Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ՀԱԼԱԾՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 04,2007 00:00

Շիրակի մարզպետի հրամանով՝ նրանցից մեկին արդեն իսկ ազատել են դպրոցի տնօրենի պաշտոնից

«Առավոտը» քանիցս տեղեկացրել է, որ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված մարզպետ Լիդա Նանյանը վարում է հակադաշնակցական քաղաքականություն: Նա սկսել է «դաշնակաթափ» անել ինչպես դպրոցները, այնպես էլ կառավարման խորհուրդները: Աշխատանքից ազատվել է Գյումրիի թիվ 27 դպրոցի դաշնակցական տնօրեն Գեւորգ Հարությունյանը, առաջիկայում տնօրենի աթոռը կլքի եւս մեկ դաշնակցական՝ թիվ 37 դպրոցի տնօրեն Սայաթ Մինասյանը, որը թիվ 34 ընտրատարածքային ընտրական տեղամասի նախագահն է: Խոսակցություններ էին տարածվել նաեւ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի սանիկի՝ Գյումրիի թիվ 41 դպրոցի տնօրեն Արտակ Ավետիսյանին աշխատանքից հեռացնելու մասին: Ասեկոսեները այնպիսի սթրեսային վիճակ էին ստեղծել դպրոցում, որ կոլեկտիվը բողոք էր հղել մարզպետին՝ պահանջելով պարզաբանել դրանց իսկությունը ու սպառնացել գործադուլ անել: Ինչպես նրանք «Առավոտին» հայտնեցին, արդեն զզվել են տնօրենների փոփոխությունից: «Անկախ տնօրենի՝ դաշնակ կամ հնչակ լինելուց, մենք նրա հետ նորմալ աշխատում ենք, նրա կուսակցական լինելը ոչ մի անգամ չենք զգացել: Եթե հույս ունեն, որ դաշնակցականին հանրապետականով փոխելով՝ ընտրություններին այստեղից իրենց ուզած ձայները կտանեն, չարաչար սխալվում են: Դպրոցի տնօրենը՝ դաշնակ, իսկ մեր դպրոցը ընտրատեղամաս լինելով, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դաշնակներն այստեղ ամենաքիչ ձայներն են հավաքել: Չի լինի՞ դպրոցները ընտրատեղամաս չդարձնեն, մեզ էլ հանգիստ թողնեն»,- վրդովված էր կոլեկտիվը: Այս հարցի շուրջ դպրոցի տնօրեն, դաշնակցական Արտակ Ավետիսյանը հրաժարվեց մեզ պարզաբանումներ տրամադրել:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ, նորաթուխ հանրապետական Սահակ Մինասյանն էլ «Առավոտի» հետաքրքրությանը՝ հավաստի՞ են այն լուրերը, որ դպրոցները «դաշնակաթափ» են անում եւ այդ ծրագիրը սկսելու են հենց նախկին մարզպետի սանիկից, պատասխանեց. «Դրանք իրականությանը չեն համապատասխանում, վերոհիշալ դպրոցի տնօրենը ազատված չէ, այս պահի դրությամբ աշխատանքից ազատված է միայն թիվ 27 դպրոցի տնօրենը»: Ըստ Ս. Մինասյանի, տնօրեններին աշխատանքից ազատելը ոչ թե կապված է նրանց դաշնակցական լինելու, այլ պաշտոնավարման երեք տարի ժամկետը լրանալու հետ: Շուտով մրցույթներ են հայտարարվելու նաեւ մարզի այլ համայնքների, օրինակ՝ Սիզավետի, Հայկաձորի դպրոցներում: Հարցրինք՝ այդ դեպքում ինչո՞ւ են կառավարման խորհրդի կազմից եւս դաշնակցականներին հանում: «Հավատացեք, որ այս փոփոխությունները միտված են խորհրդի կազմը բարելավելուն: Նոր մարզպետը ոչ թե հաշվի է առնում մարդու կուսակցական պատկանելությունը, այլ պրոֆեսիոնալիզմը: Նա փորձում է խորհուրդները համալրել ֆինանսիստ-տնտեսագետներով, մանկավարժներով»,- պարզաբանեց կրթության վարչության պետը: Դաշնակցականներն էլ վստահեցնում են, որ իրենց կուսակիցների կողմից ղեկավարած դպրոցներում ֆինանսատնտեսական խիստ ստուգումներ են անցկացնում՝ անհիմն պատճառներով նկատողություններ են տրվում, գործատուի հետ կնքած պայմանագրերում թերություններ են գտնում եւ այլն: Դաշնակցականների համոզմամբ, այս ամենն արագացնում են, որպեսզի շաբաթ օրը Գյումրիի օրվա կապակցությամբ Գյումրի ժամանող Սերժ Սարգսյանին զեկուցեն, թե քանի դաշնակցականներից են ազատվել: Ըստ դժգոհողների՝ իրենց հետ նման կերպ վարվելու պատճառն այն է, որ ՀՅԴ-ն որոշել է նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալ:

Տեղեկացնենք, որ, բացի դաշնակցականներից, Շիրակի մարզպետը պատրաստվում է աշխատանքից հեռացնել նաեւ մեկ քաղծառայողի` սոցապ բաժնի պետ Աշոտ Հարությունյանին: Ըստ մեր տեղեկությունների, Նանյանը գոհ չէ պաշտոնյայի ղեկավարած «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի արդյունքներից: Ա. Հարությունյանին առայժմ հաջողվում է խուսափել սեփական ձեռքով ազատման դիմում գրելուց, որովհետեւ այս պահին հիվանդ լինելու պատճառով «բյուլետենի մեջ է»:

Բարձրացված հարցերի վերաբերյալ պատրաստ ենք լսել նաեւ մարզպետ Լիդա Նանյանի պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել