Երիտասարդների մեծամասնությունը տարված է դրանցով
20-րդ դարի 30-ական թվականներին ԱՄՆ-ում սկսեցին հեռարձակվել տասնհինգ րոպե տեւողությամբ ռադիոներկայացումներ, որոնց հովանավորում էր օճառ արտադրող ընկերություններից մեկը: «Օճառային օպերա» անվանվելուց հետո դրանք «վերաճեցին» հեռուստաներկայացումների, իսկ ավելի ուշ՝ սերիալների: «Ամենաերկարակյաց» սերիալը «Սանտա Բարբարան» էր (2041 սերիա), որը առաջին անգամ ԱՄՆ-ում ցուցադրվել է 1984-ից եւ ավարտվել 1992-ին:
Այսօր օրվա գրեթե բոլոր ժամերին, հայաստանյան գրեթե բոլոր հեռուստաալիքներով «բազմաբովանդակ» եւ «հետաքրքիր» սերիալներ են ցուցադրվում, որոնց առանցքում սերն է ու դրա շուրջը «պտտվող» մարդիկ՝ իրենց կենցաղային պարզունակ խնդիրներով: «Սերիալի հերոսները ինձ համար հարազատ մարդիկ են դարձել: Շատ կուզենայի, որ իմ փեսացուն լիներ, օրինակ, Խորխեն»,- ասում է 19-ամյա Գայանե Սիմոնյանը, որ օր ու գիշեր սերիալներ է դիտում: Այն հարցին, թե ի՞նչն է իրեն գրավում, Գայանեն ասում է. «Չգիտեմ, ինձ մի տեսակ քաշում ա էդ սերիալը: Ճիշտ ա՝ գովազդները խանգարում են, բայց հանուն սերիալի դրանց դիմանում եմ»: Սերիալների մեկ այլ «գիտակ»՝ տիկին Ռուզանը փաստում է. «Երբ մի սերիալ նայում ես, ուզում ես մյուսն էլ տեսնել: Հետո էլ, հետաքրքիր է՝ վաղը ի՞նչ նոր բան կլինի, ախր դրանք միշտ ամենակարեւոր տեղում են ավարտվում»: Երիտասարդության շրջանում անցկացրած հարցման արդյունքում պարզեցինք, որ 100-ից միայն 9-ը երբեւէ սերիալ չի դիտել, 13-ը օրական մեկ սերիալ է նայում: 78 հոգի խոստովանեցին, որ ժամանակի մեծ մասը տրամադրում են դրանց:
20-ամյա համալսարանական Գեւորգ Ղազարյանը հիշում է, որ առաջին անգամ «Սուրճ՝ կնոջ բուրմունքով» սերիալն է տեսել. «Դե, նայեցի ու ինձ շատ դուր եկավ: Այդ ժամանակ դեռ դպրոցական էի: Հիմա էլ «Վայրի կատուն» եմ հավանում»: Հետաքրքիր է՝ սերիալները կարո՞ղ են բացասաբար ազդել մարդկանց ներաշխարհի վրա: Այս հարցով դիմեցինք հոգեբան Աննա Աբրահամյանին: «Քանի որ սերիալները շարունակական են, հետաքրքրում են անգործ տարեցներին: Իսկ երիտասարդները սեր են «փնտրում» սերիալներում, որոնք միշտ երջանիկ ավարտ են ունենում: Բրազիլական սերիալները պարզունակ են, իսկ ռուսականները՝ ավելի շարժուն ու դետեկտիվ ժանրի: Ամեն դեպքում, դրանց մեջ վատ բան չեմ տեսնում»,- նշեց հեգեբանը: Իմացանք նաեւ, որ աղջիկների խոսակցության մեծ մասը ծավալվում է հենց սերիալների շուրջը: «Հետաքրքիր է պատմել տեսածդ մյուսներին ու քննարկել՝ եւ՛ լավ ենք հասկանում, եւ՛ խոսելու թեմաներ են բացվում,- նման կարծիք է արտահայտում ԵՊՀ-ի ուսանողուհի Լիլիթ Ստեփանյանը եւ շարունակում,- սերիալները մեր կյանքի մի մասնիկն են կազմում: Հիշում եմ՝ առաջին անգամ ռուսական առաջին ալիքով նայել եմ «Վայրի հրեշտակը», որտեղ հանդես էր գալիս արգենտինացի հայտնի երիգչուհի ու դերասանուհի Նատալիա Օրեիրոն: Անընդհատ փորձում էի ընդօրինակել նրա շարժուձեւը, բայց չէր ստացվում»: 15-ամյա Նարեկենց հեռուստացույցը, պարզվում է, միայն սերիալներ է ցույց տալիս: «Երբ դպրոց եմ գնում՝ մամաս ու տատս սերիալներ են նայում: Երբ գալիս եմ, նրանք էլի շարունակում են նայել՝ մինչեւ ուշ երեկո: Երբ ուզում եմ ինձ հետաքրքրող սպորտային հաղորդումներ նայել, չեն թողնում, ասում են՝ գնա՝ դասերդ արա»,- պատմում է տղան:
57-ամյա տիկին Գայանեն էլ հիշեց իր երիտասարդ տարիները. «Երբ ուսանողուհի էի, ոգեւորված՝ ընկերուհիներով Շեքսպիր, Դանթե էինք կարդում: Սերիալներ չկային ու այդպես ավելի լավ էր: Իսկ այսօրվա երիտասարդությունը, փոխանակ մեկ-երկու գիրք կարդա, ողջ օրը սերիալ է նայում»: