Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա հաղթող քաղաքականություն չէ»

Հոկտեմբեր 05,2007 00:00

Արամ Գասպարիչը դժգոհ է թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ նախագահի կուրսից՝ Ղարաբաղի հարցում

Տասը տարի առաջ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կինոյի տան հայտնի հավաքը՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» վերնագրով: Հավաքում ՀՀՇ-ն եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրվեցին ԼՂՀ հարցում պարտվողական քաղաքականություն վարելու մեջ: «Առավոտը» Արամ Գ. Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Ռոբերտ Քոչարյանի եւ նրա իշխանության՝ ԼՂՀ հարցում վարած քաղաքականությունը, հիշեցնելով, որ ՀԴԿ-ն Քոչարյանի թեկնածությունը պաշտպանեց հենց այդ հարցում առաջընթացներ արձանագրելու համար:

«Այո, առաջին առնվազն կես տարվա ընթացքում, որ մենք Քոչարյանի հետ աշխատել ենք, ԼՂՀ եւ վարվող արտաքին քաղաքականության հարցերում տարաձայնություններ չենք ունեցել: Ես համարում եմ, որ նա այն ժամանակ շատ որոշիչ դեր խաղաց, երբ համանախագահները եկել էին ու բերել առաջին նախագահի հետ համաձայնեցված տարբերակը, նա հիանալի դիվանագիտական ձեւ գտավ հրաժարվելու եւ նորը պահանջելու: Այդ ժամանակ մենք շատ շահեկան վիճակում հայտնվեցինք: Դրանից հետո եղավ էյֆորիայի մի շրջան՝ Քոչարյան-Ալիեւ անընդհատ հանդիպումներ: Քոչարյանը դրանցից վերադառնում էր շատ ինքնավստահ, հավանաբար էնտեղ որեւէ բան չէր էլ կատարվում, եւ ինքը գտավ, որ դա բավարար է ու Ղարաբաղի մասնակցությունն անհրաժեշտ չէ: Դա կոպտագույն սխալ էր»:

Արամ Գասպարիչը կորսված է համարում Հայաստանի հնարավորությունները միջազգային, տարածաշրջանային ծրագրերին մասնակցությունը, ինչը թերեւս ամենաշատը պիտի Ադրբեջանին ստիպեր հաշվի նստել մեզ հետ: Արդյունքում՝ «Ասել, որ սա պարտվողական քաղաքականություն է՝ ոչ, գոնե այնքանով, որ Ադրբեջանն էլ որեւէ որոշակի քայլ չի արել այդ ուղղությամբ: Բայց սա նաեւ հաղթող քաղաքականություն չի: Պետական նոտայով աշխարհին չներկայացվեց ԼՂՀ հարցի էությունը. տարրական բան էր, բայց մինչեւ հիմա գլուխներին տալիս են՝ քարոզչական ֆրոնտում տանուլ ենք տալիս: Իշխանության ներկայացրած այսօրվա ծրագիրը, անգամ այդ հինգ սկզբունքները քննարկելը ես վնաս եմ համարում մեր երկրին»:

Պարոն Սարգսյանը հիշեցնում է, որ իր՝ նախագահի խորհրդական եղած ժամանակ ՀԴԿ-ն, ՍԻՄ-ը, ԳԻԱրՔՄի-ն հանդես եկան համատեղ առաջարկությամբ՝ քաղաքական, իրավական եւ բարոյական գնահատական տալ նախորդ ռեժիմին. «Շատերին թվաց, թե դա վրեժխնդրություն է, քավ լիցի… Եվ անցյալից մնացին շատ մութ հարցեր: Օրինակ՝ այն, ինչը պարոն Բագրատյանին այսօր թույլ է տալիս գլուխ գովալով ամպագոռգոռ հայտարարություններ անել՝ թե էներգետիկ ճգնաժամ չի եղել, վեց միլիարդի էներգիա է արտադրվել: Արտադրություն չէր աշխատում, տրանսպորտ չկար, 1,5 միլիարդն էլ լրիվ բավարար էր, որ կենցաղը 24 ժամ ապահովված լիներ: Մազութը ուղղակի վաճառել են եւ գրել, թե վեց միլիարդի էներգիա են արտադրել: Նույնը Տեր-Պետրոսյանի պարագայում. Քոչարյանից սկսած՝ բոլորը զարմանում են՝ էս ի՞նչ արեց, ինչի՞ անցյալից չխոսեց: Բայց խի՞ խոսի, ո՞վ էր նրան ասել, որ աչքի վերեւը ունք կա: Հիմա թող պարոն Քոչարյանն իր գլխին տա: Այդ գնահատականը երկու խնդիր էր լուծում՝ պատժել մեղավորներին, նոր իշխանությանը թույլ չտալ նույնը անել: Ես հետո հասկացա, որ պարոն Քոչարյանը դա հիմնականում չարեց նրա համար, որովհետեւ իրեն դուր էր գալիս այդ քաղաքական գիծը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել