Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՉԻ ԳՆԱ

Հոկտեմբեր 05,2007 00:00

Ընդդիմադիրները քննարկում են Ռոբերտ Քոչարյանի ապագան

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինը ակնհայտ ցանկություն ունի իր պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը, հայաստանյան քաղաքական եւ լրագրողական շրջանակներում վերսկսվեցին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո այդ սցենարի կրկնության հնարավորության մասին խոսակցությունները: Հայաստանում այդ սցենարը, ասել է թե՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը ՀՀԿ նախագահի տեղակալ եւ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չէր բացառել: Իսկ ահա ՀՀԿ նախագահ եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին խորհրդարանում պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե՝ հնարավոր համարո՞ւմ է, որ նախագահական ընտրություններից հետո Ռ. Քոչարյանը նշանակվի վարչապետ, պատասխանել էր. «Ես որեւէ հիմք չունեմ ստույգ չընդունելու պարոն Քոչարյանի հայտարարությունները: Ես որեւէ հիմք չունեմ դրանում կասկածելու: Այսինքն՝ ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն Քոչարյանի մոտ»: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը նմանատիպ հարցին նույն կերպ պատասխանում էր արդեն երկրորդ անգամ՝ այն դեպքում, երբ ինքը՝ Ռ. Քոչարյանը, որոշակի ոչինչ չի ասել հետագայում իր անելիքների կամ վարչապետ դառնալու ցանկություն չունենալու մասին:

Այն, որ Ռ. Քոչարյանը 2008թ. նախագահական ընտրություններից եւ ՀՀ նախագահի պաշտոնը իր ժառանգորդ Ս. Սարգսյանին փոխանցելուց հետո, եթե դա ստացվի, մտադիր է վարչապետի պաշտոնը զբաղեցնել՝ նոր թեզ չէ: Դրա հնարավորությունը կանխատեսել են ընդդիմադիր շատ գործիչներ դեռ 2005թ.-ին, երբ համաժողովրդական հանրաքվեի էր դրվում փոփոխված Սահմանադրությունը: Ոմանք հակված էին կարծելու, որ սահմանադրական այդ փոփոխությունները նպատակ ունեն Ռ. Քոչարյանին երրորդ ժամկետում առաջադրվելու հնարավորություն ընձեռել, իսկ ոմանք էլ ասում էին, թե նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունների ընդլայնումը հուշում է, որ դա արվում է հե՛նց Ռ. Քոչարյանի «հագով»՝ որպես ապագա վարչապետի: Այս տարբերակը երեկ մեր զրույցի ժամանակ շարունակում էր պնդել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նրա փոխանցմամբ, ընդամենը մի քանի օր առաջ Տիգրան Թորոսյանի՝ Ռ. Քոչարյանի վարչապետ դառնալու հնարավորության մասին հայտարարության սրբագրումը Ս. Սարգսյանի կողմից եւ նրա հակառակ պնդումը վկայում է ոչ թե կանխատեսվող սցենարում եղած փոփոխության կամ ՀՀԿ-ականների՝ իրարից անտեղյակ լինելու մասին, այլ այն մասին, որ իշխանությունները «շատ լավ հասկանում են, թե դա ինչ արձագանք կարող է ունենալ հասարակության ներսում»: Պ. Մակեյանի ասելով՝ «առանց այդ էլ Ս. Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ, մեր հասարակության շրջանում չի ընկալվում: Եթե դրան գումարած՝ հիմա էլ ասվի, որ Ս. Սարգսյանի նախագահ դառնալուց հետո հավանական է, որ Ռ. Քոչարյանը դառնա վարչապետ, դա կարող է 2008-ի ընտրապայքարին բացասական լիցքեր հաղորդել ու ըմբոստության ալիք առաջացնել»: Միաժամանակ Պ. Մակեյանը չհամաձայնեց այն տեսակետին, թե Ս. Սարգսյանը Ռ. Քոչարյանի անունից նման հայտարարություն անելով հարվածեց հե՛նց Ռ. Քոչարյանին. «Չեմ կարծում, թե այս պահին Սերժը կուզենար հարվածել Քոչարյանին»:

ՀՀ վարչապետի հայտարարությունը չցանկացավ մեկնաբանել ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: «Մենք որոշել ենք, որ Սերժին չենք անդրադառնալու»,- արձանագրեց ՀՀՇ-ի ներկայացուցիչը՝ ասածը եզրափակելով ռուսական «Ոսկե ձկնիկ» հեքիաթի պառավի հավակնոտ հայտարարության մեջբերմամբ, թե՝ «ես այլեւս չեմ ուզում լինել թագուհի, ուզում եմ լինել ծովերի տիրուհի»:

Իսկ օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ հե՛նց միայն Ռ. Քոչարյանի՝ վարչապետ դառնալու հնարավորությանն արձագանքելով՝ ասաց. «Նույնիսկ ամենավատ երազում դժվար է պատկերացնել, որ եւս մի քանի տարի Ռ. Քոչարյանը կարող է մնալ երկրի ղեկավար պաշտոնում»: Միաժամանակ նկատելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը Ռ. Քոչարյանի կողմից ստանձնելու մասին խոսակցությունները վերսկսվեցին այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Պուտինը օրերս հայտարարեց, թե իր պաշտոնավարության ավարտից հետո չի բացառում ՌԴ վարչապետ դառնալու հավանականությունը, Հ. Խուրշուդյանն արձանագրեց. «Շատ տարօրինակ է, երբ փորձ է արվում նմանություններ գտնել Պուտինի եւ Քոչարյանի միջեւ, որովհետեւ անկախ այն բանից, թե Պուտինի օրոք Ռուսաստանն ինչպիսին է եւ որքանով է ժողովրդավարական, այդուհանդերձ, նա ռուսաստանցիների շրջանում ռեալ 70 տոկոս վարկանիշ ունի: Իսկ թե որքան վարկանիշ ունի Քոչարյանը ՀՀ հասարակության մեջ՝ մենք լավ գիտենք»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը բացառեց ոչ միայն Ռ. Քոչարյանի վարչապետ, այլեւ Ս. Սարգսյանի նախագահ դառնալու հնարավորությունը. «Այդպիսի հնարավորություն իրենց ակնհայտորեն չի ընձեռվելու, որովհետեւ հանրապետության նախագահ է դառնալու Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, բնականաբար, նույն սխալը երկրորդ անգամ չի կրկնի: Բացի այդ, ձեր թերթին տված հարցազրույցում շատ վաղուց եմ ասել, որ անհնարին եմ համարում, որ Ռ. Քոչարյանը Ս. Սարգսյանի մոտ վարչապետ աշխատի»: Իսկ թե ինչո՞վ կզբաղվի Ռ. Քոչարյանը իր պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո, Ս. Այվազյանը դժվարացավ կանխատեսել, բայց փորձեց՝ «ամենայն հավանականությամբ կլինի «պատասխանող» կողմ»:

Թե իր ապագայի մասով ի՞նչ նոր գաղափարներ ունի ինքը՝ Ռ. Քոչարյանը, եւ ինչպե՞ս է նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանում Ս. Սարգսյանի՝ ՀՀ նախագահի փոխարեն արած հայտարարությունն ու ՀՀԿ-ական Տ. Թորոսյանի եւ ՀՀԿ նախագահի հայտարարություններում եղած հստակ անհամապատասխանությունը, պարզ կդառնա, թերեւս, երկուշաբթի օրը: Երեկ մեր խնդրանքին ի պատասխան Վ. Սողոմոնյանը խոստացավ, որ այդ օրը «Առավոտը» կստանա իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել