Նրանք մասնակցում են միջազգային մակարդակի մրցումների
Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ վերջին տարիներին առաջին անգամ մարզաձեւի միայն հայաստանցի մարզիկներով հավաքագրված մեր հավաքականը մեկնել է Սոչի՝ մասնակցելու ԱՊՀ առաջնությանը եւ Ռուսաստանի Դաշնության չեմպիոնատին: Հրավերը ստացվել է ՌԴ ֆեդերացիայից, որը միջազգային ֆեդերացիայի «H» խմբում ԱՊՀ երկրների ֆեդերացիաների աշխատանքների համակարգողն է:
Սոչիում մեր հանրապետությունից 470 դասում մրցուղի է մտնում Վաչագան Խաչատրյան-Արտակ Սուքիասյան զույգը, իսկ Վաղինակ Խաչատրյանն ու Հայկ Սուքիասյանը մասնակցում են «Լազեր» դասում: Այս մրցումները միջազգային չափանիշներով բավականին բարձր կարգ ունեն: Մրցումների ընթացքում կայանալու է նաեւ ԱՊՀ անդամ երկրների առագաստանավային սպորտի ազգային ֆեդերացիաների ղեկավարների հավաք, որի ընթացքում, այլեւայլ հարցերի հետ միասին, քննարկվելու են նաեւ 2008 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության խնդիրներ: Այս խնդրի հետ կապված՝ Հայաստանը բավականաչափ շահագրգռվածություններ ունի, քանի որ մեր հանրապետության դրոշի ներքո հանդես եկող ֆրանսուհի Սառա Հեբերթը ներկայումս ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Նոր Զելանդիայում: Այստեղ եկող տարվա հունվարի 1-10-ն անցկացվելու է աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է: Սառան, մեր ֆեդերացիայի ղեկավարների համոզմամբ, գրեթե 100 տոկոսով ուղեգիր նվաճելու է:
Երեկ տեղեկացանք նաեւ, որ առագաստանավային սպորտի «Երեւան» ակումբի թիմն էլ մեկնել է Անապա, որտեղ մեկնարկում է վինդսերֆինգ դասի միջազգային խոշոր մրցաշար:
Մեր ֆեդերացիան շարունակում է բանակցությունները աշխարհի ուժեղագույն վինդսերֆինգիստներից մեկի՝ ֆրանսահայ Նիկոլաս Աղաջանի հետ: Ճիշտ է, ներկայումս այդ բանակցությունները նախկին ակտիվությամբ չեն ընթանում, որովհետեւ ֆեդերացիայի ամբողջ գործունեությունն այս ընթացքում նպատակաուղղված է Պեկինի օլիմպիական խաղերում մասնակից ունենալուն: