Լրահոս
Օրվա լրահոսը

60 տարվա տան վրա աչք ունեն

Հոկտեմբեր 04,2007 00:00

2 ընտանիք հնարավոր է հայտնվեն դրսում

Սվետլանա Խաչատրյանի հայրը դեռեւս 1948-ին, որպես Փորձարարական գործարանի աշխատակից, ստացել է մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի Սեւանի փողոցի 116 (120) հասցեի բնակարանը: Այդ բնակարանում ապրում է աղջիկն իր ընտանիքի յոթ անդամներով:

Հարեւանն էլ՝ Վաչագան Վարդանյանը, որպես ՀՀ տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարարության Փորձարարական գործարանի աշխատակից, ստացել էր Սեւանի 120 (116) հասցեի N2 ադմինիստրատիվ մասնաշենքի առաջին հարկի 34,2 քմ բնակելի մակերեսով 3 սենյականոցը, ուր ապրում են մինչ օրս՝ ընտանիքի 6 անդամներով:

Անցյալ տարի այս երկու ընտանիքներին են այցելել դատական ակտերի հարկադիր կատարողները եւ հայտնել, որ դատարանի կայացրած վճռի համաձայն, Խաչատրյաններն ու Վարդանյանները պետք է վտարվեն իրենց զբաղեցրած տարածքից:

Ի հայտ էր եկել ոմն Յուրի Ղազարյան, որն առանց տանտերերի գիտության՝ գնել էր նրանց բնակարանները: Յուրի Ղազարյանն ուներ անգամ սեփականության իրավունքի վկայական, որում ներառված էին Խաչատրյանների ու Վարդանյանների բնակարանները: Իրենց սեփական բնակարաններից վտարելու վճիռ էր կայացրել առաջին ատյանի դատարանը, հարկ չհամարելով անգամ իրական տերերին դատարան հրավիրել:

Խաչատրյանների եւ Վարդանյանների ընտանիքի 9 չափահաս անձինք դիմել են Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան, գտնելով, որ իրենց սեփականաշնորհման պայմանագրի հիման վրա անհիմն է գրանցվել Յուրի Ղազարյանի սեփականության իրավունքը:

«Մենք միշտ բնակվել ենք այնտեղ, այժմ էլ բնակվում ենք, եւ դա մեր փաստաթղթերում ընդգրկվել է որպես Սեւանի 120 հասցե ու պետության կողմից մեզ է հատկացված եղել որպես բնակարանային ֆոնդի տուն»,- երեկ «Առավոտին» ասաց Սվետլանա Խաչատրյանը: Վերջինիս կարծիքով, պետական բնակարանային ֆոնդի մեջ մտնող իրենց բնակարանները չէին կարող սեփականաշնորհվել, քանի որ պայմանագրում բնակարանների մասին խոսք չի գնում: Նշվածից հետեւում է, որ առանց որեւէ իրավական հիմքի «Երեւանի փորձարարական գործարան» ԲԲԸ-ի սեփականության իրավունքի վկայականում գրանցում է կատարվել նաեւ նշված բնակարանների նկատմամբ, այն դեպքում, երբ դրանք չեն սեփականաշնորհվել եւ չէին կարող սեփականաշնորհվել «Երեւանի փորձարարական գործարան» ԲԲԸ-ին:

Ըստ Կադաստրի գրության, վիճելի բնակարանները համարվել են որպես վարչական շենքի մաս, դրա նկատմամբ իրավունքների գրանցում է կատարվել Յուրի Ղազարյանի անվամբ, այն դեպքում, երբ այդ բնակարանները վարչական շենք չեն:

Խաչատրյաններն ու Վարդանյանները վկայակոչում են նաեւ Քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածը, որը սահմանում է, որ 10 տարի անընդմեջ եւ բացահայտ տիրապետվող բնակարանները, տարածքները պատկանում են փաստացի տնօրինողին: Հայցվորները պահանջում են անվավեր ճանաչել Երեւան քաղաքի Սեւանի փողոցի 116 (120) հասցեում գտնվող բնակարանների նկատմամբ «Երեւանի փորձարարական գործարան» ԲԲԸ-ի եւ Յուրի Ղազարյանի անվամբ Էրեբունու կադաստրում կատարված պետական գրանցումները:

Ի դեպ, այս գործով պատասխանող է ճանաչվել ոչ միայն գնորդը՝ Յու. Ղազարյանը, այլ Անշարժ գույքի գրանցման պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանումը, համայնքապետարանը, «Երեւանի փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը:

«Առավոտում» է Ս. Խաչատրյանի հարեւանների հայտարարությունն այն մասին, որ վիճելի բնակարանը Խաչատրյանի հայրական տունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել