Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ

Հոկտեմբեր 06,2007 00:00

Օրերս ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ստրասբուրգում ԵԽ Նախարարների կոմիտեի Ագոյի դիտարկման հանձնախմբի անդամների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը կարեւորել է մասնավորապես «ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների եւ հարցուպատասխանի ամբողջական հեռարձակման հրամայականը»:

Երեկ էլ «Ժառանգությունը» հաղորդագրություն տարածեց՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչ հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ-ում իրենց կուսակցությունը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը: Հոկտեմբերի 1-ին նա Եվրոպական ժողովրդական կուսակցություն քաղաքական խմբի նիստում իր տեսակետներն է ներկայացրել Ադրբեջանի պատվիրակ Գյուլթաքին Հաջիեւայի «Միգրացիայի միջազգային կազմակերպության գործունեությունը» թեմայով զեկույցի վերաբերյալ: «Խմբի անունից զեկուցողի պարտականությունը ԵԺԿ-ի արժեքները առավելագույնս վերհանելն է, այլ ոչ թե ԼՂ խնդրի շուրջ հատվածական ու անհիմն տեղեկություններ «խցկելու» միջոցով միավորներ հավաքելը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգության» ղեկավարը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրել Նախիջեւանում Ջուղայի միջնադարյան գերեզմանատան խաչքարերի ավերման հետ կապված իրավիճակի վրա՝ ընդգծելով հետագա կտրուկ քայլերի անհրաժեշտությունը: Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկված «Հումանիտար ճգնաժամ Դարֆուրում» զեկույցի շուրջ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ու հայտարարել. «Հայոց ցեղասպանությունից, հայրենազրկումից մինչեւ հրեաների ողջակիզումը, Կամբոջայից եւ Ռվանդայից մինչեւ Դարֆուր՝ մարդ էակն ունի բացարձակ իրավունք՝ կյանքի, արժանապատվության, ինքնության ու հայրենիքի»:

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը Ստրասբուրգից մեկնել է Ռեյկյավիկ՝ որպես Հայաստանի պատվիրակության անդամ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել