Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դպրոցից դուրս են մնում

Հոկտեմբեր 03,2007 00:00

Նախադպրոցական հաստատություններ քիչ են հաճախում

«Անկախության առաջին տասնամյակի ընդհանուր լիբերալության պայմաններում Հայաստանի կրթական դաշտի երկու ոլորտում վրիպումներ ենք թույլ տվել: Մեկը ոչ պետական՝ մասնավոր բուհերի ստեղծումն էր, մյուսը նախադպրոցական կրթական համակարգում օրենքով կարգավորվող պայմաններ չստեղծելն էր: Այդ պատճառով էլ այժմ ցանկացած ոք կարող է ՍՊԸ բացվել եւ սկսել նախադպրոցական բնույթի ծրագիր»,- «Կրթական բարեփոխումները եւ նախադպրոցական կրթության հիմնախնդիրները արդի փուլում» թեմայով կլոր սեղանի ժամանակ երեկ հայտարարեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա փաստեց, որ այդ վրիպումների պատճառով տվյալ ոլորտներում Հայաստանը ետ է մնում միջազգային չափանիշներից: «Կրթական ոլորտի ամենաթույլ օղակներից մեկը նախադպրոցական կրթությունն է, որն ամենաշատն է տուժել անկախության տարիների դժվարություններից: Ջախջախվել է նյութատեխնիկական հիմքը, ներուսուցչական կազմը տարիներ շարունակ վերապատրաստումներ չի անցել, իրավական դաշտում էլ խստացումներ են պետք: Հարեւան երկրների հետ համեմատած՝ Հայաստանում թույլ է երեխաների ներգրավվածությունն այս համակարգում»,- նշեց պրն Մկրտչյանը: ԿԳ նախարարության նախադպրոցական կրթության բաժնի պետ Հասմիկ Միտոյանն էլ «Առավոտին» ներկայացրեց մարզերում տիրող իրավիճակը. «Գյուղական համայքներում հատկապես ցավոտ է նախադպրոցական հաստատություններում երեխաների սակավության հարցը: Խնդիրներ կան նյութատեխնիկական բազայի ապահովվածության, շենքային վատ պայմանների առումով»: Տիկ. Միտոյանից հետաքրքրվեցինք, թե մարզերում ի՞նչ վերահսկողություն է իրականացվում մասնավոր նախակրթարանների գործունեության առումով. «Նախադպրոցական կրթական գործունեությունը եւս ներառվել է լիցենզավորման գործընթացում: Ոչ պետական սեկտորը ոչ թե անվերահսկելի է մարզերում, այլ ունի առանձնահատկություններ: Քաղաքներում ունենք համայնքային կրթական բաժիններ, իսկ գյուղական վայրերում դրանք գոյություն չունեն: Առաջիկայում յուրաքանչյուր համայնք հաշվետվություն պիտի ներկայացնի տվյալ մարզպետարանին, վերջինս էլ տարածքային կառավարման նախարարությանը»: Առաջին անգամ հրատարակվել է մանկապարտեզի տնօրենի ուղեցույց: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ էլ ՀՀ 5 մարզերի (Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի) նախակրթարանների 450 դաստիարակների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Շելդոն Յեթը նկատեց. «Հայաստանում երեխաների ընդամենը 21 տոկոսն է հաճախում նախադպրոցական հաստատություններ: Թերեւս նաեւ այդ պատճառով էլ աճել է դպրոցից դուրս մնացող երեխաների թիվը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել