Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Հոկտեմբեր 04,2007 00:00

\"\"Խորհրդարանական թղթակիցները երեկ 21 հարց ուղղեցին վարչապետ Սերժ Սարգսյանին: Ահա այդ հարցերից մի քանիսի պատասխանները:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձին մեծ քաղաքականություն:

– Ես համարում եմ, որ հարցադրումը սխալ է կատարվում: Ի՞նչ է նշանակում՝ նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն: Իմ խորին համոզմամբ, լինի 1-ին, 2-րդ, 3-րդ թե 20-րդ՝ բոլոր նախկին նախագահները միշտ էլ բոլոր տեղերում զբաղվում են քաղաքականությամբ: Հակառակ պարագայում՝ քաղաքականությունն իրենցով կզբաղվի, եւ միշտ այդպես է լինում: Այլ խնդիր է, որ խոսք գնա նախկին պաշտոնյաների քաղաքականության մեջ ակտիվանալու կամ պասիվանալու մասին: Այստեղ, իհարկե, հարցադրումը ճիշտ է: Գիտեք, Լեւոն Տեր-Պետրոսյանի նույն ելույթը հենց սա է ապացուցում: Եթե կողք կողքի դնեք նրա ելույթը եւ մի 2-3 ՀՀՇ-ամետ թերթերի վերջին 10 տարվա գրածները՝ կտեսնեք, որ այս ելույթում թանձրուքն է այդ գրածների: Այսինքն՝ որեւէ խնդիր ես չեմ տեսնում: Քաղաքական կյանքն աշխուժանում է, եւ ես շատ նորմալ եմ դա գնահատում:

– Ժամանակին քաղաքական գնահատական չտրվեց ՀՀՇ-ական ժամանակներում տեղի ունեցածին: Այսինքն՝ այն ժամանակ չզբաղվեցիք ՀՀՇ-ական վարչախմբի գործունեությամբ, հիմա իրենք են զբաղվում Ձեր գործունեությամբ եւ քաղաքական գնահատական են տալիս Ձեր գործունեությանը: Սա համարում եք բնականո՞ն:

– Նախ, ես ակնկալում եմ, որ դուք ՀՀՇ-ական տերմինն օգտագործում եք նույն առումով, ինչ որ ես, այսինքն՝ այստեղ որեւէ վիրավորական բառ չկա, չէ՞, ասում եք ՀՀՇ-ական նույն կերպ, ինչպես՝ հանրապետական եւ այլն: Երկրորդը, յուրաքանչյուր նոր իշխանություն պիտի ձգտի գնալ միավորման: Յուրաքանչյուր նոր իշխանություն պիտի ձգտի հասարակության մեջ զարգացնել միասնականության գաղափարը, այլ ոչ թե պիտակավորել, գնահատականներ տալ: Յուրաքանչյուր քաղաքական ուժի գնահատականը տալիս է ժամանակը եւ ժողովուրդը: Եվ եթե մեկը փորձում է այսօր մեզ տալ քաղաքական գնահատական՝ չի նշանակում, թե դա ժողովրդի, ընտրողների գնահատականն է: Դա այդ մարդու մասնավոր կարծիքն է: Իսկ մեզ մոտ, փառք Աստծո, ազատությունը գնահատվող բան է, եւ ես էլ գնահատում եմ այդ ազատությունը: Ով ինչ ուզում է՝ կարող է ասել, ի՞նչ խնդիր կա: Միայն թե քաղաքական գործիչը եւ անհատը միշտ հստակ պիտի հասկանա իր խոսքի արժեքը:

– Բայց եթե առաջին նախագահը կոռումպացվածության մեջ է մեղադրում ներկայիս իշխանությունների՞ն:

– Շատ ավելի լավ կանեք, որ վերցնեք Հայաստանի Հանրապետության որոշ թերթերի, էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերը մինչեւ 1998 թվական: Կտեսնեք, որ նույն առաջին նախագահին բազմաթիվ այդպիսի մեղադրանքներով մեղադրում էին: Է, հիմա եթե դրանից նա հաճույք է ստանում՝ թող անի, ի՞նչ է եղել:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ լիազորությունների ժամկետի ավարտից հետո նախագահ Քոչարյանը նշանակվի վարչապետ:

– Ես որեւէ հիմք չունեմ ստույգ չընդունելու պարոն Քոչարյանի հայտարարությունները: Ես որեւէ հիմք չունեմ դրանում կասկածելու: Այսինքն՝ ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն Քոչարյանի մոտ:

– ՀՅԴ-ն իր նախարարներով շարունակում է մնալ կառավարությունում, բայց առաջադրելու է նախագահի սեփական թեկնածու: Դուք, որպես վարչապետ, ի՞նչ եք կարծում՝ արդյոք նպատակահարմա՞ր է ՀՅԴ նախարարների պաշտոնավարելը քարոզարշավի ընթացքում:

– Եթե այդպես լինի, մենք կտեսնենք, թե ինչպես կվարվենք:

– ԱԺ նախագահը նշեց, թե ընդունելի չի համարում պատգամավորների ներկայությունը խաղատներում: Իսկ Դո՞ւք ինչպես եք վերաբերվում, որ մեր իշխանավորներից մի քանիսը խաղատներ են այցելում:

– Դուք կարո՞ղ եք ավելի կոնկրետ բաներ ասել:

– Ասենք, հենց մեկը՝ Տիգրան Արզաքանցյանը:

– Պատգամավորի գործն է, ես կարծում եմ:

– Նաեւ խոսում են Ձեր մասին, որ այցելում եք խաղատներ:

– Չեմ ուզում բոլորի ներկայությամբ ասել, բայց մի անեկդոտ ձեզ կպատմեմ՝ ասելու մասին: Ամաչում եմ բոլորի ներկայությամբ պատմել:

– Հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին՝ առաջարկելով հետաքննել ջրաչափերի տեղադրման ծրագրում կոռուպցիայի եւ չարաշահումների մեղադրանքները: Ձեր մեկնաբանությունը:

– Այս առիթով մեկնաբանություն եղել է, հարցը նոր չէ: Դեռեւս անցյալ տարի այդ ինժեները, որ աշխատում էր իտալացիների հետ (խոսքը բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերի մասին է, որը հետաքննություն էր սկսել Հայաստանի ԱԺ հանձնաժողովներից մեկի հանձնարարությամբ.- Ա. Ի.), հետո ֆրանսիացիները նրան աշխատանք չտվեցին, հետո այլ գործընթացներ տեղի ունեցան, նա իրոք դիմեց Համաշխարհային բանկին: Համաշխարհային բանկը ստուգեց, տեսավ, որ որեւէ լուրջ, տեսանելի խախտում չկա: Ես կարծում եմ, չնայած դրան՝ մենք մեկ անգամ եւս կանդրադառնանք, որովհետեւ մեզ համար չափազա՜նց կարեւոր է անգլիացի մի ինժեների կարծիքը: Չափազա՛նց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել