Ամբաստանյալի համար «գժի թուղթ» են փորձում ձեռք բերել
Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան հոկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում: Կիեւի «Էմ Միր» ՍՊԸ տնօրեն Մաքսիմ Բաբախանյանը, որը մեղադրվում է 1993թ. հուլիսի 6-ին Նադր եւ Գրիգոր Մուրադյաններին, նրանց ազգական Գառնիկ Ավետիսյանին ինքնաձիգով սպանելու մեջ, պետք է ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության:
Սպանության գործի դատաքննությունը սկսվել է այս տարվա մայիսի 21-ին եւ դատական նիստի մասնակիցների դիտարկմամբ, ամբաստանյալի համար փորձում են առնվազն ապահովել նրա անմեղսունակության իմիջը:
Տուժողի իրավահաջորդ Նազիկ Մնացականյանի տեղեկացմամբ, Լուսակերտ-Նոր Գեղիի բանուկ մասում կանգնել է կապույտ գույնի մարդատար մի ավտոմեքենա: Մեքենայից դուրս են եկել զինված անձինք, որոնք ինքնաձիգների փողերն ուղղելով Մուրադյան եղբայրների ու այդ պահին այդտեղ գտնվող նրանց ազգականի վրա, սպանել են նրանց: Մարդասպանների մեջ էր նախկինում երկու անգամ դատված Մաքսիմ Բաբախանյանը, «Ֆիթիլ» մականունով նրա ազգականը՝ Էդիկ Բաբախանյանը: Չնայած զոհերն արդեն սպանված էին, սակայն մարդասպանները կրակահերթ են արձակել մահացածների վրա: Գրիգոր Մուրադյանի դիակի վրա հետագայում հայտնաբերվել էր 30 հրազենային հետք:
Մաքսիմ Բաբախանյանը, որը նախկինում մի ոստիկանի աչք էր հանել, ապա մեղադրվել մեկ այլ սպանության համար, Մուրադյանների սպանությունից հետո ինքնաձիգը ձեռքին պտտվել է դիակների շուրջը, ըստ ականատեսների՝ գոռալով. «Ժողովուրդ, ես փրկեցի ձեզ Նադրից ու Գրիգորից»: Դրանից հետո, հետեւել «Ֆիթիլի» օրինակին, դիմել է փախուստի: Մինչեւ 2006թ. հոկտեմբերի 8-ը Մաքսիմ Բաբախանյանը գտնվել է փախուստի մեջ: Նրան հայտնաբերել են Ուկրաինայում, ուղարկել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր գտնվում է մինչ օրս: Նա նախաքննության փուլում հաստատել է, որ ինքն է սպանել երեքին: «Չեմ բացառում, որ դատաքննության այս փուլում Մաքսիմին շնորհեն ՀՀ ազգային հերոսի կոչում, իսկ «Ֆիթիլին» էլ ղարաբաղյան շարժման ականավոր գործչի»,- ասում է տուժողի իրավահաջորդը, որը միայնակ է ներկայանում դատարան: «Գտնում եմ, որ այս աղմկահարույց գործը պետք է լսվեր Երեւանում, ոչ թե՝ Եղվարդում, որը բազմաթիվ թելերով կապված է ոճրագործների, նրանց հարազատների, ընկերների հետ, որոնք ամեն մեթոդի կդիմեն, որպեսզի դատավարությունն ընթանա իրենց նախանշած հունով»,- նշում է տուժողը:
Ի դեպ, ԱԺ ընտրություններից 4 օր հետո՝ մայիսի 16-ին կալանքից ազատվեց բանդայի անդամներից Էդիկ Բաբախանյանը՝ «Ֆիթիլը»: Զարմանալի զուգադիպությամբ, նույն օրը փոխվել է նաեւ Մաքսիմ Բաբախանյանի մեղադրանքի ծավալը: Նոր Գեղիում հաղթած կուսակցության եւ բանդայի տանիքի մասին խոսակցություններ էին պտտվում:
Դատական 4 նիստերի ժամանակ վկաներից շատերը փոխել են իրենց ցուցմունքները: 4 անձանց սպանողին (ամիսներ հետո Մոսկվայում սպանել են Նադրի փոքր եղբորը՝ Գեւորգին- Ռ. Մ.) օգնելու ակնհայտ դիտավորությամբ վկաները ցեխ են շպրտում զոհերի հիշատակի վրա: 83-ամյա որդեկորույս մայրը՝ Անահիտ Թորոսյանը, գրավոր կոչ է արել նախագահող դատավոր Յուրի Բաղդասարյանին՝ խստագույն միջոցներ ձեռք առնել այն վկաների նկատմամբ, որոնք ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ հասցրել են փոխել իրենց ցուցմունքները: «Իր բնատուր խելքի շնորհիվ Նադրը սովետական իշխանության տարիներին, այն էլ Մոսկվայում, կարողացել էր միլիոնատեր դառնալ: Մտնելով Հայ հեղափոխական դաշնակցության շարքերը, մինչ իր ողբերգական մահը, նա հսկայական նյութական եւ բարոյական օգնություն ցույց տվեց Ղարաբաղին: Նադրի փոքր եղբայրը՝ Գրիգորը, զբաղվում էր լիմոնադի արտադրությամբ, ուներ սպիտակեղենի արտադրամաս, կոմիսիոն խանութ: Մյուս եղբայրը՝ Գեւորգը, աշխատել է «Մարմարիկ» մոր եւ մանկան հանգստյան տանը՝ որպես տնօրենի տեղակալ, ապա «Շողակն» բյուրեղապակու արտադրամասում»,- ասում է Ն. Մնացականյանը:
Սպանության շարժառիթների մեջ նշվում էր այն, որ Մուրադյանները հսկայական կապիտալ էին ձեռք բերել, ընդունելի էին ազդեցիկ մարդկանց կողմից: Մի դեպքում նախանձը, մյուս դեպքում՝ տնտեսական ոլորտների բաժանումը ստիպեցին Բաբախանյաններին դիմել այդ քայլին:
Հ. Գ. Նադր Մուրադյանը մեծ կապեր է ունեցել Ռուսաստանի բիզնեսաշխարհի, հանցաշխարհի մարդկանց հետ: Նրա միջոցով «Սվոյ Ռաֆի»՝ Ռաֆայել Բաղդասարյանի դիակը 1993-ին տեղափոխվեց Հայաստան: