«Առավոտի» հարցին, թե իր կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ՀՅԴ ղեկավարների հետ ինչո՞ւ այդքան ցավագին ընդունվեց իշխանամետ մամուլի կողմից՝ «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ցավագին ու թշնամաբար է ընդունվում ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ՀՅԴ-ի հետ, այլ ընդհանրապես՝ քաղաքական դաշտում նրա ցանկացած քայլ ու նրա ողջ քաղաքական գործունեությունը:
Սկզբում, երբ դեռ նոր էին ծավալվում քաղաքականություն նրա վերադարձի մասին խոսակցությունները՝ նրանք հանգիստ էին: Կարծում էին, թե նա «խոհեմ ու շրջահայաց» մարդ լինելով՝ դժվար նման քայլի դիմի, բայց սեպտեմբերի 21-ին հնչած ելույթից հետո մարեց այդ կապակցությամբ նրանց ունեցած վերջին հույսը: Ու արագ անցան իրենց համար հարազատ՝ սպառնալիքների ու բանսարկությունների մարտավարությանը: Խոսքը միայն հնչած ծիծաղելի սպառնալիքների մասին չէ: Հոխորտանքներից ու սպառնալիքներից բացի՝ իշխանությունները նախաձեռնել են նաեւ այդ ելույթը մարդկանց խեղաթյուրված ներկայացնելու գործընթաց՝ կատարումը վերապահելով հեռուստաէկրաններից երբեւէ չիջնող ու ընդդիմադիրի դերակատարում ստանձնած գործիչների, որոնք այս անգամ չհաջողացրին ԱԺ մտնել: Ուղղակի այս անգամ կցվելու հարմար շոգեքարշ չգտնվեց: Քաղաքական դաշտում կամ ավելի ճիշտ՝ հեռուստաէկրաններին մնալու ակնկալիքով ահագին ժամանակ է, ինչ զբաղված են Տեր-Պետրոսյանի ելույթի մեկնաբանմամբ: Օգտվելով առիթից, որ մեզանում ազատ որեւէ հեռուստաալիք չկա, որը կկարողանար հասարակությանն այդ ելույթը մատուցել, եւ որ շատերն այն անձամբ չեն լսել՝ կանխամտածված այն խեղաթյուրելով՝ լուծում են մարդկանց ապակողմնորոշելու խնդիր: ՀՅԴ-ի հետ հանդիպումն էլ նշված ելույթի պես այդքան ցավագին է ընդունվում, որովհետեւ այն հող է նախապատրաստում քաղաքական պայքարի եւ գաղափարական բախման համար: Այն կարող է քաղաքական դաշտ ստեղծելու հիմք հանդիսանալ, իսկ նման դաշտում մեր ապաքաղաքական իշխանությունները միայն մոլորվել կարող են: Նրանց օտար եւ անհասկանալի է այդ դաշտը: Այնտեղ նրանք կողմնորոշվել չեն կարող եւ անկասկած պարտվելու են: Պարտվելու է ոչ միայն իշխանական կլանը, այլեւ այն բոլոր ուժերը, որոնք իշխանությունների հետ չեն, բայց իրենց գործողություններով կամա թե ակամա ամեն ինչ անում են գործող ռեժիմի գոյությունը երկարաձգելու համար»: