Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔ՝ 1937-Ի 70-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբեր 05,2007 00:00

\"\"Այսպես են գնահատում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագիծը, որի քննարկումն ավարտվեց երեկ:

Հարուստ նախապատմություն ունի այս նախագիծը: Կառավարությունն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագիծը ներկայացրել է դեռեւս 2-րդ գումարման՝ 1999-2004 թթ. ԱԺ-ում, քննարկումը շարունակվել է 3-րդ գումարման՝ 2004-2007 թթ. խորհրդարանում, իսկ վերջնական ընթերցմամբ քվեարկության կդրվի արդեն ներկայիս՝ 4-րդ գումարման ԱԺ-ում: Այս տարիների ընթացքում օրինագծի ընդունումը մի քանի անգամ ձախողվել է: Միշտ էլ եղել են մտահոգություններ որոշ դրույթների, մասնավորապես՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում հեռախոսային խոսակցությունների, ինտերնետային ցանցով փոխանցվող հաղորդումների, նամակագրության վերահսկման վերաբերյալ: Պատգամավորներն անընդհատ տապալում էին այս նախագիծը, կառավարությունն էլ՝ պինգ-պոնգի սկզբունքով, անընդհատ նորից էր ներկայացնում նույն նախագիծը՝ գրեթե անփոփոխ թողնելով այն: Նախորդ ԱԺ-ում՝ այս տարվա ապրիլին, կառավարությունը վերջապես հաջողեց 2-րդ ընթերցմամբ ընդունել տալ այս օրինագիծը:

Ահա այս բազմաչարչար նախագիծն արդեն 3-րդ ընթերցմամբ քննարկվեց երեկ՝ քառօրյայի վերջին օրը: Քննարկում, ըստ էության, տեղի չունեցավ, քանի որ 2-րդ ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում կատարվում են միայն խմբագրական փոփոխություններ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մեր զրույցի ընթացքում հիշատակեց ԱԺ կանոնակարգի 71 հոդվածի 3-րդ կետը. «ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ քննարկելու նպատակով ընդգրկվում է հերթական 4-օրյա նիստերի օրակարգի նախագծում»՝ այս միջոցով փորձելով հիմնավորել, թե պիտի լիներ քննարկում: Փոխարենը միայն «Ժառանգություն» խմբակցությունը հայտարարություն արեց, թե իրենք չեն ստանձնում այս օրենքի «քաղաքական պատասխանատվությունը»:

Անահիտ Բախշյանի կարծիքով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագիծը «օրինականացնում է անցած տարիներին տեղի ունեցած ահաբեկչական այն գործողությունները, որոնց վերաբերյալ դատարանները քննություն են արել, որոշ մասերով գործերը կասկածելի հիմքերով կարճվել են եւ մարդիկ այդ որոշումներով խուսափել են արդարադատությունից: Նրանք այժմ հնարավորություն կունենան ոչնչացնել բոլոր տեսակի ապացույցները»: Նման եզրակացության 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհված Յուրի Բախշյանի այրուն հանգեցրել էր օրինագծի 6-րդ հոդվածը, ըստ որի՝ յուրաքանչյուր անձ իր նկատմամբ հարուցված քրգործի վարույթը կարճվելուց եռամսյա ժամկետում իրավունք ունի պահանջել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը եւ փաստաթղթերը, իսկ եթե այդ ժամկետում նման պահանջ չի ներկայացվում, ապա այդ նյութերը ոչնչացվում են:

«Կարծում ենք, որ նախորդ 2 խորհրդարաններում այս օրենքի պատշաճ քննարկում տեղի չի ունեցել, որ նման օրինագիծը եկել- հասել է 3-րդ ընթերցման,- նշեց Անահիտ Բախշյանը:- Եվ այս օրենքի համար պատասխանատվությունը նախորդ ԱԺ-ինն է, որի ե՛ւ մեծամասնությունը, ե՛ւ ընդդիմությունն են պատասխանատու այս հրեշավոր օրինագծի համար»:

«Ժառանգության» մեկ այլ պատգամավորի՝ Վարդան Խաչատրյանի գնահատականով՝ «Այս օրինագիծը երեւի թե նվիրված է 1937 թվականի հիշատակին՝ նրա 70-ամյակի կապակցությամբ ենք ընդունելու: Քանի որ, ըստ էության՝ այս նախագծով գաղտնի գործակալական ցանցը Հայաստանում հասցվում է հրեշավոր չափերի: Այսինքն՝ 5 տարբեր կառույցներ պետք է ստեղծեն նման ցանց»: Խոսքը նախագծի 8-րդ հոդվածի մասին է, ըստ որի՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն ոստիկանությունը, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինները, նաեւ քրեակատարողական ծառայությունը, որոնք իրենց կառուցվածքում պետք է ունենան համապատասխան ստորաբաժանումներ: «Դրանք գործելու են գաղտնի, եւ յուրաքանչյուր անհատ, ըստ էության, կարող է հայտնվել նրանց դաշտում,- ասաց պրն Խաչատրյանը:- Մենք շատ լավ հիշում ենք, որ 30-ական թվականներին նման գործակալական ցանց երկրում ձեւավորում էր էնկավեդեն, ու մինչեւ վերջ էլ չկարողացանք ազատվել դրանից: Իսկ հիմա գնում ենք դրա բազմացման, ընդլայնման եւ հասարակական առումով՝ ուղղակի խիստ վտանգավոր դառնալու ճանապարհով: Սա կարելի է դիտարկել իբրեւ մի օրենք, որով վերանում է քաղաքացու անձնական կյանքը, քանի որ այժմ իրավունք են ունենալու տեսագրել, գաղտնալսել անհատի տանը, որ Սահմանադրության ուղղակի՛ խախտում է: Եվ համանման դրույթներ չկան այլ երկրների քրեական հետախուզության մասին օրենքներում»:

Նշենք, որ այս օրինագծի 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քվեարկությունը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք քառօրյան: Պատճառը երեկվա նիստին պատգամավորների ոչ բավարար մասնակցությունն էր: Սակայն միամտություն կլիներ ենթադրելը, թե այս մի խորհրդարանը նախորդների պես անգամ փորձ կանի դարձյալ տապալելու այս օրինագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել