Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՓՈՍՏՈՒՄ» ԿՐՔԵՐԸ ԼԱՐՎԱԾ ԵՆ

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"\"Տնօրինությունն աշխատակիցներից վրեժ է լուծում՝ նրանց աշխատանքից ազատելով

Երեկ Հայաստանի փոստային կապի առաջին օպերատոր «Հայփոստ» ընկերությունում նոր իրադարձություններ են եղել. ընկերության հոլանդացի սեփականատերերը աշխատանքից ազատել են 270 հայ աշխատակցի՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին: Կրճատված աշխատակիցները վաղ առավոտյան տնօրինության կողմից ծանուցագրեր են ստացել, ըստ որոնց՝ արդեն լրանում է ընկերության եւ նրանց միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը, եւ որ ընկերությունն այլեւս չի ուզում նոր պայմանագիր կնքել: Դա նշանակում է, որ հոկտեմբերի 15-ից այդ աշխատակիցները «Հայփոստում» այլեւս գործ չունեն:

«Հայփոստի» տնօրինությունը նման կտրուկ քայլերի է դիմում հատկապես այն բանից հետո, երբ աշխատակիցները սկսեցին ընկերությունում տիրող անօրինականությունների ու անարդարությունների մասին բողոքել:

Կրճատված շատ աշխատակիցներ հիմնադրման օրվանից աշխատել են «Հայփոստում», նրանք այնպիսի մասնագետներ են, որոնք հանրապետությունում եզակի են: Ուստի այն, որ իրենց տարիների մասնագիտական գիտելիքներն ու կատարած ներդրումներն ընկերությունը հիմա արհամարհում ու անտեսում է՝ խիստ վրդովվեցրել ու վիրավորել էր աշխատակիցներին: Նրանք երեկ հավաքվել էին «Հայփոստի» կենտրոնական մասնաշենքի մոտ ու բողոքի ակցիա էին անցկացնում:

«Մենք ընկերության կոմերցիոն բաժնում ենք աշխատում, «Հայփոստի» եկամուտների 1/3-րդը մեր բաժինն էր ապահովում: Ամսական 20 մլն դրամ շրջանառություն էինք ունենում: Մեզ կրճատում են ու չեն ասում՝ ինչի համար: Մենք ամբողջ հանրապետության տարածքում նամակներ, թերթեր էինք առաքում ու, փաստորեն, մեզ աշխատանքից ազատելով՝ թերթի առաքիչներ էլ չեն լինի՝ բաժինն էլ չի գործի»,- ասաց ընկերության արդեն նախկին աշխատակից Լիլիթ Գամազյանը: «Հայփոստի» կոմերցիոն բաժնում նախկինում աշխատող 13 մասնագետից մնացել է ընդամենը երկուսը: Նրանցից մեկը՝ Աննա Մանուկյանը, գիտակցելով, որ միայն 2 հոգով չեն կարող այդ հսկայածավալ աշխատանքն անել 13-ի փոխարեն, ինքնակամ դիմում է գրել ու մյուսների հետ ազատվել աշխատանքից: Լ. Գամազյանի խոսքերով՝ «Մեզ հանում են՝ բերում են իրենց ծանոթ- բարեկամներին, այն դեպքում, երբ մեզ հետ այստեղ պայմանագիր կնքելիս խիստ պայման էր դրված, որ նույն ազգանուններով աշխատողներ չլինեն, որպեսզի բացառվի միմյանց բարեկամ լինելու հանգամանքը: Օրինակ՝ ինֆորմացիոն հոսքերի կառավարման բաժնի պետ Աշոտ Ղազարյանն իր աղջկան ու էլի մի շարք բարեկամների է բերել այստեղ: Նա արդեն 3 քարտուղարուհի ունի: Եթե մի մեծ բաժնում 2 հոգի պետք է աշխատեն, նա այդ ի՞նչ է անում, որ 3 քարտուղարուհի պետք է ունենա»:

Հենրիկ Գեւորգյանը «Հայփոստ» էլեկտրոնային տարբերակի ծրագրի հեղինակն է: Նրա գործընկերների պատմելով՝ «Հայփոստի» ղեկավարներն առավոտյան մտել են նրա սենյակն ու ամենավերջին հանցագործի պես սենյակից լարել՝ ասելով, որ էլ էստեղ չես աշխատում»:

Տնօրինության «անմարդկային» վերաբերմունքից խիստ վիրավորված է նաեւ ընկերության աշխատակից Նելլի Պավլովնան: Նա «Հայփոստում» աշխատել է սկսած 1971-ից, ապրում է միայնակ, ոչ մի հարազատ չունի: Ն. Պավլովնան կապի ոլորտում բավականին բարձրակարգ մասնագետ է ու, բացի իր աշխատանքից՝ իրեն ուրիշ որեւէ տեղ չի պատկերացնում:

Ընկերության տնօրենները լրատվամիջոցներին բողոքելու համար վրեժ են լուծել իրենց աշխատակից Արեւհատ Գեւորգյանից՝ նրան նույնպես ազատելով աշխատանքից. «Երբ բողոքեցի, որ հոլանդացիները Հայաստանում թուրքական երկրորդ ջարդն են իրականացնում, ինձ փոխտնօրեն Քըրք Օդաբաշյանը կանչեց իր մոտ ու նախատեց՝ ասելով, որ քեզ աշխատելու մնացել է ընդամենը 15 օր, կամ ձենդ կտրի, կամ աշխատանքային գրքույկիդ մեջ ընենց բան կգրեմ, որ էլ ոչ մի տեղ քեզ գործի չեն ընդունի»: Արեւհատը «Հայփոստում» աշխատել է 20 տարի՝ տեղեկատվության բաժնում:

Կարինե Մարտիրոսյանի խոսքերով՝ «Մեզ կրճատում են, որ անգլերեն իմացող ջահել երեխաների բերեն, որոնք ոչ փորձ ունեն, ոչ մասնագիտական բավարար գիտելիքներ: Ի՞նչ է, ուզում են էս տարիքում մենք էլ անգլերեն սովորենք, որ մեր «Հայփոստի» նոր տնօրեն Հանս Բոոնի հետ կարողանանք անգլերե՞ն խոսել»:

Արհմիության նախագահ Սերգեյ Արզրումցյանի ներկայացմամբ էլ՝ «Գոնե մարդկանց աշխատանքից ազատեին՝ ինչ-որ թերացման համար, մինչդեռ տվյալ դեպքում նրանք ոչ մի թերացում իրենց աշխատանքում չեն ունեցել, գործազուրկ են դարձել՝ առանց որեւէ պատճառի: Կրճատված աշխատակիցների թվում կան հղիներ ու չունեւոր ընտանիքների հայրեր, որոնք գործազուրկ դառնալը շատ ծանր են տանում»:

Նշենք, որ ներկայումս «Հայփոստում» խիստ լարված մթնոլորտ է: Ղեկավար կազմից որեւէ մեկի մոտ հնարավոր է մտել միայն հատուկ թույլտվությամբ, այն էլ՝ միայն մոտիկների համար: Ցանկացած օտար մարդու առջեւ մուտքը փակ է: Ուստի երեկ երբ մենք էլ փորձեցինք զրուցել տնօրենի հետ եւ նրանից էլ պարզաբանումներ ստանալ՝ նրա անվտանգությունը պահպանողները հետ ուղարկեցին՝ ասելով, որ «մեզ մոտ խստացված ռեժիմ է եւ ոչ մի օտար մարդու ներս չենք թողնում»: Այսպիսի խստացված ռեժիմ «Հայփոստում» լինում է ցանկացած կրճատման ժամանակ: Այդ միջոցով տնօրենը հնարավորինս փորձում է պաշտպանվել վիրավորված ու բորբոքված նախկին աշխատակիցների հարձակումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել