Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ

Հոկտեմբեր 03,2007 00:00

\"\"Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկում է շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունը: Այս տարիքային խմբի վարկանիշն այնքան բարձր է, որ չեմպիոնին միանգամից գրոսմայստերի կոչում է շնորհվում, ինչպես անցած տարի եղավ Զավեն Անդրիասյանի պարագայում:

Առաջնության մասնակիցների հիմնական մասն արդեն ժամանել է Երեւան եւ տեղավորվել «Անի» հյուրանոցում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան նման մակարդակի մրցաշարերի կազմակերպման հարուստ փորձ ունի: Սակայն երեկվա դրությամբ Շախմատիստի կենտրոնական տանն իրականացվող նորոգումն ամբողջությամբ դեռ չէր ավարտվել: Բացի դա, շենքի հենց առջեւ ճանապարհաշինարարական մեծ աշխատանքներ են ընթանում եւ տեխնիկայի աղմուկը, փոշին կարող են խանգարել մրցաշարի նորմալ ընթացքին: Մեր այս մտահոգությունները երեկ փարատեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Թավադյանը: «Խնդիրներ չեն լինի,- ասաց նա:- Շախմատի տան նորոգումը նախատեսված է եղել կատարել երկու փուլով, մինչեւ այս առաջնության մեկնարկը եւ ավարտից հետո: Հիմա զբաղված ենք մաքրության հաստատումով: Վաղն ամեն ինչ պատրաստ կլինի: Ինչ վերաբերում է դրսի աշխատանքներին, շինարարների հետ պայմանավորվել ենք, որպեսզի մրցման ժամերին դադարեցնեն աշխատանքը»:

Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը նույնպես հույս հայտնեց, որ այս անգամ շինարարներն իրենց խոստումը չեն դրժի, ինչպես եղավ Համահայկական խաղերի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել