Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԴԻԿԻ ԴԻՆ 3 ՏԱՐԻ Է ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"\"Նա Վարդանյանների միջընտանեկան «ռազբորկաների» առաջին զոհն էր

«Առավոտը» բազմաթիվ անգամ է անդրադարձել «Քաղցրիկ» մականունով Աշոտ Վարդանյանի եւ նրա հորեղբոր որդու՝ Գագիկ Վարդանյանի միջեւ համատեղ բիզնեսը կիսելու արդյունքում ծայր առած միջընտանեկան խորը թշնամանքին եւ դրա ողբերգական հետեւանքներին: Հիշեցնենք, որ հե՛նց այդ թշնամանքի եւ Վարդանյանների ընտանիքի անդամների միջեւ փոխադարձ հաշիվներ պարզելու արդյունքում 2004թ.-ից ի վեր զոհ են դարձել արդեն 6 հոգի, այդ թվում՝ Գ. Վարդանյանի որդու՝ Ստեփան Վարդանյանի ընկերը՝ Էդիկ Նիկողոսյանը, որի դին արդեն երրորդ տարին է, որ իրավապահները չեն կարողանում հայտնաբերել, ինքը՝ Աշոտ Վարդանյանը, Գագիկ Վարդանյանի որդին՝ Ստեփան Վարդանյանը, նաեւ Աշոտ Վարդանյանի որդին՝ Արտավազդ Վարդանյանը, նրա աներորդին՝ Վարդան Մելիքյանն ու Արտավազդի վարորդը՝ Գրիգոր Ստեփանյանը: Ու քանի որ հայրենի իրավապահները եկել էին այն եզրակացության, որ այդ թշնամանքին եւ հետագա ողբերգություններին վերջ տալու, ինչպես նաեւ տեղի ունեցած սպանությունները բացահայտելու միակ տրամաբանական ձեւը այդ բոլոր հանցագործությունների համատեղ դիտարկումն է, ուստի՝ այս տարվա հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների եւ ՀՀ գլխավոր դատախազության համատեղ օպերատիվ խորհրդակցության արդյունքում որոշում էր կայացվել մեկ քրգործի մեջ միավորել Վարդանյանների ընտանիքների վեճի արդյունքում տեղի ունեցած հանցագործությունների առթիվ հարուցված թվով 5 քրգործերը: Դրանցից մեկը ժամանակին հարուցվել էր Էդիկ Նիկողոսյանի անհետանալու կապակցությամբ: Դա տեղի էր ունեցել ուղիղ երեք տարի առաջ՝ 2004թ. հոկտեմբերի 5-ին: Այդ չարաբաստիկ օրը, գիշերը, Էդիկին զանգել էր նրա մի քանի օրվա ծանոթ, «Նապ» մականունով Կարեն Գեւորգյանը, որը Աշոտ Վարդանյանի տղաների ընկերն էր, եւ դուրս էր կանչել: Հետագայում Էդ. Նիկողոսյանի անհետացման փաստի առնչությամբ սկսված նախաքննության ձեռք բերած տվյալներով եւ առկա ցուցմունքի հիման վրա հաստատվել էր, որ այդ գիշեր Կ. Գեւորգյանը Էդ. Նիկողոսյանի հետ միասին տաքսի են նստել եւ ուղեւորվել 15-րդ թաղամաս: Դրանից հետո Էդիկին ոչ ոք այլեւս չէր տեսել: Իսկ դեպքի հաջորդ օրը երեկոյան եւեթ Կ. Գեւորգյանը Երեւան-Մոսկվա չվերթով բարձրաստիճան ոստիկան եւ Աշոտ Վարդանյանի ընտանիքի մտերիմ Մայիս Անտոնյանի օգնությամբ ձեռք բերված կեղծ փաստաթղթերով Հայաստանից ուղղակի «թռել» էր: Ընդ որում, նրա ծնողները իրավապահներին տված ցուցմունքում ասել էին, որ այդ օրն ինքն անընդհատ կրկնել է մի բան՝ «ինչի՞ Էդիկին տարա, գցեցի դրանց ձեռքը»: Պարզվել էր նաեւ, որ «դրանց» ասելով «Նապը» նկատի էր ունեցել Արտավազդ ու Արթուր Վարդանյաններին: Ավելին, ինչպես փոխանցեց մեզ Էդիկի հայրը՝ Գագիկ Նիկողոսյանը, քննությամբ պարզվել էր նաեւ, որ Կ. Գեւորգյանն իր բջջային հեռախոսով ամեն անգամ Էդիկին զանգելուց առաջ եւ հետո բավականին երկար խոսել էր Արտավազդ Վարդանյանի հետ, իսկ հոկտեմբերի 5-ին՝ Էդիկի անհետանալու օրը, Արտավազդ եւ Արթուր Վարդանյաններն ու նրանց վարորդը տանը չեն եղել: Փաստերի ճնշման տակ հիշյալ երեքին բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ Վարդանյանները խոստովանել էին, որ իրենք են «Նապ» մականունով Կարենին Մոսկվա ուղարկել: Հե՛նց այստեղ էլ Էդ. Նիկողոսյանի անհետացման գործի քննությունը փակուղի էր մտել, որովհետեւ նրանք շատ շուտով բարձրաստիճան ոստիկաններ Մայիս Անտոնյանի, Աշոտ Միրիջանյանի ու նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի ակտիվ ջանքերով մեկուսարանից ազատ էին արձակվել, իսկ գործի քննությունն էլ տեղափոխվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին:

Էդիկի հայրը ե՛ւ 2004-ին, ե՛ւ հիմա համոզված է, որ իր որդուն սպանել ու դիակը թաքցրել են «Քաղցրիկի Աշոտն» ու նրա որդիները, որոնցից մեկը այս տարվա հուլիսի 7-ին սպանված Արտավազդ Վարդանյանն է:

Գ. Նիկողոսյանը թվով 5 քրգործերը միավորելու փաստով սկզբնական շրջանում ոգեւորված էր ու հույս ուներ, որ դրանց բացահայտմանը զուգահեռ կբացահայտվի նաեւ իր որդու սպանությունը: Նրա լավատեսությունը պայմանավորված էր նրանով, որ այն քննիչները, ովքեր ժամանակին հովանավորում էին այդ հանցագործությունների կոծկումը, հիշյալ գործերին այլեւս չեն առնչվում: Սակայն երեկ մեզ հետ զրույցի ժամանակ նա արդեն այնքան լավատես չէր, որքան առաջ, երբ պնդում էր, որ եթե համատեղ քննությունը 10 օրվա ընթացքում բացահայտումներ չանի, կարելի է այլեւս հույս չունենալ, թե երբեւէ կբացահայտի:

Փոխարենը նման հույսեր ունի միավորված գործերը քննող՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչ Արսեն Այվազյանը: Երեկ մեր այն հարցին, թե՝ ի՞նչ փուլում է նախաքննությունը, Ա. Այվազյանը վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը՝ ձեռնպահ մնաց մանրամասներ հայտնելուց, բայց հույս հայտնեց, թե կատարված հանցագործությունները բացահայտվելու են՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում իրենց աշխատանքն անիմաստ կլիներ: Նա ասաց, որ կան կալանավորվածներ, բայց թե 5 հանցագործություններից կոնկրետ ո՞ր մեկի շրջանակներում՝ չմանրամասնեց: Փոխարենը Գ. Նիկողոսյանը մեզ ասաց, որ կալանավորված երեք հոգին իր որդու ընկերոջ՝ Գագիկ Վարդանյանի տղայի, իսկ ավելի կոնկրետ՝ «Բոլերո» սաունայի սպանված սեփականատեր Ստեփանի կողմնակիցներն են: Նա պնդեց, որ կասկածում է իրավապահների պաշտոնական հայտարարություններին, թե Աշոտ Վարդանյանի տղան՝ Արթուրը, «Նապը» իրականում հետախուզվում են: Ըստ նրա, իր որդու անհետացման եւ սպանության բացահայտմանը խոչընդոտող բարձրաստիճան ոստիկաններ այդ համակարգում, այնուամենայնիվ, դեռ կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել