Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ԹԻՄԻՑ

Հոկտեմբեր 04,2007 00:00

\"\"Քաղաքագետ Մանվել Սարգսյանը չբացառեց ՀՀ առաջին նախագահի վերադարձի պարագայում քաղաքական դաշտի վերաձեւումը:

Փաստ է, որ սեպտեմբերի 21-ից ի վեր Հայաստանում մամուլի, քաղաքական շրջանակների եւ հասարակության համար թիվ մեկ քննարկման առարկան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անակնկալ ելույթն է եւ նույնքան անակնկալ ու սենսացիոն այցը ՀՅԴ գրասենյակ: Ու թեեւ Լ. Տեր-Պետրոսյանը որեւէ հստակություն չի մտցրել առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման հարցում, այդուհանդերձ, դիտորդներն ու քաղաքական փորձագետները հակված են կարծելու, որ նրա առաջադրումն անպայման լինելու է: Քաղաքագետ, ՀՀ-ում ԼՂՀ-ի նախկին ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե Լ. Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 21-ին ունեցած ելույթն ու նրա հայտնությունը քաղաքական դաշտում ժամանակավրեպ քայլ լիներ, թերեւս, աննկատ կանցներ: «Լ. Տեր-Պետրոսյանի ի հայտ գալը բերեց նրան, որ Հայաստանի ամբողջ ինֆորմացիոն դաշտը միանգամից փոխվեց»,- նկատեց քաղաքագետը: ՀՀ առաջին նախագահի շուրջ ստեղծված աժիոտաժը Մ. Սարգսյանը բացատրեց նրանով, որ Հայաստանում քաղաքական վակուում գոյություն ուներ: Խորհրդարանական ընտրություններից հետո բացարձակ մեծամասնություն ստացավ իշխանական մեկ կուսակցություն, իսկ գործող ընդդիմության մեծ մասն ուղղակի դուրս մղվեց ԱԺ-ից: «Դրանից հետո խոսվում էր, որ ընդդիմադիր դաշտը դեւալվացվել է, որ նման գործոն չկա: Հաղթող կուսակցությունը հայտարարում էր, որ ամեն ինչ արդեն պարզ է, քաղաքական հարցերը լուծվել են ԱԺ ընտրություններում, նախագահական ընտրությունները, ըստ էության, ձեւականություն են եւ այլն: Մարդիկ որոշել էին, որ ամեն ինչ միանշանակորեն պարզ է: Եթե դա համապատասխաներ իրականությանը, որեւէ գործոն չէր կարող ազդեցություն ունենալ իրավիճակի վրա: Այսօր արդեն կարելի է ասել, որ դա արհեստածին վիճակ էր եւ բոլորովին կապ չուներ իրականության հետ, ուստիեւ՝ Լ. Տեր-Պետրոսյանի հայտնությունը ներքաղաքական պայթյունի հանգեցրեց»,- արձանագրեց քաղաքագետը՝ հավելելով, որ նման իրավիճակներ ՀՀ-ում էլի են եղել ոչ հեռու անցյալում, օրինակ՝ Կարեն Դեմիրճյանի քաղաքական վերադարձի ժամանակ, երբ «մի վայրկյանում ամեն ինչ փոխվեց, որովհետեւ այն ժամանակ էլ արհեստածին մեռյալ վիճակ էր»:

Ի պատասխան մեր հարցին, թե՝ արդյոք Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի ընտրություններում քաղաքական եւ ներիշխանական դաշտերում ուժերի հարաբերակցության փոփոխություն կառաջացնի՞, քաղաքագետն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչ կլինի: Ես նկարագրեցի ընդհանուր շոկի այս մթնոլորտը, որը նույնպես իռացիոնալ եւ արհեստածին է` ճիշտ այնպես, ինչպես մինչ այդ է եղել»: Ըստ նրա, ՀՀ առաջին նախագահի վերադարձում ռացիոնալիզմի հատիկ կլինի միայն այն դեպքում, երբ քաղաքական ասպարեզում երեւան նրա հետ գործող թիմը եւ ծրագրային մոտեցումները: Մ. Սարգսյանի համոզմամբ, այն կերպարը, որով ՀՀ առաջին նախագահը ներկայանում է հիմա, շատերի, նույնիսկ իր զինակիցների համար շոկային անակնկալ էր եւ չէր համապատասխանում այն վերացական կերպարին, որին նրանք սպասում էին. «Իմ կարծիքով, նրա կերպարի փոփոխությունը երեւաց իր ելույթում»: Քաղաքագետի դիտարկմամբ, ՀՀ առաջին նախագահի ելույթի առանցքը Հայաստանի քաղաքական համակարգի որակական բնութագրումն էր ոչ թե որպես նորություն, այլ որպես փոփոխության ենթակա հանգուցային խնդիր. «Նա կանգ առավ հե՛նց դրա վրա եւ քայլ արեց, որով ցույց տվեց, որ ինքը ոչ թե «նախկին նախագահ» կերպարն է, այլ ուրիշ գործիչ, որը, կարծում եմ, ընկալելի չէ: Դա, իհարկե, կանցնի, եթե մատնանշվեն գոյություն ունեցող համակարգը փոխելու, սահմանադրական կարգի հաստատման տեխնոլոգիաները, որոնցով նա պետք է իրականացնի այն, ինչ ասել է իր ելույթում, եթե դա բերվի «հրամանի» վիճակի՝ նոր միայն կարելի է ասել, որ դա կհանգեցնի քաղաքական դաշտի ինչ-որ վերաձեւումների: Տեր-Պետրոսյանն ինքը նկարագրեց՝ Հայաստանում գործում է հստակ ձեւավորված քաղաքական ռեժիմ՝ կայուն, ուժեղ: Շատերին է թվում, թե այս համակարգը կայուն է, բայց պատմությունը վկայում է, որ շատ կայուն համակարգեր են փլուզվել այն պատճառով, որ հենված են եղել հեղհեղուկ տարրերի վրա: Իսկ համակարգը կարող է փլուզել միայն նոր որակի ուժը, որը գիտի, թե դա ինչ է եւ ինչպես կարելի է հաղթահարել: Թվում է թե Տեր-Պետրոսյանը շոշափում էր այդ խնդիրը եւ էությունը լավ էր հասկանում: Այդ տեսակետից իր հայտնությունը շատ հետաքրքիր էր»:

«Նախկին» իշխանություններին հարողների ճամբարում ասում են, թե Տեր-Պետրոսյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն խուճապ է առաջացրել իշխանական ճամբարում: Արդյոք Մ. Սարգսյանը նման երեւույթներ նկատե՞լ է իշխանական գործիչների ելույթներում, հայտարարություններում կամ գործողություններում: «Հայտարարություններում, այո, դա շատ է երեւում՝ անորոշություն, շողուլից ընկած վիճակ: Ես չգիտեմ՝ դա խուճապի՞ց է, թե՞ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում»: Հնարավո՞ր է, որ ՀՀ առաջին նախագահի առաջադրման պարագայում իշխանական ճամբարում առնետավազք լինի` այնպես, ինչպես եղավ 1998-ի հունվար-փետրվարին: «Ամեն ինչ կախված է քաղաքական նոր երեւույթների որակից: Հնարավոր չէ, որ հասարակության ներսում ձեւավորվի քաղաքական նոր ուժ եւ իրավիճակը մնա նույնը: Նման դեպքերում անմիջապես ամեն ինչ սկսում է խարխլվել: Դա քաղաքականության օրենքն է»,- կարծիք հայտնեց Մ. Սարգսյանը, որի դիտարկմամբ, այդ համատեքստում կարեւոր է Տեր-Պետրոսյանի թիմի որակը, որովհետեւ, ըստ քաղաքագետի, «հզոր որակներ ունեցող թիմի դեմ թույլ որակը երբեք չի դիմացել»:

Չէինք կարող քաղաքական փորձագետին չհարցնել ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ՀՀ առաջին նախագահի արած հայտարարության վերաբերյալ նրա տեսակետի մասին: «Չեմ կարծում, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում իշխանության համար պայքարում Ղարաբաղի խնդիրը որպես կենտրոնական հարց դիտարկվի, որովհետեւ որեւէ մեկը չի կարող այդ հարցում այլընտրանքներ առաջադրել: Եթե խնդրում հստակ այլընտրանքներ չկան, այն քաղաքական պայքարում երբեք խնդիր չի դառնա: Տեր-Պետրոսյանն էլ ասաց, որ այս պահին ինքը խնդրի կոնկրետ լուծում չունի: Հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ ցանկություն ունենան ԼՂ հարցը առաջին պլան մղել՝ երկրորդելու համար քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, որովհետեւ դա իշխանության համար ծանր խնդիր է: Գուցե այս իշխանության համար հաճելի կլիներ, որ Տեր-Պետրոսյանը հայտարարեր, թե Ղարաբաղը ծախում են, եւ խոսեր միայն Ղարաբաղից: Ես չգիտեմ՝ ո՞վ եւ ո՞նց է լուծելու Ղարաբաղի խնդիրը: Թող ռեալ ասեն՝ ո՞նց, ի՞նչ մեխանիզմով են հիմա Ադրբեջանին, Ալիեւին համոզելու, որ ետ կանգնի իր կորցրածը վերադարձնելու պահանջներից. համոզելո՞ւ են, ստիպելո՞ւ են: Ո՞վ է այս մասով որեւէ բան ասել: Ոչ ոք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել