Բայց քաղաքացիներին առաջարկում է կենտրոնանալ
Աշոտ Բլեյանը, ով 1998թ. նախագահական ընտրություններում առաջադրվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ, երեկ, ի պատասխան «Առավոտի» հարցադրման, հայտարարեց, որ առաջիկա մրցապայքարին որպես թեկնածու չի մասնակցի. «Իմ ծրագրերում դա չկա: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում շատ մարդիկ կխնայեն իրենց ռեսուրսները: Եթե 1998թ. այդ միջոցառումն արժեր X գումար, ժամանակ եւ ջանք, եւ դա ինձ ու ինձ նման այլ մարդկանց համար հասանելի էր, հիմա…»: Նա նաեւ իր առաջադրման համար հասարակական պահանջ չի տեսնում: Բայց քանի դեռ նախագահի թեկնածուների առաջադրումները պաշտոնապես չեն եղել, Բլեյանը խորհուրդ է տալիս «եթե»-ներով ու «ապա»-ներով «գյալաջի չանել»՝ մեջբերելով Շվեյկին՝ եթե մորաքույրս տղամարդ լիներ, նրան քեռի կասեի: Ավելին՝ քաղաքացիներին առաջարկում է այսօր կենտրոնանալ կյանքը փոխելու վրա. «Նախագահական ընտրությունները, նախագահի պաշտոնը, իհարկե, կարեւոր են, բայց կյանքը դրանով չի սկսվում եւ ավարտվում: Ես չեմ ուզում իմ անելիքը դնել մի կողմ եւ էլի սպասել, թե ով նախագահ կդառնա: Նախագահն առանձին, ով ուզում է լինի, կարո՞ղ է առանց մեզ հասարակական կյանքում փոխել ինչ-որ էական բան: Իսկ մենք փոխվե՞լ ենք, ավելի մեծ պատասխանատվություն ստանձնե՞լ ենք»:
Այս համատեքստում մեր առաջարկով անդրադառնալով առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթին՝ Բլեյանը մեկ միտքը հատկապես կարեւորեց՝ Հայաստանի հզորությունը, գլխավոր ռեսուրսը աշխարհի առջեւ իր բացված լինելն է կամ կարող է դա լինել: Խնդիրն այլ է՝ ինչպե՞ս կուչ եկած Հայաստանը բացել։ Միշտ հանդես գալով հենց այդ դիրքից՝ պարոն Բլեյանը շարունակեց. «Ամենամեծ հայրենասիրությունն այսօր հայաստանցիների համար հենց այլասիրությունն է: Այս ընտրություններով կձեւավորվի՞ այն քաղաքական ուժը՝ իր ժողովրդի քվեն ստացած լիդերով, որը կկարողանա մեր հասարակությանը եւ մեր հարեւան ժողովուրդներին ընդունելի համակեցություն հաստատել: Ես փոխզիջման մասին չեմ խոսում, հենց համաձայնության ու համակեցության, որոնք շատ են ուշանում: Իսկ դա չի կարող կայանալ առանց իմ ու ձեր ակտիվ, ստեղծագործական աշխատանքի»: Ընտրությունները դիտարկելով նման աշխատանքի պարտադրանք՝ Աշոտ Բլեյանն առաջարկում է ձերբազատվել «մեր իսկ ստեղծած ոչ լեգիտիմ կյանքից, որն այլեւս անտանելի է: Հայաստանը պե՛տք է ունենա օրինական ընտրված նախագահ: Հասարակությունը պետք է հաղթահարի վախը կամայականությունից, որպեսզի քաղաքացին անպատասխանատու «քյալագյոզից» վերածվի պատասխանատու անհատի»: Ու պաշտոնապես հայտարարում է. «Իբրեւ քաղաքացի՝ ես չեմ կեղծի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման որեւէ փուլում, իմ պաշտոնն ի չարը չեմ գործադրի որեւէ թեկնածուի օգտին, հնարավորություններիս շրջանակում կնպաստեմ հասարակական համաձայնությանը, որ ունենանք օրինական ընտրված նախագահ: Եվ եթե իմ գիտակցության մեջ մեխվի, որ այսինչն օրինական ընտրված է՝ ես շահած կլինեմ, անկախ նրանից՝ նա իմ նախընտրած թեկնածո՞ւն է, թե՞ ոչ»: Միեւնույն ժամանակ, փաստելով, որ ազատ եթեր չունենք, նա կարծիք է հայտնում, որ ազատ ընտրության ակնկալիքները, մեղմ ասած, մեծ չեն: