Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 05,2007 00:00

Երկու պարտքի տերը

Հետպատերազմյան բորենու ահը գիշերվա մեջ տարածվում էր անլույս գյուղի վրա, եւ մութի մեջ կուչ եկած տները թվում էին մարած-անկենդան՝ անհաղորդ կյանքի շնչին: Բայց դա միայն թվում էր, քանի որ ականջալուրը հստակ լսում էր հեքիաթասաց Արշոյի արտառոց պատմությունները անցած-գնացած ժամանակների մասին, եւ օդայում հավաքված տղամարդիկ ու երեխաները լարվածությունից ձգվում էին դեպի Ասացողը, որ ոչ մի բառ չվրիպեն: Չկար հեռուստացույց, չկար ռադիո, էլեկտրականություն չկար ընդհանրապես: Չկար ոչինչ: Բայց կար ասացող Արշոն, որ պատմում էր հին, մոռացված հերոսների ու աստվածների մասին, որոնց պատվին հավատացյալները զոհեր էին մատուցում եւ գանձեր նվիրաբերում՝ նրանց բարեհաճությունը շահելու: Պատմում էր ու ասում՝ հին աստվածները մոռացվեցին, մահացան, որովհետեւ անկաշառ չէին՝ նվերներ էին ընդունում: Դրա համար էլ աշխարհում մնացել է միայն մեկ Աստված՝ Հայր Աստվածը, որն անկաշառ է, ինչպես մահն է անկաշառ, եւ անկաշառ իշխանավորն է, որին ժողովուրդը հռչակում, պաշտում է՝ որպես հերոսի, եւ նա մեր հիշողության մեջ անմահ է, եւ նա է, որ պետք է նստի Աստծո սեղանին:Մանկությանս այդ տարիներին էր, թերեւս, որ ես Ասացողից լսեցի Նոյ նահապետի մասին լեգենդը. երբ ջուրը բարձրանում է ու տապանը հայտնվում է ջրերի վրա, լողալով մի մարդ է մոտենում տապանին ու խնդրում է Նոյին, որ փրկի իրեն՝ ասելով. հիշո՞ւմ ես Նոյ, երբ դու կարիքի մեջ էիր, ինձնից օգնություն խնդրեցիր, ես քեզ օգնեցի: Հիմա օգնի՛ր ինձ, խնդրում եմ: Նոյը իր զավակներին ասում է, որ խեղդվողին բարձրացնեն տապան: Մոտենում է երկրորդը եւ ասում՝ հիշո՞ւմ ես, Նո՛յ, ընտանիքս նեղն էր, ես քեզանից երկու պարկ ցորեն խնդրեցի, եւ դու տվեցիր, հիմա էլ օգնի՛ր, խնդրում եմ: Նոյը նորից է որդիներին ասում, որ խնդրողին բարձրացնեն տապան: Նոյի զավակները դժգոհում են՝ Հա՛յր, առաջինին փրկեցիր, հասկանալի էր, ինչո՞ւ ես այս մարդուն փրկում, որին դու ես օգնել: Առաջինը հոգու պարտք էր,- պատասխանում է Նոյը,- երկրորդը՝ ցորենի պարտք: Երկուսի տերն էլ ես եմ: Այս հոգու եւ իրերի աշխարհում Աստված, փրկելով մեզ, ինձ չի արգելել ուրիշին փրկել, նույնիսկ նրանց, ովքեր ծիծաղում էին ինձ վրա, երբ ես ձեզ հետ միասին տապան էի կառուցում: Իմ հեռավոր մանկության անլույս գիշերներին լսած Արշո Ասացողի այս պատմությունը հիշեցի վերջերս՝ հետեւելով մեզանում ընթացող նախանախընտրական քարոզչությանը: Եվ զգացի, թե ինչքա՜ն անհրաժեշտ է այսօրվա մեր քաղաքական գործիչներին եւ վաղվա մեր նախագահին Նոյի հռչակած երկու պարտքին տեր կանգնելը: Քանի որ ով քեզ պարտք է, քոնն է, իսկ ում դու ես պարտք, առավել է քոնը, որին դու պետք է դեռ վերադարձնես: Այսինքն, թե՝ ընթանաս այն ճանապարհով, որը քեզ կտանի Ասացողի խոստացած Աստծո սեղանին:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել