Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԴՐԱ ՄԵՋ ԷԻՆ»

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"\"Գալուստ Սահակյանը ոտքը դրեց «պատերազմի արահետ»

«Այս քաղաքական «պատերազմի» մեջ մենք խնդիր չունենք պատասխաններ տալու եւ ետ նայելու, որովհետեւ մենք ունենք ռեալ քաղաքական կապիտալ: Մեզ ոչ թե հետաքրքրում են քաղաքական ուժերի պրոգնոզները, թե ո՞վ է լինելու նախագահ, որովհետեւ մենք կարծում ենք, որ մենք լիովին այդ բազան ունենք, որպեսզի այդ հարցում կանխորոշիչ լինենք»,- այսպես գնահատեց ներկա քաղաքական իրավիճակը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ, «Փաստարկ» ակումբում: Սակայն ավելի ուշ նա, այնուամենայնիվ, խոստովանեց, որ ՀՀԿ-ն էլ է երբեմն մասնակցում այդ «քաղաքական պատերազմներին, ասեկոսեներին»: «Մենք երբեմն, երբ կոշտ մեղադրանքներ են լինում, պատասխանում ենք, բայց եթե մեղադրանքների դաշտ մտնենք, դա պարապ զբաղվածություն եմ համարում, կարող ենք դետալ առ դետալ բերել նայել, թե ինչ կորուստներ ենք ունեցել եւ ինչ պատճառներով»,- ասաց Գալուստ Սահակյանը, եւ մտնելով այդ «մեղադրանքների դաշտը»՝ սկսեց փնտրել կորուստները:

Քանի որ պարոն Սահակյանի բանավոր խոսքի ուրույն ոճը երբեմն տարընթերցումների տեղիք է տալիս, մենք առանց խմբագրելու կներկայացնենք նրա ասածը, որից ենթադրեցինք, որ նա պատասխանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթին, որում իշխող վարչակազմը մեղադրվում էր կոռումպացվածության եւ ղարաբաղյան հարցը սխալ ուղով տանելու մեջ. «Մենք միշտ հրապարակավ ասել ենք՝ անկախության գինը շատ ծանր է, անկախ նրանից՝ հարվածները ներսի՞ց են, թե՞ դրսից: Հիմա նորից շահարկվում է Ղարաբաղի հարցը: Մեղադրանքներ նախորդ իշխանություններին ղարաբաղյան հարցով, որը ընդունելի է մեզ համար, որովհետեւ մենք այն ժամանակ, քաղաքական այն իրավիճակում ՀՀԿ-ն պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ քաղաքական իրավիճակից ելնելով, բայց մեկ հարցադրում ենք ունեցել, դա Ղարաբաղի հարցն է եղել, եւ փոխվել է տեսակետը, բնականաբար, մեր պայմանավորվածությունն արդեն խախտվել է: Քաղաքական տեսակետով այն ժամանակ այդպես է եղել, բայց դա չի նշանակում, որ այսօր գտնվում ենք քաղաքական այդ իրավիճակում, եւ դա նաեւ չի նշանակում, որ կորուստների մեջ կա միայն այդ հարցը: Իհարկե, դա օրակարգում առաջինն է: Ես այսօր էլ հրապարակում ունեմ, որ մենք այդ տարիներին, առանց վերագրումների, իհարկե, եթե իշխանությունը ՀՀՇ-ինն էր, բնականաբար, պատասխանատվությունն էլ, իր բաժինը նաեւ ունի ՀՀՇ-ն, մենք միանգամից ոչնչացրեցինք մեր մտավորականությանը, նրանք դարձան կրպակավաճառներ, գնացին շուկաներ կանգնելու, եւ եթե մեր դպրոցի աքսիոմատիկ վիճակները չլիներ եւ ուսուցչի գաղափարախոսությունը չլիներ, մեր դպրոցն էլ կարող էր քանդվել, բայց ուսուցիչներն իրենց շատ փոքր, թերմացք աշխատավարձով կարողացան համակերպվել, գոնե կոնսերվացնել ոլորտը: Այսինքն, կորուստները շատ են: Ասում են՝ թալան, կոռուպցիա… Եվ հետաքրքիրն այն է, որ հաճախ այդ բաներն ասում են նրանք, ովքեր եղել են դրա մեջ, որդեգրում են ունեցել դրանում եւ հետո դատապարտում են կոռուպցիան»:

Մինչեւ վերջերս, քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ակտիվացել քաղաքական ասպարեզում, ով-ով, բայց Գալուստ Սահակյանը, իր ոճով ասած՝ չէր մտել նախորդ իշխանություններին քարկոծելու դաշտը: Երեկ, սակայն, նա, կարծես թե, ոտք դրեց «պատերազմի արահետին»: Ու բնական էր, որ «Առավոտը» հետաքրքրվեց՝ չլինի՞ ՀՀԿ-ն վախեցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվացումից, եթե անգամ Գալուստ Սահակյանն է փոխել իր վերաբերմունքը: ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Նորօրյա պայմաններում ամենամեծ կորուստներն ունեցել է Հանրապետական կուսակցությունը եւ չի վախեցել: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին չեք գտնի որեւէ դեպք, որ անձամբ ես մեր երկրի առաջին նախագահի անձի վերաբերյալ որոշակի բացասական բաներ ասեմ, ընդհակառակը՝ միշտ պաշտպանել եմ: Այլ բան է քաղաքական իրավիճակը, ազգի եւ պետության միասնական խնդիրները, այլ բան է մարդու նկատմամբ վերաբերմունքը: Յուրաքանչյուր մարդ, մանավանդ հայ տղամարդը սիրում է իր հորը, բայց երբեք իր հորը նախագահի թեկնածու չի առաջադրում: Ես քաղաքական պայմանների մասին եմ խոսում, անձերի մասին չեմ խոսում»:

Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց Գալուստ Սահակյանի երեկվա ամենախոշոր բացահայտումը տնտեսական բնույթի էր: Ըստ ՀՀԿ փոխնախագահի ունեցած տվյալների. «Մենք 2008-ի վերջերին ունենալու ենք բավականին առատ փող, բայց որովհետեւ այդ փորձը չունենք, շատ դժվարությամբ կկարողանանք փորձ ձեռք բերել այդ փողը ծախսելու համար: Այսօր արդեն Հայաստանը աշխատուժի կարիք ունի, եւ ես համոզված եմ, որ 2008-ին տարբեր երկրներից մարդիկ ենք հրավիրելու, որ կարողանանք այդ գումարները ծախսել: Կարողանալու ենք աշխատավարձերը բարձրացնել: Եթե դա ե՛ս եմ ասում, դա պիտի հավատի արժանանա: Իհարկե, մեր երկրում կոռուպցիա կա, բայց մենք ասում ենք կոռուպցիայի դեմ պայքարի բանալին գտել ենք, այն է՝ աղքատության վերացումը»: Այսքանից հետո չէինք կարող չճշտել՝ այսինքն՝ մինչեւ 2008-ը մեր երկրի գործազուրկների հարցը լրիվ լուծվելո՞ւ է, եւ ստիպված ուրիշ երկրների՞ց ենք աշխատուժ գտնելու: Նա պարզաբանեց. «2008-ի աշխատանքների համար աշխատուժի պակաս ունենք: Այսօր այն պահն է, որ մարդուն ասում են՝ օրական 5000 դրամով կաշխատե՞ս, չի համաձայնվում, ասում է՝ նպաստից կկտրեն, արդեն սովորել է, որ չաշխատի: 2009-ի վերջին մեր աղքատության ցուցանիշը կլինի 11,5-12%, իսկ ծայրահեղ աղքատությանը՝ 6%: Այս դեպքում մեր բյուջեն հնարավորություն կունենա սպասարկելու այդ 12%-ին»: Ստացվում է, որ մեր երկրում ոչ թե գործազուրկներն են շատ, այլ՝ բթամիտ ծույլերը, որոնք ամսական մի քանի հազար դրամ նպաստից չզրկվելու համար հրաժարվում են օրական 5000 դրամից:

Ի դեպ, եթե հավատանք պարոն Սահակյանի բերած թվերին, ապա շատ շուտով բյուջեի հետ մեկտեղ ավելանալու է հանրապետականների թիվը, քանի որ, ըստ բանախոսի, ՀՀԿ-ն ամեն օր 1000-ից ավելի կուսակցական տոմս է տպագրում՝ այնքան շատ են նժդեհյան գաղափարներով տոգորվածները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել