Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վկաները բերման չենթարկվեցին

Հոկտեմբեր 06,2007 00:00

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, Ժորա Հովսեփյանի նախագահությամբ, շարունակվեց Վիրաբ Գասպարյանի նկատմամբ

հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով Վ. Գասպարյանը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 2004թ. նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Հալաբյան փողոցում գտնվող «Տաթեւիկ» շոգեբաղնիքի եւ «Բոուլինգ» ակումբի մոտ ինքնաձիգով կրակելու, պատահական անցորդ Գեւորգ Խաչատրյանին վնասվածք պատճառելու, Հայկ Մելիքյանի՝ «Օշականցի Հայկի» դեմ մահափորձ կատարելու մեջ:

Երեկ հերթական անգամ դատարան չէին ներկայացել տուժողները, որոնցից մեկի՝ Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ դատարանը բերման որոշում էր կայացրել: Հրապարակվեց ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնական գրությունը, որով հայտնվում էր, որ վկա Նելլի Գալստյանին հնարավոր չի եղել հայտնաբերել: Մաշտոցի ոստիկանության բաժնի պետն էլ տեղեկացրել էր, թե վկա Էլյա Պետրոսյանը, որը մեկ տարի առաջ բնակվել է Լուկաշինի փողոցում, փոխել է իր բնակավայրը, տեղափոխվել այլ հասցե: Դատարանը որոշեց հրապարակել վկաների նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները:

Վիրաբ Գասպարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն առաջարկեց, որ բերման որոշման փոխարեն տուժողին եւ վկաներին ծանուցագիր ուղարկեն դատական նիստին մասնակցելու համար: Գասպարյանի երկրորդ պաշտպանը՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «դեպքից» ուշ դատախազություն հրավիրված այս վկաներն ու տուժողը անմիջապես արձագանքում էին կանչին, իսկ երբ դատարանն է հրավիրում, այս անձանց գտնելը դառնում է անկարելի: «Անհասկանալի է, ինչու են բացակայում բնակության վայրից»,- շարունակեց նա:

Երբ նախագահողը սկսեց հրապարակել վկա, մատուցողուհի Էլյա Պետրոսյանի նախաքննական ցուցմունքը, ամբաստանյալ Վիրաբ Գասպարյանն ասաց, որ ի վիճակի չէ նիստին հետեւել: Նշենք, որ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Գասպարյանը տառապում է խրոնիկական HVC-հեպատիտ հիվանդությամբ: Այս գործով նա կալանքի տակ է 2005թ. դեկտեմբերի 22-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել