Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սվաբոդնի վոլկը» առաջադրվելու է

Հոկտեմբեր 05,2007 00:00

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը համոզվել է, որ տեղ ունի ժողովրդի սրտում:

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն էր, թեման՝ նախագահական ընտրություններին իր առաջադրման փաստը: Դ. Հակոբյանի ձեւակերպմամբ, ինքն այլեւս Հուլիոս Կեսարի նման հայտարարում է, որ վիճակը նետված է. «Իմ մուտքը քաղաքական մարտադաշտ՝ գահերեցության խստագույն պահանջներով, առաջին հերթին քաղաքական արենայում գաղափարական բացարձակ վակուումի նախապայմանն է… Ես դնում եմ իմ թեկնածությունը»: Հարցին՝ ո՞ր ճամբարին է հարելու՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նա պատասխանեց. «Յա սվաբոդնի վոլկ… Մայա դաբիչա՝ դաբիչա նառոդա, դաբիչա մայեվո նառոդա, էտո մայա դաբիչա»:

Դ. Հակոբյանը չթաքցրեց, որ նեղացած է Լեւոն Տեր-Պետրոսյանից, որովհետեւ. «Նա հանդիպման կանչեց ամեն մի քաղաքական անպետքության, իսկ ինձ չհրավիրեց»: Նա որոշ դիտարկումներ արեց. «Պետք է լինել սամուրայ: Առաջին փուլում գահընկեց անել վիկինգներին, իսկ երկրորդում՝ անցկացնել արդար ընտրություններ: Ես լավ գիտեմ հանրապետականների ձեռագիրը՝ վռանյո ի վարավստվո: Նրանց հիմնական սկզբունքը Աթաթուրքի սկզբունքն է: Ըստ նրա՝ էշին պահողը փալանն է, ամբոխին պահողը՝ սուտը: Սուտը արքաների արվեստ է: Բերեմ կոնկրետ օրինակ: Երեկ Ազատիչը պատասխանում էր լրագրողների հարցին, թե ինչպես եղավ, որ գները թռան: Նա չասաց ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ 2 շաբաթ առաջ Ռոբին Հուդը հրավիրեց մաքսային ու հարկային աշխատողներին, խնդիր դրեց, ամեն գնով բյուջեն լցնել, որպեսզի 2 օր հետո հայտարարի, թե, տեսե՜ք, 2,5 միլիարդը 2008 թվին ապահովվելու է: Տղա ջան, ախր դու 2008-ին այդտեղ չես լինելու: Դու սկի էսքան ժամանակ չկարողացար 1 միլիարդ հավաքել»:

Ըստ Հայաստանի գլխավոր մարքսիստի, այսօր քաղաքական գործիչների հիմնական մասը տգետներ են, մինչդեռ ժողովրդին «վոժդ» է պետք եւ ոչ թե, նրա խոսքով, «վուլգարնի, պոլիտիչեսկի պրաստաշոկ»: Մարքսիստը կարծում է. «Եթե Ազատիչը ընտրաթերթիկների ու ձայների գողությամբ չզբաղվի, հաստատ կանցնեմ երկրորդ փուլ: Իսկ եթե ստացվի այնպես, որ Ազատիչը կամ Ակոպիչը զգան իմ աջակցության կարիքը, կաջակցեմ՝ պայմանով, որ ես ձեւավորեմ վերջինիս շքախումբը»:

Մարքսիստը նաեւ ասաց, որ ինքը ժողովրդից անտեղի էր նեղացել, երբ ասել էին, թե ԱԺ ընտրությունների ժամանակ ընդամենը 7000 ձայն է հավաքել. «Պարզվում է, ոչ թե 7000 է եղել, այլ 17 000, որովհետեւ Ազատիչը եւ Աղվան Ապարանցին ուղղակի մանդատը ծախել են «պիվի Հակոբին»: Ես բողոքեցի դատախազին: Իսկ մեր նորին կայսերական մեծություն դատախազը ընտրակաշառքը որակեց նվիրատվություն… Երեւում ա քրեական իրավունք չի անցել կամ էլ դասերից փախել ա: Ամեն դեպքում համոզվեցի, որ ժողովրդի հոգու դավթարում տեղ ունեմ, այդ պատճառով էլ համարձակ դնում եմ իմ թեկնածությունը»: Երեկ մարքսիստը նաեւ հայտարարեց. «Ես պատրաստ եմ եւ Ազատիչի, եւ Ռոբին Հուդի հետ բանավիճել: Երկուսն էլ միայն մոնոտոն մոնոլոգներ են սիրում: Պահանջում եմ դիալոգ: Ես դիալոգի կմտնեմ ընկեր Ազատիչի հետ: Ասում էին, թե տղամարդ կա՞: Ա՛յո, կա»: Դառնալով ԺԿ նախագահ Տ. Կարապետիչի այն հայտարարությանը, թե մարքսիստը փող չունի, ինչպե՞ս է դնելու իր թեկնածությունը, պատասխանեց. «Պառլամենտի կամ նախագահի ինստիտուտը պոռնկատուն չէ, որ փողով առնեմ: Էտը չեստ ի դաստոենստվա նացիի: Եթե Կարապետիչն այդքան հպարտանում է իր փողերով, թող իմ ընտրագրավը մուծի, ես էլ կասեմ՝ այ՜, բլագարոդնի ռիցր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել