Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱ ՄԵՐԿ ԿԻՆՆ ԷՐՈՏԻԿԱ ՉԷ՞

Հոկտեմբեր 05,2007 00:00

Խորհրդարանը երեկ քննարկում էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը:

Ներկայացված փոփոխություններից մեկը հետեւյալն է. «18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր, uարuափ կամ էրոտիկա բովանդակող գրականություն եւ տեuաերիզներ վաճառելն առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ uահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին մտահոգում էր, թե արդյոք այս փոփոխությունը կարո՞ղ է վերաբերել այն պարբերականներին, որոնք, ասենք, աստղագուշակի կողքին տեղադրում են մերկ կանանց լուսանկարներ, կամ դասագրքերին, որոնցում պատկերված է կիսամերկ Վեներա աստվածուհու քանդակը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, որն այս նախագծի հիմնական զեկուցողն էր՝ ի պատասխան նկատեց, թե նման պատկերներն էրոտիկա չեն. «Վստահեցնում եմ, որ այս կարգի՝ Ձեր թվարկած, գոնե առաջին հայացքից տեսանելի դեպքերի համար որեւէ մեկը պատժամիջոցներ չի կիրառելու: Մինչ այժմ էլ չի կիրառվել, այնպես որ՝ նման խնդիր չկա»: Սակայն Արմեն Մարտիրոսյանը չհանձնվեց. «Եթե մերկ կինն էրոտիկա չէ, բա էրոտիկան ո՞րն է»: Նախարարը բավական սրտնեղած արձագանքեց. «Ես նույն հարցը կարող եմ Ձեզ տալ: Ես չեմ պատրաստվում այստեղ սահմանել էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի սահմանները: Ես խորապես համոզված եմ, որ մեր օրենսդրության մեջ ինչ-որ սահմանումներ պետք է որ լինեն: Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը դրանց տեղը չէ: Այդ հարցի պատասխանն ինձնից մի՛ ակնկալեք, խնդրում եմ, քանի որ շատ տարբեր կարող են լինել մեր պատկերացումները»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը ելույթ ունեցավ ու նշեց, թե օրենսդրական դրույթը երկիմաստության եւ մեկնաբանությունների տեղիք չպիտի տա: Ի դեպ՝ նկատեց, որ օրենքը նախատեսել է տուգանք միայն էրոտիկ գրականության համար եւ ոչ՝ պոռնոգրաֆիայի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել