Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"\"Կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ միջոցները, իսկ քաղաքապետարանը գործի է անցել

Վերելակների շահագործման կանոնների համաձայն, վերելակային պարկի շահագործման ժամկետը մինչեւ 25 տարի է: 2007 թվականի փետրվարի մեկի դրությամբ, մեր մայրաքաղաքում առկա է բազմահարկ շենքերը սպասարկող 4261 վերելակ, որից 354-ը չի աշխատում: Այսօր շահագործվող վերելակների մոտ 70 տոկոսը վաղուց սպառել է շահագործման նորմատիվային ռեսուրսները, քանի որ 1990-ականներին մայրաքաղաքի բազմահարկ բնակելի շենքերի վերելակները հիմնականում թալանվեցին, իսկ հետագայում որեւէ կարգի վերանորոգում չեղավ: Վերացան հեռակառավարման դիսպետչերական կետերը, ինչի հետեւանքով աշխատանքից զրկվեցին վերելակային տնտեսության փորձառու մասնագետները: Մինչեւ 1990-ականները վերելակների սպասարկումը եւ շահագործումը մայրաքաղաքում իրականացվում էր մոտ 1100 մասնագետի կողմից, իսկ այժմ նրանց թիվն ընդամենը 154-ն է: Ներկայումս ոչ միայն այդ ոլորտի մասնագետների խիստ պակաս կա, այլեւ անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով վերելակային ծառայությունների կողմից էականորեն կրճատվել են վերելակների կարգավորման աշխատանքները: Սարքավորումները հիմնականում չեն վերանորոգվում, իսկ որոշ դեպքերում անգամ շարքից դուրս եկած սարքավորումները նորերով չեն փոխարինվում: Ուստի, վերելակները երբեմն աշխատում են մինչեւ լիովին մաշվելը, ինչը հանգեցնում է վերելակի հարկադիր կանգառին, վտանգավոր շահագործմանը՝ հանգուցալուծումը ստացվում է աշխատանքի դադարեցմամբ:

Գիտակցելով, որ հարցն օրեցօր ավելի ու ավելի օրախնդիր է դառնում, Երեւանի քաղաքապետարանում վերջին տարիներին վերելակային տնտեսության վերանորոգման բիզնես-պլաններ էին կազմվում: Սակայն համապատասխան ֆինանսների բացակայությունը թույլ չէր տալիս դրանք կյանքի կոչել: Բայց, ինչպես ասում են՝ սառույցը շարժվեց եւ քաղաքապետարանում համոզված են, որ վերելակային տնտեսությունը կարգի բերելու համար տարեկեսին կառավարության տրամադրած 3 միլիարդ դրամը հնարավորություն կտա գործը սկսել ու վերանորոգման հիմնական աշխատանքներն իրականացնել: «Կարծում եմ, այս գործընթացը նաեւ շարունակություն կունենա: 3 մլրդ դրամն առայժմ բավարար է վերելակային պարկը թարմացնելու համար: Եթե գումարն ավելին լիներ, բնականաբար, ավելի մեծ թվով վերելակներ ամբողջովին կփոխեինք՝ առավելագույնս ապահովագրելով մեր քաղաքացիների անվտանգությունը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ կառավարության այս նախաձեռնությունը բոլորիս շահերից բխող եւ ուրախալի է»,- զրույցում ընդգծեց փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը:

Թաղապետարանների օգնությամբ ամբողջովին գույքագրվել է մայրաքաղաքի վերելակային տնտեսությունը: Ըստ այդմ՝ 2500 վերելակ նորոգման կարիք ունի: 34-ն ամբողջովին կփոխվի: Այդ աշխատանքները կիրականացվեն համապատասխան հանձնաժողովի օժանդակությամբ, որում ընդգրկված են համայնքների, համատիրությունների ղեկավարները, բնակիչներ: Երեւանի փոխքաղաքապետից տեղեկացանք նաեւ, թե հաշվի առնելով փաստը, որ մեր մայրաքաղաքում տեղադրված վերելակները խորհրդային նմուշի են, նպատակահարմար է գտնվել հենց այդ մոդելի սարքերի ներկրումը: Ուսումնասիրությունները հանգեցրել են նրան, որ պայմանագիր է կնքվել Բելառուսի Մոգիլյով քաղաքի վերելակաշինական գործարանի հետ: Չեն անտեսվել նաեւ հայաստանյան արտադրողները, որոնք, ինչպես խորհրդային տարիներին, այսօր էլ արտադրում են վերելակների մասեր: Վերանորոգման հիմնական աշխատանքները սկսելուց առաջ, օգտվելով բարենպաստ եղանակային պայմաններից, այժմ իրականացվում են վերելակների հորանների տեխնիկական հարկերի ծածկերի ջրամեկուսացման աշխատանքները: Այս տարվա 4-րդ եռամսյակում արդեն կներկրվեն 7 նոր վերելակ եւ անհրաժեշտ պահեստամասեր: Մնացյալը՝ կներկրվի եկող տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել