Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատվավոր քաղաքացու կոչմանն արժանի չեն»

Հոկտեմբեր 06,2007 00:00

Ըստ վանաձորցիների, քաղաքապետը Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչումը հիմնականում տալիս է նրանց, ումից կախում ունի:

Վերջերս Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը որոշում կայացրեց Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, Կիրովականի քաղսովետի նախագահ Լեւոն Խաչատրյանին եւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանին: Հարցը, քաղաքապետարանում լուծվող շատ հարցերի նման, ձեւականորեն դրվեց ավագանու նիստի քննարկմանն ու ձայների մեծամասնությամբ անցավ:

Այս որոշումը հարուցել է վանաձորցիների դժգոհությունը, քանի որ, ըստ նրանց, վերը նշված մարդկանցից ոչ մեկը, առավել եւս՝ Հենրիկ Քոչինյանը, Վանաձորի համար ոչինչ չի արել: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը, վանաձորցիների դիտարկմամբ՝ իր ողջ կյանքի ընթացքում Վանաձոր այցելել է հազիվ 3-4 անգամ, ուստի նրանք զարմանում են՝ «վարչապետն էդ մի քանի հանդիպումների ժամանակ ի՞նչ արեց, որ միանգամից դարձավ մեր քաղաքի պատվավոր անդամը: Մենք զգացել ենք՝ Դարբինյանը միշտ էդ կոչումներից մեկը պահում է վարչապետի աթոռին նստողի համար՝ ով ուզում է լինի: Դա շեֆին հաճոյանալու միջոց է»: Հիշեցնենք, որ Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչման էր արժանացել նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այն ժամանակ վանաձորցիները պարոն Մարգարյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն շատ նորմալ վերաբերվեցին, քանի որ, ըստ նրանց՝ «վարչապետը կռված մարդ է, բանակի կառուցման գործում կատարած աշխատանք ունի եւ արժանի էր, որ դառնար Վանաձորի պատվավոր քաղաքացի»:

Պատվավոր քաղաքացու մյուս թեկնածուին՝ Լեւոն Խաչատրյանին հիմնականում ճանաչում էին ավագ սերնդի վանաձորցիները եւ համեմատաբար ավելի դրական արտահայտվում նրա մասին: Ինչ վերաբերում է Հենրիկ Քոչինյանին, ըստ վանաձորցիների, նա Դարբինյանի հետ այս քաղաքն ու մարզը ավերելուց բացի՝ ուրիշ լավ գործ չեն արել: «Այդքան տարի ղեկավարել է՝ ոչ մի դրական փոփոխություն մարզում չի եղել: Ամբողջ մարզը խրվել էր կոռուպցիայի մեջ, բողոքելու կամ դժգոհելու տեղ չունեինք, բոլորն իրենց ձեռքում էր, քանի որ բոլոր ոլորտներում Քոչինյանի բարեկամներն ու խնամիներն էին: Կաշառակերությունը նրա օրոք այնքան է արմատավորվել, որ արդեն դժվար է արմատախիլ անել: Ծախված խողովակների ու անտառների գործից պրծավ, հիմա էլ երես ունի դուրս գալու եւ այդ կոչումը ստանալո՞ւ»,- դժգոհեց վանաձորցի նախկին ուսուցչուհիներից մեկը:

Այս կոչումների առնչությամբ դիմեցինք մարզից ընտրված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին: Վերջինս մեզ պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ընդհանրապես որեւէ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը պետք է որոշվի այդ բնակավայրի ժողովրդի կողմից անցկացված տեղական հանրաքվեի միջոցով: Դա լուրջ հարց է: Ես ընդհանրապես սկզբունքորեն կարծում եմ, որ պատվավոր քաղաքացի կամ պատվավոր գյուղացի կամ նման կարգի կոչումները, նախկին ստերեոտիպերով պայմանավորված, հնացած բաներ են: Այդ մոտեցումներից պետք է հրաժարվել: Հիմա Քոչինյանին գործից հանել են, հետո նրան պատվավոր քաղաքացու կոչում են տալիս ու ի՞նչ է լինում. խաթրն առնո՞ւմ են: Այսինքն՝ մոտեցումն է խոցելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել