Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի ու ալյուրի թանկացումն անխուսափելի էր

Հոկտեմբեր 04,2007 00:00

Այսպիսի եզրակացության եկավ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում պարենային ցորենի եւ ալյուրի շուկաներում անընդմեջ գների աճ է արձանագրվում: Ցորեն ներկրող խոշոր ընկերությունների սեփականատերերը հավաստում են, որ եթե նախորդ տարի 1 տոննա ցորենը Ռուսաստանից ներկրում էին $270-290, ապա այսօր այն գնում են $390-ով: Ցորենի թանկացումներով պայմանավորված՝ նախորդ ամիս 20-30 դրամով թանկացավ նաեւ հացը, ինչը զգալի անդրադարձավ աշխատավարձով ապրող ընտանիքի ծախսերի վրա:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետները՝ պարզելու համար, թե ցորեն ներկրողները հիմնավորվա՞ծ են գները բարձրացրել, թե՝ ոչ, այդ դաշտում, ինչպես նաեւ հացամթերքի շուկայում ուսումնասիրություններ են արել: Երեկ հրավիրած նիստում հանձնաժողովը ներկայացրեց այդ ուսումնասիրության արդյունքները: Հայտնի է, որ Հայաստան ցորեն ներկրող խոշորագույն տնտեսվարողները երկուսն են՝ «Մանանա Գրեյնը», որի սեփականատերն է գործարար Գուրգեն Նիկողոսյանը եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս Գրուպ» ընկերությունը: Նրանցից առաջինը ցորենի ներկրման ծավալներով զբաղեցնում է շուկայի 35,8, իսկ երկրորդը՝ 35,6%-ը: Այսինքն՝ երկու ընկերությունները միասին շուկայում, այսպես ասած՝ «գնային եղանակ» են ստեղծում: Ինչպես հանձնաժողովի մասնագետներն են պարզել՝ Սամվել Ալեքսանյանը 2006-2007-ի ընթացքում ցորենի ներկրման գինը ներկայացրել է ճիշտ այնքան, որքան եղել է համաշխարհային շուկայում եւ իրացման գինն էլ բարձրացրել է դրան համապատասխան: Իսկ «Մանանա Գրեյնը» ցորենի գինը բարձր է սկսել ներկայացնել 2007-ի առաջին կիսամյակի վերջում միայն, այսինքն՝ Գ. Նիկողոսյանը կամ նախապես ներկրված ցորենի որոշակի խմբաքանակ է ունեցել, կամ կարողացել է տարեսկզբին դրսից ավելի էժան ցորեն գնել: Համենայնդեպս, ցորենի թանկացման վերաբերյալ այդ ընկերության բացատրությունները հանձնաժողովը հիմնավոր է համարել:

Ներկրող ընկերությունները ցորենի գնի բարձրացումը պայմանավորում էին համաշխարհային ցորենի շուկայում գնաճով: Ըստ հանձնաժողովի, իսկապես, երաշտի պատճառով այս տարի հացահատիկային կուլտուրաները շատ են տուժել, ցորենի բերքը պակասել է եւ դրանով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում ցորենը թանկացել է: Բացի այդ, ցորենի 1 կգ-ի մաքսային արժեքը նույնպես բարձրացել է, ուստի Հայաստանում ցորենի, ինչպես նաեւ հացի թանկացումն անխուսափելի էր:

«Արդեն 15 տարի է՝ ցորենի ներկրման շուկայում ենք, սակայն այսպիսի գնաճ ես երբեւիցե չեմ հիշում: Ցորենի գինը մենք չենք որոշում, դեռ ավելին՝ նկատի ունենալով մեր երկրի սոցիալական վիճակը՝ աշխատում ենք այն ձեռք բերել հնարավորինս էժան»,- «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց «Մանանա Գրեյնի» սեփականատեր Գ. Նիկողոսյանը: Ըստ նրա, բացի մաքսերից, իրենք ստիպված են պահեստավորված ցորենի համար վարձ տալ. «Գնալով այդ վարձը բարձրացնում են ու լրացուցիչ ծախս է լինում»:

Տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տվյալների հիման վրա հանձնաժողովը պարզել է, որ մեկ շնչին բաժին է ընկնում օրական 100 գր. ալյուր: Նկատենք, որ ցորեն արտադրող գյուղացիական տնտեսությունները եւ շատ այլ տնտեսվարողներ գործում են հարկային դաշտից դուրս, հետեւապես նրանց գործունեությունն ու արտադրանքի ծավալները հնարավոր չէ հաշվարկել: Հանձնաժողովը «Սալեքս Գրուպ» եւ «Մանանա Գրեյն» ընկերությունները ցորենի այլուրի շուկայում գրանցեց գերիշխող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել