Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեռանում է՝ մնալով- 2

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"\"Տիգրան Ուրիխանյանը տեղի տվեց

Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, այդուհանդերձ, տեղի է տվել: Եկող շաբաթվա ընթացքում նա պաշտոնապես կհրապարակի իր հրաժարականը կուսակցության նախագահի պաշտոնից, իսկ նոյեմբերի 3-ին կայանալիք կուսակցության համագումարը կընտրի նոր նախագահին: Այսօր կուսակցության գրասենյակի առջեւ հակաուրիխանյանական թեւը պատրաստվում էր հանրահավաք անցկացնել ու պահանջել արտահերթ համագումարի մասին որոշում, որտեղ պետք է հրապարակվեր Ուրիխանյանի հրաժարականը: «Առավոտի» տարակուսանքին՝ ո՞րն էր այս անակնկալ որոշման պատճառը, քանի որ ընդամենը օրեր առաջ Տ. Ուրիխանյանը բավականին մարտական էր տրամադրված եւ հայտարարում էր, որ կուսակցության ղեկը կթողնի միայն «մասսաների պահանջի դեպքում», ՀԱԿ, առայժմ, ղեկավարը ասաց. «Մասսաների պահանջը բուռն էր»: Միեւնույն ժամանակ նա տարակուսեց, թե ինչպե՞ս էր քաղաքապետարանը իր հակառակորդներին արտոնել այսօրվա հանրահավաքի անցկացումը՝ «ներկայացված կիսատ-պռատ փաստաթղթերով»:

Նոյեմբերի 3-ի համագումարում նա իր թեկնածությունը չի առաջադրելու՝ նորից կուսակցության ղեկը վերցնելու համար: Թե ինչո՞վ է զբաղվելու՝ Տիգրան Ուրիխանյանը դեռ չի որոշել: «Առայժմ ամենաերիտասարդ թոշակառուն կլինեմ»,- կատակում է նա: Բայց մի հարցում հաստատակամ է. «Ընդհուպ մինչեւ կյանքիս վտանգ սպառնա, անելու եմ ամեն ինչ, որ Հայաստանն ընտրի բացարձակ լեգիտիմությամբ նախագահ»: Այդ ընտրյալը, բնականաբար, լինելու է Սերժ Սարգսյանը: Հանրապետության առաջին նախագահին Ազատիչի նվիրյալը այլընտրանք չի համարում, քանի որ համոզված է, որ՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի նախագահի թեկնածու»:

ՀԱԿ նախագահի տեղակալ եւ Ուրիխանյանի ամենաակտիվ ընդդիմախոս Ռոբերտ Ասատրյանից հետաքրքրվեցինք՝ գո՞հ են Ուրիխանյանի որոշումից: Պարզվում է՝ ոչ միայն գոհ են, այլեւ դա իրենց հաղթանակն են համարում. «Հուսով ենք, որ վարչությունը եւ կուսակցությունը Տիգրան Ուրիխանյանի այդ քայլը ճիշտ կհասկանան եւ կընդունեն»: Կուսակցության ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես կստանձնի ինքը՝ Ռոբերտ Ասատրյանը, իսկ համագումարում հակաուրիխանյանական թեւը պաշտոնապես կառաջադրի նրա թեկնածությունը՝ կուսակցությունը ղեկավարելու համար: Ռ. Ասատրյանը հուսով է, որ Տ. Ուրիխանյանը նույնպես կառաջադրվի, եւ «հետաքրքիր պայքար կլինի»:

Մեր տեղեկություններով, կուսակցության վարչության մեկ այլ անդամ՝ Վլադիմիր Կոստանյանը, պատրաստվում է դիմել դատարան եւ այդ կարգով կուսակիցների հետ հարաբերությունները պարզել: Նրա ստորագրությունն առկա է Ուրիխանյանի դեմ հրապարակված բոլոր փաստաթղթերում, մինչդեռ նա պնդում է, որ ինքը Ուրիխանյանին կողմ է եւ նրա դեմ որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել