Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"\"Իրավապաշտպաններին այսպես է պաշտպանում Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը:

– Ազատ արձակվելուց հետո իր առաջին ասուլիսում Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ ինքը համոզվեց՝ մեր երկրում ամենաշատ գործ անողները լրագրողներն են, «Ինչը չեմ ասի քաղաքական գործիչների եւ իրավապաշտպանների մասին»: Դուք նրա կողքին էիք նստած, սակայն որեւէ կերպ չհակադարձեցիք այս կշտամբանքին: Սա նշանակում է, որ համաձա՞յն եք իրավապաշտպանների գործունեությանն այդ գնահատականին:

– Ոչ: Ես չհակադարձեցի, որովհետեւ կարծում եմ, թե Ալեքսանդր Արզումանյանը որպես կալանավոր կարողացել է բանտից տեսնել գոյություն ունեցող այսբերգի միայն վերջրյա մասը: Իսկ ստորջրյա մասն այն գործն է, որն անում են իրավապաշտպանները: Մամուլը, որպես կանոն, լուսաբանում է իրավապաշտպանների այդ գործերը՝ ի պաշտպանություն կազմակերպված ասուլիսները, քննարկումները, պիկետները եւ այլն:

– Դուք համաձա՞յն չեք Արզումանյանի խոսքում պարունակվող ակնարկին, թե իրավապաշտպանները այժմ ավելի շատ սահմանափակվում են հենց նման քննարկումներով եւ հայտարարություններով, քան իրականացնում են բողոքի հետեւողական գործողություններ:

– Իրավապաշտպանների հիմնական զենքերը հայտարարությունները, ասուլիսները, քննարկումները եւ զեկույցներն են: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք այլ զենք չունեն ողջ աշխարհում:

– Սեպտեմբերի 21-ին «Ազատություն Սեֆիլյանին, Մալխասյանին, Բաբաջանյանին» գրությամբ թերթիկները ձեռքին՝ նախագահական նստավայրի դիմաց ցույց էին անում Զարուհի Փոստանջյանը, Վարդգես Գասպարյանը եւ եւս 2 հոգի: Ինչպե՞ս է ստացվում, որ ընդամենը 4 հոգի են մասնակցում պիկետին՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

– Չեմ կարող ասել, թե ինչու էին ընդամենը 4-ը: Երեւի զուտ կազմակերպչական խնդիր է եղել: Բայց 4 հոգու արած պիկետը նույնպես պիկետ է եւ պակաս ազդեցիկ չէ:

– Սեպտեմբերի 25-ին, երբ վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ դատավճիռը, միայն «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ արձագանքեց կատարվածին: Ինչո՞ւ չեղավ որեւէ այլ արձագանք, երբ մասնավորապես Սեֆիլյանին դատապարտեցին ոչ նախնական մեղադրանքով՝ զինված հեղաշրջման կոչերի, այլ միայն ապօրինի զենքի համար, որով նրան պարգեւատրել էին ԼՂՀ-ում:

– Ո՛չ, այս կապակցությամբ եղել են բազմաթիվ արձագանքներ: Ուղղակի դուք անընդհատ ակնկալում եք միահամուռ արձագանք: Դատաքննության ավարտից ե՛ւ առաջ, ե՛ւ հետո տարբեր մարդիկ ու կազմակերպություններ հայտնել են մի ընդհանուր կարծիք, որն այսօր ես կրկնում եմ, թե այս գործը պատվիրված է, ունի քաղաքական բնույթ, եւ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը հալածանքի են ենթարկվում միմիայն իրենց քաղաքական հայացքների ու ծավալած հասարակական գործունեության համար:

– Մեկ այլ օրինակ: «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանը կալանավորված է մնում, թեեւ սեփական կամքով վերադարձավ Հայաստան՝ պատրաստակամություն հայտնելով պատասխան տալ դատարանի առջեւ: Ինչո՞ւ այս փաստին չհետեւեց իրավապաշտպանների համարժեք արձագանքը. չէ՞ որ սա ուղղակի խայտառակ փաստ է՝ միակ գործարարն է, որ համարձակություն է ունեցել մաքսային ծառայության դեմ ընդվզելու, եւ դրա համար պատասխան տվեց:

– Նախ՝ բազմահազարանոց կամ միահամուռ բողոքի ակցիաներն, իհարկե, ազդեցություն ունեցող բաներ են: Բայց եթե դրանք չեն արվում՝ դեռ չի նշանակում, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է իրավունքի պաշտպանության ոլորտում:

Հայաստանը մի երկիր է, որտեղ կան իրենց քաղաքական գործունեության համար հալածվող մարդիկ՝ Արման Բաբաջանյանից մինչեւ Ժիրայր Սեֆիլյան ու Վարդան Մալխասյան: Եվ փորձը ցույց է տալիս, որ նրանց կալանավորած ու դատապարտած իշխանությունները ոչ մի քայլ չեն նահանջում այդ մարդկանց ազատազրկման մեջ պահելու իրենց նախնական ծրագրից՝ ինչ ուզում է, փոխվի: Ուզում է՝ լրանա նրանց պատժի 1/3-ը, 2/3-րդը, ուզում է՝ նույնիսկ դատարանը նրանց արդարացնի, միեւնույն է՝ նրանք պետք է հետապնդվեն: Այս նույն համատեքստում է պետք դիտարկել «Ռոյալ Արմենիայի» գործը: Այդ ընկերության սեփականատերերն, իհարկե, չեն զբաղվել քաղաքական ու հասարակական գործունեությամբ: Բայց նույնիսկ տնտեսության մեջ, եթե մարդը փորձում է իր ուրույն տեղը գտնել եւ ասել, թե չի ենթարկվելու թելադրված խաղի կանոններին, այլ գործելու է միայն օրենքի դաշտում՝ նա էլ է ենթարկվում այն բոլոր հալածանքներին, որոնց կենթարկվեր, եթե լիներ քաղաքական այլախոհ: Այսինքն՝ իշխանությունների համար աշխարհը բաժանվում է յուրայինների ու օտարների, եւ ցանկացա՛ծ բնագավառում գործող բոլոր այն անձինք, ովքեր իրենց հետ չեն կամ կփորձեն իրենց հետ չլինել՝ անպայման կհայտնվեն բանտում կամ կենթարկվեն այլ հալածանքների:

– Դուք իշխանությունների վերաբերմունքի մասին եք խոսում, ես՝ այլ երեւույթի, որ այդ մարդկանց, ասենք, «Ռոյալ Արմենիայի» սեփականատիրոջն արդարացրած դատավոր Պարգեւ Օհանյանի կողքին, որը նույնպես ենթարկվում է հետապնդումների, կանգնած չեն իրավապաշտպանները:

– Ձեր նշած իրավիճակը հենց իշխանությունների վերաբերմունքից է բխում: Ինչքան ավտորիտար է երկիրը՝ այնքան դժվար է այդ երկրում իրավապաշտպանություն իրականացնելը: Սովետական Միությունում պաշտպանության բազմահազարանոց միտինգներ չէին լինում, ոչ էլ այսօր՝ Իրանում կամ Թուրքմենիայում, բայց կային եւ կան փայլուն իրավապաշտպաններ: Սա է մեր իրականությունը:

Մարդիկ պաշտպանում են այնքան, ինչքան կարող են, իսկ որոշ դեպքերում այնքան, ինչքան հարկ են համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել