Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարն ու ՀԳՄ նախագահը խուսանավեցին

Հոկտեմբեր 03,2007 00:00

Հասմիկ Պողոսյանն ու Լեւոն Անանյանը չքննադատեցին Հովեյանին

«Արմենպրեսի» մամուլի սրահում երեկ հրավիրված ասուլիսի հյուրը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էր, թեման՝ նոր կառավարությունում իր 100-օրյա գործունեության արդյունքները, ոլորտում առկա խնդիրներն ու իրականացվող ծրագրերը: Նախարարը հայտնեց, որ 2007 թ. հունվարից սկսած՝ մոնիտորինգային ծրագրով արդեն ամփոփվել է մշակութային դաշտի ուսումնասիրությունը, ինչի հիման վրա էլ կառուցվել է նախարարության հետագա քաղաքականությունը: Հ. Պողոսյանի խոսքերով, այս տարի ընդունվել են 2 կարեւոր հայեցակարգեր, որոնցից մեկը վերաբերում է մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, մյուսը՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը: Դառնալով վերջին շրջանում մարզերում տարբեր կոլեկտիվների հյուրախաղային ծրագրերին, տիկ. Պողոսյանը փաստեց. «Երբեմն պատահում են մարզային կառույցների այնպիսի ղեկավարներ, որոնց թվում է, թե դա միայն մշակույթի նախարարության պարտականությունն է»: Նախարարը հայտնեց, որ մարզերի թատերական խմբերին, երաժշտական կոլեկտիվներին եւ անհատներին, 2008 թ. սկսած, տրամադրվելու են պետական դրամաշնորհներ. «Այժմ մշակում ենք դրանց հանձնման կարգը: 10 օրից փաստաթուղթը կներկայացվի կառավարության հաստատմանը»:

Խոսելով միջազգային համագործակցության մասին, տիկ. Պողոսյանը հայտնեց, որ աշնանը Բելառուսում, Չինաստանում եւ Իտալիայում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Նա անդրադարձավ նաեւ հեռուստաթատրոնի «վերակենդանացմանը»՝ նշելով, որ վերջինիս մասին հանձնարարականն արդեն տրված է Հ1-ին, եւ 2008-ից հեռուստադիտողը ամիսը մեկ անգամ հնարավորություն կունենա դիտել հեռուստաներկայացումներ: Նախարարը հայտնեց, որ իր ղեկավարած գերատեսչության բյուջեն արդեն 6 միլիարդ դրամ է եւ գոհունակությամբ հավելեց. «Մեր մշակույթի նման ֆինանսավորումը հարիր է բոլոր զարգացած երկրներին»:

«Առավոտը» հետաքրքրվեց Հասմիկ Պողոսյանից՝ իբրեւ մշակույթի նախարար եւ իբրեւ կին ինչպե՞ս է գնահատում իր նախորդի՝ Հովիկ Հովեյանի՝ «Ժամանակ Երեւան» թերթի լրագրողին արված այն հայտարարությունը, թե բոլոր կին լրագրողներն անբարոյական են: Տիկ. Պողոսյանը խուսափողական պատասխանեց. «Ինձ համար կինը կին է: Կնոջը որպես լրագրող, ոչ լրագրող, ոչ էլ որպես նախարար չեմ առանձնացնում: Ինձ համար կինը կին է մնում իր բարոյականությամբ… Ես ձեր հարցի մասին որեւէ բան չեմ կարող ասել: Կաշխատեմ որակումներ չտալ: Եթե ուզում եք, կարող եք հարցն ուղղել մշակույթի նախկին նախարարին»:

Կապվեցինք նաեւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի հետ՝ ՀԳՄ նախկին քարտուղար եւ ներկայիս անդամ, բանաստեղծ Հովիկ Հովեյանի հայտարարության վերաբերյալ գրչակցի գնահատականը ստանալու ակնկալիքով: «Հովիկ Հովեյանը շատ կնամեծար, ասպետ նկարագրի տեր գրող է: Ժամանակ չունեմ դեղին մամուլը կարդալու, բայց կարծում եմ, որ կամ «Ժամանակ Երեւանի» թղթակիցն է վատ ընկալել նրա խոսքերը, կամ Հովիկ Հովեյանը հարցի իմաստը չի հասկացել… Կրկնում եմ՝ Հովիկ Հովեյանը կնամեծար է, իսկ այս անցուդարձի մեջ ես թյուրիմացության կամ սկանդալի տարր եմ տեսնում»,- հեռախոսով անդամին պաշտպանեց Լ. Անանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել