Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 05,2007 00:00

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՑՆՑԵՑ ՔԱՂԱՔԸ

Սեպտեմբերի 25-ին Բաթումում վայրագ սպանություն տեղի ունեցավ, որը ցնցեց բոլորին: Դիանա Մանուկյանին, որի 18-ամյակը լրացավ նախօրեին, գտել են ծովափին՝ բռնաբարված, քարկոծված եւ այլանդակված:Գերազանց ավարտելով դպրոցը, Դիանան ընդունվել է Շ. Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարանը: Սակայն ֆինանսական պատճառով նա ստիպված էր քոլեջ փոխադրվել: Այն չարաբաստիկ օրը առաջին կուրսեցիները, այդ թվում նաեւ Դիանան, նշում էին ուսումնական տարվա սկիզբը:Տվյալ գործով ձերբակալվել է Իրակլի Սուրմանիձեն, որը նույն քոլեջի ուսանող է եւ գողության համար 2006-ին դատապարտվել է: Բայց դատարանը, հաշվի առնելով նրա անչափահաս լինելը, չի կալանավորել, տվել է փորձաշրջան: Հայ առաքելական Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական խորհուրդը դատապարտում է այս սարսափելի հանցագործությունը եւ հույս հայտնում, որ մեղավորը արժանի պատիժ կկրի: Ծխական խորհուրդը հետեւելու է հետաքննության ընթացքին:

2 ՄԱՀ՝ ՏԵՂՈՒՄ

Ըստ ՀՀ փրկարար ծառայության, հոկտեմբերի 3-ին, ժամը 22.20-ին, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի 10ՍՕ297 համարանիշով ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի 05 ՏՍ 286 համարանիշով բեռնատար ավտոմեքենային, որի հետեւանքով «Մերսեդեսի» վարորդ՝ 47-ամյա Քերոբ Մարտիրոսյանը եւ ուղեւոր՝ 55-ամյա Վրեժ Մկրտչյանը տեղում մահացել են, իսկ ուղեւորներ՝ 28-ամյա Աննա եւ 55-ամյա Մարգուշ Մարտիրոսյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Մասիսի հիվանդանոց, իսկ այնուհետեւ՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

ՄԵՔԵՆԱՆ՝ ԳԵՏՈՒՄ

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «ԳԱԶ-24» մակնիշի 36ԼՕ297 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվելով 130-150 մետր՝ ընկել Փամբակ գետը: 46-ամյա ուղեւորը՝ Լյովա Օհանյանը տեղում մահացել է, իսկ վարորդը՝ 58-ամյա Վաչիկ Շահինյանը եւ մյուս ուղեւորը՝ 26-ամյա Արկադի Ասուլյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՈՍՏԻԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում բացահայտվել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի հերթապահ աշխատող, կապիտան Ա. Չիլինգարյանի գործը: Վերջինս ձերբակալվել է հոկտեմբերի 2-ին: Ա. Չիլինգարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են՝ թմրամիջոց հանդիսացող «տրամադոլ» (50մգ) տեսակի 37 դեղահատ, 80 մլ ծավալով պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ, ինչպես նաեւ «նալտրեկսոն» (ՖՎ 50 մգ) տեսակի 60 դեղահատ: Ոստիկանը կասկածվում է ապօրինաբար թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, թմրամիջոց պատրաստելու համար պրեկուրսոր ձեռք բերելու, պահելու, իրացնելու, ինչպես նաեւ առանց բժշկի թույլտվության թմրամիջոց գործածելու մեջ:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել