռումինիայում եւ Սլովակիայում կոմպակտ բնակվող էթնիկ հունգարների, Մակեդոնիայի ալբանների եւ վերջապես՝ բոլորին քաջ հայտնի կիպրաթուրքերի օրինակները:

Ինչ վերաբերում է այն ազդեցությանը, որը Կոսովոյի նախադեպը կարող է ունենալ նախկին ԽՍՀՄ տարածքի հակամարտությունների ու, մասնավորապես, ԼՂ հարցի հետագա ճակատագրի վրա, ապա կարծում ենք, որ մեզանում արդեն իսկ լայնորեն քննարկված այդ հարցը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի: Պարզապես, սպասենք ու տեսնենք, թե ինչ տեղի կունենա առաջիկա դեկտեմբերի 10-ից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել