Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ՍԱԴՐԱՆՔԻ ԵՐԿՈՒ ՇԵՐՏԵՐԸ

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"\"Դրանցից մեկը նախորդեց, իսկ մյուսը՝ հաջորդեց Օկրուաշվիլու աղմկոտ բացահայտումներին

Նախընթաց օրերին Վրաստանի տարածքում գտնվող հակամարտության օջախներում իրադրության սրընթաց շիկացումը շատերը կապում են այդ երկրում պայթած ներքաղաքական վերջին սկանդալների հետ: Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին ներքգործնախարար, ժամանակին իր ազդեցությամբ նույնիսկ երկրի նախագահին չզիջող «ուժային» գործիչ Իրակլի Օկրուաշվիլին իր հեռուստահարցազրույցներից մեկում Միխայիլ Սահակաշվիլուն մեղադրել էր մի շարք հնչեղ սպանություններ նախապատրաստելու (այդ թվում՝ հայտնի գործարար Բադրի Պատարկացիշվիլու եւ ընդդիմադիր պատգամավոր Վալերի Գելաշվիլու հանդեպ) եւ «հակապետական այլ գործողություններ» իրականացնելու մեջ: Նախագահ Սահակաշվիլու երբեմնի մերձավորագույն զինակից, այժմ միացյալ ընդդիմության առաջնորդը դառնալուն ձգտող Օկրուաշվիլու աղմկոտ բացահայտումներին անմիջապես հաջորդել էին վրացական զինուժի կողմից Հարավային Օսիայի բնակավայրերի ինտենսիվ հրետակոծումն ու Աբխազիայի տարածքում հակադիվերսիոն գործողությունների անցկացումը: Այս ամենի հետեւանքով գրանցվել էին տասնյակ վիրավորներ, իսկ Աբխազիայում, մասնավորապես, զոհվել էր երկու ռուս զինծառայող: Քիչ ավելի ուշ ձերբակալվեց նաեւ Օկրուաշվիլին:

Իհարկե, պնդումը, որ Վրաստանի ներքաղաքական սկանդալներն ու հակամարտության գոտիներում լարվածության սաստկացումը միմյանց հետ ուղղակիորեն թե անուղղակիորեն կապված են, բավական ճշմարտանման է թվում: Հարավկովկասյան տարածաշրջանում հասարակության ուշադրությունը խայտառակ մեղադրանքներից պատերազմական գործողությունների միջոցով շեղելը, թերեւս, փորձված մեթոդիկա է: Այսինքն՝ այն, որ այս պարագայում առկա է որոշակի սադրանք, գրեթե ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Վրացական վերջին իրադարձությունների զարգացմանը ուշադիր հետեւելու դեպքում, սակայն, կարելի է համոզվել, որ այս դեպքում գործ ունենք սադրանքի երկու՝ ծագումնաբանությամբ միմյանցից տարբեր շերտերի հետ: Փորձենք տարանջատել դրանք:

Օկրուաշվիլու հայտնի հեռուստահարցազրույցից մի քանի օր առաջ վրացական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի ուսումնասիրմամբ զբաղվող ամերիկացիների մասնագիտական խումբը ռուսների հետ բանակցելուց հետո ոչ թե վերադարձել է ԱՄՆ, այլ Ադրբեջանից մեկնել է հարեւան Վրաստան եւ այնտեղ մնացել գրեթե մեկ շաբաթ: «Հավաստի աղբյուրներից» սնվող պնդումներ էին շրջանառվում նաեւ այն մասին, թե ամերիկացի փորձագետները ԱՄՆ եվրոպական հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ծրագրի շրջանակներում ուսումնասիրում են նաեւ Վրաստանում (կողմնորոշաբար՝ Աջարիայում) ռադիոլոկացիոն կայան տեղադրելու հնարավորությունը: Հարկ է նշել, որ այս տեղեկատվությունը միայն Վրաստանում չէր պտտվում. վերջին շաբաթներին մի քանի անգամ դրան անդրադարձել են նաեւ որոշ արեւմտյան եւ ռուսական լրատվամիջոցներ, չկարողանալով, սակայն, զարգացնել այն՝ Թբիլիսիից եւ Վաշինգթոնից համապատասխան հավաստումների չտիրապետելու պատճառով: Այս համատեքստում արժե հիշեցնել, որ ի լրումն Լեհաստանի եւ Չեխոսլովակիայի, Ուկրաինային ու Վրաստանին եւս ԱՄՆ ՀՀՊ ծրագրերում ներառելու մասին տեղեկությունները արեւմտյան մամուլ «արտահոսեցին» դեռեւս մեկ տարի առաջ:

Միով բանիվ, Օկրուաշվիլու հեռուստաելույթին նախորդած օրերին Վրաստանում առկա էին բոլոր նախադրյալները՝ այդ երկրում ներքաղաքական քաոս հրահրելու համար. ամերիկյան ՀՀՊ ծրագրերի քողարկված իրականացմանն առնչվող տեղեկատվական ֆոն, վրաց պաշտոնատարների առավել հաճախակի դարձած հայտարարություններ՝ ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ երկխոսության փուլ թեւակոխելու մասին, ներիշխանական անհամաձայնությունների պատճառով Սահակաշվիլու հետ անդառնալիորեն թշնամացած ազդեցիկ գործչի (Իրակլի Օկրուաշվիլու) առկայություն եւ, վերջապես՝ երկրի նախագահի՝ Միխայիլ Սահակաշվիլու բացակայությունը երկրից: Հիշեցնենք, որ վերջինս այդ օրերին Նյու Յորքում մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: Այս համատեքստում, անշուշտ, հատուկ ուշադրության է արժանի նաեւ Օկրուաշվիլու կողմից կատարված բացահայտումների որակը: Այն ժամանակահատվածում, որին վերաբերում են նրա հնչեցրած մեղադրանքները, վերջինս զբաղեցրել է բավական պատասխանատու պաշտոններ: Մասնավորապես, վարչապետ Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահից հետո, ինչի մասին Օկրուաշվիլին չափազանց թափանցիկ ակնարկներ է անում, վերջինս մի քանի տարի հաջողությամբ շարունակում էր իր կարիերան, հերթով «համտեսելով» գրեթե բոլոր ուժային գերատեսչությունների ղեկավար պոստերը: Օրինաչափ հարց է առաջանում. ուրեմն ի՞նչն էր նրան խանգարում դիմազերծ անել իր շեֆին հենց այն օրերին:

Ասվածն, իհարկե, երբեք չի կարող նշանակել, թե Սահակաշվիլին սուրբ է, եւ որ ի բնե նրա կերպարին հակացուցված է հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու վարքագիծը: Պարզապես, վերը նկարագրված իրադարձային եւ բովանդակային համապատկերում Օկրուաշվիլու պնդումները մեծ չափով անհամոզիչ են դառնում, իսկ այս ողջ իրարանցման ետեւում աստիճանաբար սկսում են երեւակվել առաջին սադրանքի հեղինակի՝ Կրեմլի ականջները: Ինչ վերաբերում է սադրանքի երկրորդ շերտին՝ նկատի ունենք Աբխազիայում եւ Հարավօսիայում սանձազերծված գործողությունները, ապա պնդումները, որ դա մտահղացվել է Թբիլիսիի իշխանական կուլիսներում, բավականաչափ հիմնավոր են թվում: Պարզապես, ստացվել է այնպես, որ մի սադրանքը բխել է մյուսից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել