Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 ՀԶՈՐ ԳՐԱԴԱՐԱՆ՝ 30 ԽԵՂՃՈՒԿՐԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

Հոկտեմբեր 05,2007 00:00

\"\"Մայրաքաղաքի համար երազում է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ արդեն չորրորդ անգամ հոկտեմբերի 7-ը կնշվի որպես Գրադարանավարի օր: Ցավոք, մեր հանրապետությունում գրադարանները ժողովրդի մոտ ընկալվում են միայն գիրք վերցնելու ու հանձնելու վայր: «Առավոտի» հետ զրույցում Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն ասաց. «Աշխարհում հանրային գրադարանները հասարակության համար ամենամատչելի ու բաց տեղեկատվական կենտրոններն են, որոնք գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այսօր տեղեկատվություն ստանալու մարդու իրավունքը Հայաստանում ոտնահարվում է ոչ վճարունակ լինելու պատճառով: Ցածր կենսամակարդակը շատերին հնարավորություն չի տալիս տեղեկատվական ծովից քաղել իր համար անհրաժեշտը, էլ չենք խոսում «թանկ» տեղեկատվության մասին: Այդ իմաստով ամենամատչելի կառույցները գրադարաններն են: Ահա թե ինչու՝ կողմ եմ, որ դրանք կոչվեն տեղեկատվական կենտրոններ: Մեզանում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն գրադարանները, որոնք տեխնիկապես հագեցած են եւ ունեն գրականության համալրման հնարավորություն»: Տիկին Կարապետյանը համակարծիք լինելով մեր այն դիտարկմանը, թե ընթերցասիրությունը գնալով նվազում է, հայտնեց. «Շուրջ երեք ամիս առաջ ռուսական «Բիբլիոտեկա» ամսագրում կարդացի մի հոդված, որը վերնագրված էր «Ընթերցանության աջակցման եւ զարգացման ազգային ծրագիր»: Ռուսաստանի նման հզոր պետությունը, փաստորեն, վերջերս ընդունելով այդ ծրագիրը, ձեռնամուխ է եղել մասնագիտացված գրադարանների կառուցմանը, եղած գրադարանային շենքերի կապիտալ նորոգմանը, գրահրատարակչությանը պետական աջակցություն ցուցաբերելուն եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը: Այդ ծրագիրը դարձնելով մեր ուսումնասիրության նյութ ու ստեղծելով հանրային գրադարանների տնօրենների խորհուրդ, շատ շուտով կփորձենք մեր սեփական նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության ուշադրությանը»:

Տնօրենին փոխանցեցինք տարածված այն կարծիքը, որ Երեւան քաղաքին անհրաժեշտ է ընդամենը մեկ ընդարձակ գրադարան, այնպիսին, ինչպիսին, օրինակ, ԱՄՆ կոնգրեսի գրադարանն է Վաշինգթոնում, որն աշխարհում իր մեծությամբ երկրորդն է, այնտեղ կատարվում են նաեւ պետական մակարդակով ընդունելություններ եւ այլն: Այս առիթով էլ Հ. Կարապետյանն ասաց. «Երազանքս է Երեւանում տեսնել ոչ թե մեկ, այլ տասը հզոր հանրային գրադարան՝ 30 խեղճուկրակի փոխարեն: Ինչո՞ւ տասը, որպեսզի Երեւանի յուրաքանչյուր համայնք ունենա իր գրադարանը: Այստեղ մի մտավախություն ունեմ. շենքերը կվաճառվեն եւ ստացված գումարը իր նպատակին չի ծառայի: Հետեւաբար՝ սպասում ենք ավելի լավ ժամանակների ու համախոհներիս հետ փորձում առայժմ պահպանել եղածը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել