Ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հանրային հեռուստաընկերության աշխատանքում մի շարք խախտումներ է հայտնաբերել:
Այս տարվա փետրվարին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տեղեկատվություն տրամադրելուց հրաժարված Շիրակի մարզի 9 գյուղապետերի դատի տվեց: Սակայն դատարանում պարտվելուց հետո էլ գյուղապետերը համառորեն հրաժարվում են տրամադրել պահանջված տեղեկատվությունը: Բացի այդ, դատված գյուղապետերը «Ասպարեզին» չեն փոխհատուցում 130 հազար դրամի հասնող դատական ծախսերը:
Ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը գումարը ստանալու համար առաջիկայում պատրաստվում է դիմել դատական ակտերի հարկադիր կատարողների օգնությանը: Օրերս էլ Լ. Բարսեղյանը հայտնեց, որ պատրաստվում է նույն պատճառաբանությամբ պատասխանատվության ենթարկել Շիրակի եւս 29 համառ գյուղապետերի:
Ակումբը նաեւ ծրագրել է մոնիտորինգի ենթարկել «Հ1» հեռուստաընկերության մեկ տարվա բոլոր հաղորդումները: Ըստ Լ. Բարսեղյանի, դրանք կտեսագրվեն ու կենթարկվեն որակական ու ֆինանսատնտեսական վերլուծության. «Տեսնելու ենք, թե անկախ ընտրություններից, դրանք ի՞նչ են քարոզում, ո՞ւմ օգտին են, ո՞ւմ դեմ են: Ստուգելու ենք «Հ1»-ի աշխատանքը հատկապես այն առումով, թե ինչպես են կատարում «Գովազդի, հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքը: Օրինակ, Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքը ասում է, թե Հանրային հեռուստաընկերությունը կարող է իր եթերաժամից առավելագույնը 5%-ը հատկացնել առեւտրային գովազդի համար, սա նշանակում է ժամի երեք րոպեն, բայց դուք գիտե՞ք, թե ինչ է անում «Հ1»-ը մեր բոլորի գլխին: Օրենքը սահմանում է, որ իրենք գովազդը պիտի հեռարձակեն միայն հաղորդումներից առաջ կամ հետո, ոչ թե հաղորդումների մեջ: Բայց իրենք օրենքի պահանջը 7 տարի շարունակ խախտում են: 10 րոպե ֆիլմ ես դիտում, 15 րոպե գովազդ, դրա համա՞ր եմ ես հարկեր վճարում»: Ըստ Լ. Բարսեղյանի, նախորդ տարի, «Հ1»-ի հրապարակած տվյալներով, նրանց արտաբյուջետային եկամուտները կազմել են մոտավորապես 1, 2 միլիոն դոլար. «Սակայն մեր մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ 7-8 միլիոն դոլարի գումար՝ ստացված կոմերցիոն եկամուտներից, թաքցվել է: Ուզում ենք, որ հանրայինը լինի իսկական հանրային հեռուստաընկերություն»: Ակումբի նախագահը հավաստիացրեց, որ հաշվելու է հանրայինի գովազդի վայրկյանները, ուսումնասիրելու է գներն ու «Հ1»-ից պարբերաբար տեղեկատվություն է պահանջելու յուրաքանչյուր ծախսի՝ սկսած աշխատավարձերի, բենզինի, անգամ հեռախոսային խոսակցությունների մասին:
Տեղեկատվություն տրամադրելու հարցում Լ. Բարսեղյանը փոքր-ինչ առաջընթաց է նկատում Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքներում: Քաղաքապետարանն իր կայքում սկսել է տեղադրել ավագանու նիստերի արձանագրությունները: Չնայած դրան, կայքում մշտապես նշվում է, որ որոշումները կայացվել են միաձայն: «Էլի միաձայն, բայց չիմանա՞նք, թե քանի հոգուց քանիսն են մասնակցել. տվյալ որոշմանը կողմ են քվեարկել նիստին մասնակցած 15 հոգուց 15՞-ը, թե՞ 12-ից 12-ը: Վերջապես, քվորում ապահովվե՞լ է, թե`ոչ: Ո՞վ չգիտի, որ կան արտոնյալ ավագանու անդամներ, որոնք ընդհանրապես ավագանու նիստերին չեն մասնակցում, մարդ կա, որ անազատության մեջ է (խոսքը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու մասին է, որը եւս ավագանու անդամ է- Ն. Ա.), մարդ կա, որը սկզբունքորեն չի մասնակցում նիստերին, օրինակ՝ Վահան Գասպարյանը անցած տարվա 10 նիստերից միայն մեկին էր եկել»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:
Նշենք, որ գյումրեցիներն այնքան են հիասթափված իրենց ավագանուց, որ «Ասպարեզի»՝ վերջերս անցկացրած սոցհարցման ժամանակ հարցին, թե ո՞ւմ են ապագայում ուզում տեսնել որպես ավագանու անդամ, նրանք հեգնանքով պատասխանել են՝ Աբդուլա Գյուլին կամ Վլադիմիր Պուտինին: