Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ՝ ՀԵՏԱՊՆԴՈ՞ՒՄ

Հոկտեմբեր 03,2007 00:00

\"\"«Կոչերի» համար շարունակելու են հետապնդել

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն» խմբակցություն) կողմից սեպտեմբերի 18-ին ներկայացվեց եւ շրջանառության մեջ դրվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր 301-րդ հոդվածը, որը վերաբերում է պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերին, ճանաչել ուժը կորցրած, այսինքն՝ առաջարկվում է հանրորեն վտանգավոր տվյալ արարքներն ապաքրեականացնել:

Երեկ «Առավոտը» դիմեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Պողոսյանին:

– Պրն Պողոսյան, արդյոք հակասություն չկա՞ 301 հոդվածի եւ գործող Սահմանադրության միջեւ:

– ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, «պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա»: Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր: Ըստ որում, պետական իշխանության հատկանիշներից է նրա հենվելը պետական հարկադրանքի վրա (իրավունք ունի կիրառել ուժ, երբ այն անհրաժեշտ է օրինական եւ արդար նպատակներին հասնելու համար): Այս հատկության կորուստը հանգեցնում է իշխանության կաթվածահար լինելուն: Այսպիսով, պետությունն իրավասու է կիրառել հարկադրանքի միջոցներ այն սուբյեկտների նկատմամբ, ովքեր իրենց գործողություններով դրդում են պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն:

Ավելին, նույն Սահմանադրության 47-րդ հոդվածով արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով: Մասնավորապես, համաձայն 47-րդ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը: Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով»: Ստացվում է, որ նախագծի հեղինակի կողմից որպես հիմնավորում ներկայացված անձի ազատ արտահայտվելու ընդհանուր սահմանադրական իրավունքից (Սահմ. 27-րդ հոդված) բացի, նույն Սահմանադրությունը՝ ի դեմս 47-րդ հոդվածի, նախատեսում է նաեւ հատուկ նորմ կամ բացառություն, որը, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ազատ արտահայտվելու ընդհանուր իրավունքի հակասություն չի համարվում. «Իրավական ակտում հակասություն չի համարվում ընդհանուր նորմից բացառության սահմանումը»: Այսինքն՝ Սահմանադրության 47-րդ հոդվածը թույլ է տալիս օրենքում նախատեսել ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումները, որն էլ իրացվել է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածում:

Օրենքի նախագծի հեղինակների կարծիքով՝ խախտվում է նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտվելու ազատություն) եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

Հարկ է նշել, որ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ազատ արտահայտվելու իրավունքի բովանդակությունը՝ սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից, որը չի ներառում պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը։

Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի. «Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձեւականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես եւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։

Այսինքն՝ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը թույլ է տալիս օրենքով սահմանել ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումներ եւ պատժամիջոցներ, որոնք անհրաժեշտ են պետական անվտանգության եւ այլնի ապահովման համար:

– Այդ դեպքում ի՞նչ եք առաջարկում:

– Առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը կամ գաղափարների տարածումը

1. ՀՀ պետական իշխանությունը կամ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններից մեկը կամ մի քանիսը բռնությամբ զավթելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն, սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն կամ դադարեցնելուն ուղղված հրապարակային կոչերը կամ գաղափարների տարածումը, որոնք տեղի են ունենում հավաքների, ժողովների, հանդիպումների ժամանակ կամ նյութերի (տեսագրություններ, ձայնագրություններ, տեղեկատվության կրիչներ, ցուցադրումներ եւ այլն) տարածման միջոցով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ այլ պետության հարձակման սպառնալիքի օգտագործմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք չեն հաջողվել իրենցից անկախ պատճառներով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել