Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի սխալները

Հոկտեմբեր 05,2007 00:00

Դրանք, հիմնականում, երեքն են

Մանավանդ վերջերս ինձ շատ են դիմում էդ հարցով. «Լավ, բայց չէ՞ որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ սխալներ ուներ»: Իհարկե, պատասխանում եմ ես: Բայց քանի որ այդ հարցը գնալով ավելի ու ավելի շատերն են տալիս, պատասխանեմ հրապարակավ, որպեսզի հանկարծ մեկն ու մեկը չմտածի, թե ամեն մեկն առանձնահատուկ պատասխան է ստանում՝ սոսկ իրեն բավարարող:

Առաջին սխալը. նա խախտեց դարերի ու հազարամյակների սրբացած ավանդույթը՝ չպայքարել, տալ, պարտվել:

Մեր ազգային-ավանդական-պահպանողական միտքը դա չի ների եւ չի էլ կարող ներել: Ոնց թե՝ երբ պետք էր հարմարվել՝ պայքարեցին, երբ պետք էր տալ՝ վերցրեցին, երբ պետք էր պարտվել, որպեսզի դա որպես բարոյական հերթական հաղթանակ ներկայացվեր՝ հաղթեցին: Ինչպե՞ս կարելի էր խախտել արդեն համարյա թե սրբացած ավանդույթները. մի 20 դար, ուրեմն, էդպիսի բան չէր եղել. անգամ երբ կարող էինք հաղթել՝ պարտվել ենք, ուզել են-չեն ուզել՝ տվել ենք, կարող էինք մի փոքր, թեկուզեւ՝ ձեւի համար, ընդվզել՝ հարմարվել ու համակերպվել-տրվել ենք: Պարբերաբար: Ու հանկարծ… Էս, ուրեմն, առաջին կոպիտ սխալը:

Երկրորդը. անգամ նվաճողական պատերազմների ժամանակ, որոնք մղվում են երկրի սահմաններից շատ ու շատ հեռու՝ երկիրը, ու հատկապես նրա մայրաքաղաքը, զգում են պատերազմի շունչը, ապրում դրանով: Այլ կերպ՝ անհնարին է: Երբ Ալեքսանդր Մեծը Հնդկաստանում էր պատերազմում՝ իր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, երկիրն էլ, մայրաքաղաքն էլ ապրում էին այդ պատերազմով: Լեւոն Տեր-Պետրոսյանը գերմարդկային ջանքեր թափեց, որ Երեւանը չզգա պատերազմը: Ու

Երեւանը, բացի մեկ-մեկ Ազատության հրապարակից ու Եռաբլուրից, չզգաց այն: Հայաստանի ոչ սահմանամերձ գոտիները՝ եւս: Սահմանամերձն էլ՝ հնարավորինս քիչ: Ու, նաեւ այդ պատճառով՝ հավուր պատշաճի չգնահատվեց ՀԱՂԹԱՆԱԿԸ:

Եվ՝ երրորդ սխալը. կառավարման տոտալիտար համակարգը կտրուկ դեմոկրատականի վերափոխեց: Ինչի՞ն էր պետք՝ մի հարցնող լինի: Էդ էլ հերիք չէր՝ տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ դարձրեց Հայաստանը: Որ ի՞նչ: Մեր պապե՞րն էին ժողովրդավարությունից մեռել, թե՞ նրանց պապերը: Նորմալ՝ հարմարվող, ամեն ինչի մեղքը իրենից դուրս փնտրող ու գտնող, ուրիշի որոշածը ու կարգադրությունը կատարելուն սովոր ժողովրդին չի կարելի մտածել, որոշումներ կայացնել, պատասխանատվություն ստանձնել պարտադրել: Չի կարելի: Էդ խի՞ Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, էն ժամանակվա Վրաստանը ու մնացածները պակա՞ս «պոստսովետական էին»… Բայց նրանք՝ չսխալվեցին: Իսկ մե՞նք… Խնդրեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել