Սպորտը անչափահաս կալանավորներին օգնում է իրենց հասարակության լիիրավ անդամ զգալ:
Հոկտեմբերի 4-ին «Էրեբունի» մարզադաշտում տեղի ունեցավ առանձնահատուկ ֆուտբոլային հանդիպում, որը էականորեն տարբերվում է սովորաբար անցկացվողներից: Մարզիկները տարբեր հանցագործություններ կատարելու համար ազատազրկման դատապարտված անձինք էին:
Այս աննախադեպ միջոցառումների սկիզբը դրվել է օգոստոս ամսին, երբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անչափահաս դատապարտյալները, ՀՀ արդարադատության նախարարի աջակցությամբ եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ղեկավարությամբ, ֆուտբոլ խաղացին, որն ավարտվեց 8:7 հաշվով՝ կարմիր համազգեստով ներկայացած թիմի հաղթանակով: Այդ յուրօրինակ ֆուտբոլային խաղը ոգեւորեց ինչպես դատապարտյալներին, այնպես էլ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ղեկավարությանը:
Այժմ միջոցառումն ունի մրցաշարի կարգավիճակ, եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներից կազմված թիմերը պարբերաբար մրցում են միմյանց հետ՝ սպորտային միջոցառման կանոններով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի հավաստմամբ, միջոցառումը նպաստում է մասնակիցների մտավոր եւ ֆիզիկական կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ դրական ազդեցություն է ունենում դատապարտյալի ուղղման գործում: Արսեն Բաբայանը տեղեկացրեց նաեւ, որ մրցաշարն ավարտվելու է եզրափակիչ խաղով, որի ավարտից հետո լավագույն մասնակիցը խրախուսվելու է կարճաժամկետ արձակուրդով:
Երեկ կայացած հերթական հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱՆ «Էրեբունի» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների թիմերը: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ «Էրեբունի» թիմի: Պայքարն ընթացավ պրոֆեսիոնալ հանդիպումներից չտարբերվող ոգեւորությամբ, որն ուղեկցվում էր երկրպագուների ծափողջույններով, պաստառներով, թմբուկներով եւ ոգեւորելու նպատակով աղմուկ բարձրացնող այլ գործիքներով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանի խոսքերով, սպորտը ազնվացնում է մարդուն, եւ ինքը դրանում համոզվում է՝ դատապարտյալների խաղին հետեւելով, որին վերջիններս մեծ ոգեւորությամբ ու անհամբերությամբ սպասում են: «Դատապարտյալն իրեն հասարակության լիիրավ անդամ է համարում՝ մասնակցելով նմանատիպ միջոցառումների: Դրանք իրենց դրական ազդեցությունն են թողնում ուղղվելու եւ պատասխանատվության զգացումն ավելացնելու գործում»,- համոզված է վարչության պետը: