Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԱՏԱՑԵԼ ԵՆ

Հոկտեմբեր 03,2007 00:00

\"\"Կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստանյութերը մի շարք դպրոցականների վրա վատ են անդրադարձել:

Մեր տեղեկություններով՝ նախօրեին մի շարք դպրոցներում կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստվելուց հետո տասնյակ երեխաներ վատացել են: Օրինակ՝ Շենգավիթ համայնքի թիվ 31 դպրոցի աշակերտներից մեկը պատվաստվելուց հետո այնպիսի շոկային վիճակում է հայտնվել, որ դպրոցի տնօրինությունը ստիպված է եղել շտապօգնություն կանչել՝ երեխային ուշքի բերելու համար: «Առավոտի» հետ զրույցում այդ դպրոցի տնօրեն Սվետլանա Սարուխանյանը չհերքեց, որ, իսկապես, իրենց դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներից մեկի ինքնազգացողությունը (էթիկայի տեսանկյունից նպատակահարմար չենք գտնում երեխայի անունը հրապարակել) պատվաստանյութն ընդունելուց րոպեներ անց կտրուկ վատացել է, երեխան միանգամից թուլացել է, եւ իրենք շտապօգնություն են կանչել: Տնօրենի խոսքերով՝ բժիշկների այցից հետո երեխան իրեն արդեն լավ է զգացել: Սվետլանա Սարուխանյանը, հավանաբար, չցանկանալով, որ իր դպրոցի հետ կապվի այդ դեպքը, սկսեց համոզել, որ «թու-թու-թու, ընդհանուր առմամբ, մեր դպրոցում պատվաստումները լավ անցան, ամեն ինչ շատ նորմալ ընթացավ»: Ինչ վերաբերում է 5-րդ դասարանցի այդ երեխայի հետ կապված դեպքին, տնօրենի ներկայացմամբ՝ «ըստ էության, ոչ մի վտանգավոր բան չի եղել, շոկոլադ տվեցինք՝ երեխան լրիվ ոտքի կանգնեց»: Տնօրենը բացատրեց, որ այդ երեխան վատացել է ոչ թե պատվաստանյութերից, այլ՝ որովհետեւ էպիլեպսիկ հիվանդ է: Թեեւ դպրոցներում աշակերտների հիվանդությունների մասին անպայման տեղեկություններ են ունենում, սակայն տվյալ դեպքում ծնողը երեխայի էպիլեպսիկ լինելու մասին դպրոցի տնօրինությանը չի զգուշացրել: Ավելի համոզելու համար, որ, իսկապես, այդ երեխայի վատանալու պատճառը պատվաստանյութը չի եղել՝ Ս. Սարուխանյանը տեղեկացրեց, որ պատվաստվելու օրը երեխան, բացի այն, որ քաղցած է եկել դպրոց, նաեւ հայոց լեզվից «2» է ստացել, ինչը ազդել է երեխայի վատանալու վրա. «Ամեն դեպքում, հիմա երեխայի հետ ամեն ինչ լավ է»:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 1-13-ը հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստումներ է իրականացնում: Դրա հետ կապված, ինչպես «Առավոտի» երեկվա համարում արդեն անդրադարձել ենք, մայրաքաղաքի մի շարք դպրոցներում ծնողները բողոքի մեծ ալիք են բարձրացրել, քանի որ լուրեր են շրջանառվում, որ այդ պատվաստանյութերը ժամկետանց են, առողջության համար վտանգավոր եւ որ դրանք ուղղված են ազգի գենոֆոնդը փոխելուն: Չնայած առողջապահության նախարարության մասնագետները միաբերան պնդում էին, որ պատվաստանյութերը միանգամայն անվտանգ են, սակայն այսօր արդեն, երբ պատվաստումներն անցկացնելու դեռեւս երկրորդ օրն է, բազմաթիվ բողոքներ կան դպրոցահասակ երեխաների ծնողներից:

Բացի Շենգավիթ համայնքի թիվ 31 դպրոցից, թիվ 110 դպրոցում, մեր տեղեկություններով՝ նույնպես որոշ աշակերտներ պատվաստվելուց հետո վատացել են. նրանց ջերմությունը կտրուկ ընկել է, երեխաները տեղում սառել են ու երկար ժամանակ չեն կարողացել դուրս գալ այդ վիճակից: Այս առնչությամբ թիվ 110 դպրոցի տնօրեն Տաթեւիկ Հովակիմյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ առանձին դեպքերում որոշ աշակերտներ իրենց իրոք վատ են զգացել: Ըստ տնօրենի, «պատճառը, հավանաբար, հուզմունքն էր: Մեզ բժիշկները զգուշացրել էին, որ սրսկումից հետո երեխաները կարող է իրենց այնքան էլ լավ չզգան, հնարավոր է թեթեւակի վատ լինեն: Մեր դպրոցում արտակարգ բան չի եղել, թեեւ պատվաստումից հետո երեխաները վատացել են»: Նկատենք, որ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ավելի վաղ «Առավոտին» վստահեցրել էր, որ կարմրուկի եւ կարմրախտի պատվաստանյութը որեւէ վտանգ չի ներկայացնում, եւ որ այն մարդկանց մոտ կարող է միայն աննշան ցան կամ ջերմության բարձրացում առաջացնել: Մինչդեռ ոչ միայն թիվ 110, այլեւ մի շարք ուրիշ դպրոցների աշակերտներ պատմեցին, որ պատվաստանյութն ընդունելուց հետո իրենց ջերմությունն իջել է, ոչ թե բարձրացել:

Թիվ 131 դպրոցում բարձր դասարանի աշակերտներից մեկն իր դասղեկին հայտնել է, որ գրիպ է եւ չի ուզում պատվաստվել: Դասղեկն էլ վրա է բերել, թե «քո անունն օղակի մեջ եմ դնում, որ 2 օր հետո գրիպդ անցնի՝ պատվաստվես»: Երբ երեխան դպրոցի տնօրինությանը տեղյակ է պահել, որ ծնողից դիմում կբերի, աշակերտին վստահեցրել են, որ «դիմում-միմում չի անցնում՝ պետք է պատվաստվես»:

Թիվ 99 դպրոցում պատվաստումները սկսվել են նախօրեից: Տնօրեն Լյուդմիլա Մարգարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքը ծնողական ժողով է հրավիրել ու նախօրոք բոլորին զգուշացրել, որ անպայման երեխաներին պատվաստեն: Երկու ծնող ընդդիմացել են պատվաստումներին՝ պատճառաբանելով, որ պատվաստանյութը ժամկետանց է: «Ես մեկին համոզեցի ու համաձայնությունը ստացա, իսկ մյուսը կտրուկ հրաժարվեց: Այդ ծնողը երեք երեխա ուներ, երեքին էլ չթողեց պատվաստել»,- ասաց տիկին Մարգարյանը՝ ավելացնելով, որ իրենց դպրոցում երեխաները պատվաստումները նորմալ են տանում. «Սրսկվելուց հետո երեխաները 30 րոպե նստում են, ոչ մի պրոբլեմ չի լինում: Մինչեւ հիմա լացող-փախչող աշակերտ չի եղել»:

Թիվ 12 դպրոցի տնօրեն Վլադիմիր Ստեփանյանն էլ վստահեցրեց, որ ինքը ոչ մի ծնողի չի համոզել, որ երեխաներին պատվաստեն. «Մեզ մոտ միայն կամավորության սկզբունքով են սրսկվում: Եթե ծնողները դիմում են գրում՝ չենք սրսկում: Մոտ 5 երեխա չի պատվաստվել: Երեխաներից մեկն անտիբիոտիկ է ընդունում, դրա համար չի սրսկվել»:

Նկատենք, որ հատկապես էպիլեպսիկ կամ ալերգիկ երեխաներին հակացուցված է կարմրուկ-կարմրախտի պատվաստանյութերն ընդունել: Հաշվի առնելով, որ ծնողները հաճախ չեն ուզում իրենց երեխայի «անունը հանել», նրա հիվանդությունները գաղտնի են պահում, իսկ դպրոցներում պատվաստող բժիշկները, բացի դպրոցական քարտերից, ոչ մի կերպ այդ հիվանդությունների մասին չեն կարող իմանալ, այդ դեպքում, թե պատվաստվելուց հետո ի՞նչ է սպասվում այդ երեխաներին՝ կարելի է միայն պատկերացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել