Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարը ոլորտից տեղյակ չէ

Հոկտեմբեր 06,2007 00:00

«Առավոտը» մի քանի անգամ է առիթ ունեցել անդրադառնալու «Սեւան» ազգային պարկի կամ լճի մերձակա տարածքում սնկի պես արագ հայտնվող առանձնատների շինարարության խնդրին:

Օրեր առաջ օգտվելով պատեհ առիթից՝ մենք ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից փորձեցինք ճշտել՝ ովքե՞ր կամ ի՞նչ պաշտոններ զբաղեցնող մարդիկ են հիշյալ տարածքում ծառեր հատում եւ շինարարական հսկայածավալ աշխատանքներ իրականացնում: Նախարարը հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ պատճառաբանելով, թե անունները չի հիշում: Մինչդեռ լճի ափամերձ տարածքներում նախկինում կառուցվել եւ ներկայումս էլ կառուցվում են բազմաթիվ քոթեջներ, խորտկարաններ, ժամանցի վայրեր, եւ դրանք, ըստ հարակից գյուղերի բնակիչների, պատկանում են նախկին բնապահպանության նախարար, ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանին, ՀՀ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանին, պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանին, ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանին եւ այլոց: Նախարարը իր 100 օրվան նվիրված ասուլիսում ասաց, որ նախարարության կողմից ձեռնարկվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնց արդյունքում լճի ափամերձ տարածքներում կառուցված բազմաթիվ ապօրինի շինություններ ապամոնտաժվել եւ քանդվել են: Մեր հարցին, թե նախարարը կարո՞ղ է կոնկրետացնել, թե քանդված կամ ապամոնտաժված կառույցները ո՞ր օլիգարխին կամ պետական չինովնիկին էին պատկանում, Ա. Հարությունյանն ասաց, թե այս պահին չի կարող անուններ տալ, եւ նշեց, թե վարչապետի կողմից կա խիստ հանձնարարական, որպեսզի հետագայում նման շինություններ լճի տարածքում չկառուցվեն: Նախարարի ասուլիսից (սեպտեմբերի 28) մեկ օր առաջ Գեղարքունիքի մարզի Նորադուս գյուղի՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հատվածում շինարարական բուռն աշխատանքներ էին կատարվում: Փորձեցինք նախարարից ճշտել նաեւ, թե այդ նոր կառույցի մասին ինքը կամ նախարարությունից որեւէ մեկը տեղյա՞կ է: Նա նախ անակնկալի եկավ՝ ասելով, որ «դժվար թե այս օրերին ձեր մատնանշած տարածքում որեւէ մեկը համարձակվի շինարարական աշխատանքներ կատարել, քանի որ «Սեւան» ազգային պարկում շինարարական աշխատանքներ կատարելու գործը խիստ է դրված վարչապետի կողմից»: Նա միաժամանակ մեզ խորհուրդ տվեց Գեղարքունիքի մարզպետարանից պարզել, թե ում է պատկանում այդ շինությունը:

Մեր տեղեկություններով, նշված շինությունը պատկանում է ոստիկանության բարձրաստիճան գեներալի եւ մի օլիգարխի, ուստի՝ կարելի է ենթադրել, որ այն սույն երկու մարդկանց համատեղ օբյեկտ է լինելու: Բանն այն է, որ նման հսկայածավալ շինությունները կառուցելուց առաջ կառուցող կազմակերպությունները պետք է ստանան ինչպես մարզպետարանի, այնպես էլ քաղաքաշինության, սեյսմիկ ծառայության եւ, որ ամենաառաջնայինն է՝ բնապահպանության նախարարության թույլտվությունը: Այս շինությունն առնվազն 100 օր կառուցվում է եւ իր պաշտոնավարման 100 օրերի ընթացքում նախարարը պետք է որ տեղյակ լիներ դրա մասին՝ եթե ոչ տեղում լինելով, ապա գոնե իր հիմնարկի փաստաթղթերին տիրապետելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել