Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5-ԱՄՅԱ «ՄԵԱ ԿՈՒԼՊԱ»

Հոկտեմբեր 03,2007 00:00

Արդեն 5 տարի է՝ ամեն անգամ հեռուստագովազդում հնչում է, թե «Մեա կուլպան» վերջին անգամ է խաղացվելու եւ զգուշացնում են, թե տոմսերն էլ սահմանափակ են: Բայց ներկայացումը այդպես էլ բեմից չի իջնում:Օրերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին դերասան Հրանտ Թոխատյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, բեմադրիչ Արթուր Սահակյանը, արձակագիր Վահրամ Սահակյանը եւ դերասան Սամսոն Ստեփանյանը: Հ. Թոխատյանը հայտնեց, որ լրացել է «Մեա կուլպա» կամ «Իմ մեղքը» ներկայացման հնգամյակը, ինչի առիթով էլ հավաքվել են. «Մեա կուլպան» ամեն անգամ անցնում է լեփ-լեցուն դահլիճներում: Մինչդեռ մեր ստեղծագործական խումբը կարծում էր, որ կխաղանք ամենաշատը 10-15 անգամ: Իհարկե, կան որոշ տեսարաններ, որ կորցրել են իրենց հրատապությունը»: Ռ. Գեւորգյանցն էլ ասաց, որ սովորաբար շատ ներկայացումների ժամանակ ինքը քնում է. «Բայց երեք անգամ նայել եմ այդ ներկայացումը եւ տարօրինակ է, որ ոչ մի անգամ չքնեցի: Անկեղծ ասած, այս բեմադրությունն ինձ շատ է դուր գալիս: Այն բարդ շերտավորումներ ունի»: «Առավոտի» հարցին, թե «Մեա կուլպան» երբեւէ կմտնի՞ որեէ թատրոնի խաղացանկ, Հ. Թոխատյանը պատասխանեց. «Ոչ, երբեք: Այն իր տեսակով չի պատկանում որեւէ թատրոնի: Պարզապես կդառնա մեր թատերախմբի խաղացանկային ներկայացումներից մեկը: «Մեա կուլպան» բեմի վրա կմնա այնքան, ինչքան հանդիսատեսը կցանկանա»: Հ. Թոխատյանը նշեց. «Շատ հաճախ մեզ պիտակներ են կպցնում, թե իբր «Մեա կուլպայի» նման ներկայացումները շոուներ են, ասում են՝ երգել ու պարել բոլորս էլ կարող ենք: Սխալվում են այդ մարդիկ: Սա ծանր ոճ է: Վերցնել լուրջ թեմա եւ ներկայացնել թեթեւ ոճով, չեմ կարծում, թե այդքան հեշտ է: Մեծ ջանքեր են պահանջվում այսպիսի ներկայացումների համար: «Մեա կուլպան» ո՛չ շոու է, ո՛չ ֆարս, ո՛չ էլ մանրապատում: Այն դրամատիկ գործ է»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ տարբերություն կա «Խաթաբալադայի» եւ «Մեա կուլպայի» միջեւ: Հարցին պատասխանեց Վահրամ Սահակյանը. «Խաթաբալադան» հիմնված է մի թեմայի վրա. դա մարդու բարոյալքումն է: Մարդ, որն ունի հրաշալի գաղափարներ, չունի հոգու ամրություն: Դրա համար էլ կարող է ենթարկվել ամեն տեսակի գայթակղությունների եւ վերջում դառնալ բռնակալ: Իսկ «Մեա կուլպայի» առավելությունն այն է, որ այստեղ կա հավերժական մի թեմա՝ խղճի թեման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել