Ըստ սփյուռքահայ լրագրող Նայիրի Մկրտչեան-Տաղլեայի, պարզ չէ, թե ինչ նպատակ են հետապնդում հայաստանյան հեռուստաալիքները:
«Առավոտը» քանիցս անդրադարձել է հայաստանյան հեռուստաալիքների այս կամ այն հաղորդաշարին՝ մեջբերելով մասնագետների դիտարկումներն ու դիտողությունները: Հայրենական հեռուստածրագրերի վերաբերյալ իր դժգոհությունն է արտահայտել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի «Հայրենիք» պաշտոնաթերթի լրագրող Նայիրի Մկրտչեան-Տաղլեան: Ըստ նրա, Հայաստանի հանրային հեռուստատեսության հաղորդումները սփյուռքահայերի շրջանում դժգոհություն են առաջացնում պարզ պատճառով՝ դրանք դաստիարակչական բնույթ չեն կրում, հետաքրքրական չեն, չեն բավարարում կարոտաբաղձ հայերի պահանջները եւ պարզ չէ, թե որոշ հաղորդումների ցուցադրումը ի՞նչ նպատակ է հետապնդում: «Օրինակ՝ «02» հաղորդաշարը, որն աշխարհով մեկ լուսաբանում է Հայաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած ոճրագործությունները: Այո՛, ոճրագործություններ կատարվում են ցանկացած երկրում, բայց ոչ մի երկիր այդ երեւույթը աշխարհին չի մատուցում արբանյակային հեռարձակմամբ,- արձանագրում է լրագրողը:- Կամ «Օտար խաղերը» իր շինծու եւ հայ ընտանիքին անհարիր խնդիրներով, ի՞նչ է փոխանցում հեռուստադիտողին: Նույնը կարելի է ասել բրազիլական ֆիլմաշարերի մասին, որոնցով հեղեղված են Հայաստանի գրեթե բոլոր հեռուստաալիքները: Իսկ «Արմենիա» TV-ն գնել է «Դժբախտ երջանկություն» բրազիլական սերիալի սցենարը: Կարծես բավարար չեն ոչ բարոյական այն նորմերը, որոնք կտարածվեն հայաստանյան հասարակության մեջ՝ թարգմանված ֆիլմաշարերի միջոցով, պետք էր առավել համոզիչ ներկայացնել այդ երեւույթները հայ դերասանների խաղով»: Ըստ պարբերականի, ֆիլմաշարից մեկ հատված մեջբերելով, կարելի է ամեն ինչ հասկանալ. «Երկու կին հանդիպում են միասեռական վարսահարդարի մոտ եւ նրա աշխատանքի ընթացքում ունենում հետեւյալ զրույցը.
– Բարեւ, աղջի, ո՞նց ես:
– Լավ եմ:
– Տղա ճարե՞լ ես:
– Քե՞զ համար:
– Չէ, աղջի, Կարիկին (վարսավիրն է):
– Կարիկը իր համար ինտերնետով տղա կճարի:
– Հա՞, Կարիկ, ճիշտ ա՞: Կար, էդ բաներն էլ եք ինտերնետով անում, հա՞:
(Զրույցն ավարտվում է գռեհիկ ծիծաղով)»:
Մեր սփյուռքահայ գործընկերը փաստել է նաեւ, որ «Շանթ» TV-ի առաջին «Սուպերսթարի» հաջողությունից հետո ծնունդ են առել նմանատիպ, սակայն այլ անուններ կրող շարքեր՝ «Ժողովրդական երգիչ» («Շանթ), «Մենք ենք, մեր սարերը» (Հ1) եւ այլն, կարծես նպատակ ունենալով լծվել երիտասարդության 50%-ին երգիչ-երգչուհի դարձնելու առաքելությանը: TV-ների ղեկավարները հավանաբար մոռանում են, որ առանց այս հաղորդումների էլ ամեն օր նոր երգող է հայտնվում էկրաններին, երգող, որը դրամով է լուծել հանրությանը երեւալու իր հարցերը:
«Գովազդնե՜րը… Աստված իմ, կան այնպիսիները, որոնք կատարյալ ողբերգություն են՝ «Պետք չէ հուսահատվել, պետք է միշտ փորձել ու հավատալ: Ես միշտ փորձում էի ու հավատում, որ մի օր անպայման երազանքս կիրականանա»: Այնպես կթվա, որ խոսքը նվազագույնը ազգային գերխնդրի մասին է, բայց երբ լսում ենք շարունակությունը՝ «ամեն օր լոտո էի առնում եւ վերջապես երազանքս իրականացավ՝ շահեցի ավտոմեքենա», դեպրեսիայի մեջ ենք ընկնում»,- գրում է Ն. Մկրտչեան-Տաղլեան: Հոդվածագիրը հարց է տալիս՝ սփյուռքահայերի համար հայաստանյան լուրջ հեռուստահաղորդումները կարող են խթան հանդիսանալ հայ մնալուն, այսքանից հետո մեր օրերում ի՞նչ դիտեն, ինչի՞ վրա հույս դնեն. «Ի վերջո, ի՞նչ նպատակ կհետապնդեն հայրենյաց հեռուստաալիքները. սերո՞ւնդ դաստիարակել, թե՞ փչացնել»: