Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆԱԿՆԵՐԻՆ ՍՊԱՆՈՂԸ

Հոկտեմբեր 05,2007 00:00

\"\"Պատիժը չկրած հանցագործը կատարում է ավելի դաժան սպանություն

«Առավոտը» պարբերաբար անդրադառնում է ազատազրկման վայրերից վաղակետ պայմանականով ազատվածների խնդրին: Մասնավորապես, թե ինչ է տեղի ունենում, երբ ՀՀ նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը մարդասիրաբար ազատում է առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվածներին, նրանց համարելով ուղղված, իսկ քաղաքական-սոցիալական շարժառիթներով դատապարտվածների համար կիրառում այլ մոտեցումներ, նրանց համարելով հասարակության համար վտանգավոր:

Գազանաբարո սպանություններ կատարողներից մեկի՝ Խոսրով Ավագյանի համար պետությունը նույնպիսի մարդասիրություն է ցուցաբերել:

2004 թվականին արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը միջնորդություն էր ուղարկել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, 12 տարվա ազատազրկման դատապարտված Խոսրով Ավագյանին պատժի հետագա կրումից ազատելու համար: Միջնորդության մեջ նշված էր՝ հիվանդության պատճառով, սակայն չէր գրված, թե ո՞ր: Տեղեկացնենք, որ 12 տարվա ազատազրկման դատապարտվածն այդ ժամանակ ընդամենը 3 տարի էր անցկացրել բանտում: Հիվանդության պատճառով ազատություն ձեռք բերելով՝ Խոսրով Ավագյանը որեւէ անգամ չի դիմել բուժհաստատություն: Մնում է միայն կռահել, թե ինչպես է մարդասպանն արժանացել նման «մարդասիրական» վերաբերմունքի: Եվ Ավագյանի հետագա «գործունեությունն» ապացուցեց, թե որքան, մեղմ ասած, սխալ էր նրան ազատություն շնորհելը:

Անցյալ տարի ծանոթանալով նյութական ծանր վիճակում գտնվող միայնակ, տարեց քույրեր՝ 85-ամյա Վարսենիկ եւ 82-ամյա Մարգո Գյուրջինյանների հետ, հանդես է գալիս իբրեւ բարեգործ: Նա այցելում էր միայնակներին, նրանց մեկ-մեկ սննդամթերք ու դեղորայք տանում:

Անցյալ տարվա դեկտեմբերին հանկարծակի մահանում են Գյուրջինյան քույրերը: Ոստիկանները միայնակների դիակները այս տարվա հունվարի 2-ին դուրս են բերում Լենինգրադյան փողոցի 6 շենքի 38 բնակարանից, ուր ապրում էին: «Առավոտի» տեղեկություններով, իրավապահներն արձանագրում են բնական մահ: Դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվում: Տուժողների իրավահաջորդներ չկային, հետեւաբար, նրանց հետ առժամանակ թաղվում է սոսկալի գաղտնիք:

Այս գործը փակված կմնար, եթե հանկարծ, ամիսներ անց ի հայտ չգար բնակարանի տերը՝ Խոսրով Ավագյանը: Պարզվում է, Գյուրջինյան քույրերը իրենց բնակարանը «մահվանից առաջ» կտակել էին Ավագյանին:

Դիակների արտաշիրմումից հետո բացահայտվում է, որ տարեց կանայք թունավորվել են: Խոսրով Ավագյանը, որը օրեր առաջ ձերբակալվել է, ԲԻ-54 տեսակի թունաքիմիկատով թունավորել էր տարեց կանանց՝ այդպիսով կատարելով իր հերթական հանցագործությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել