Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ

Հոկտեմբեր 03,2007 00:00

ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը երեկ հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի հետ:

Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ «Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ առաքելությունների ձախողման խնդրին, մասնավորապես Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի զեկուցող Էդդի Օ՛Հարայի՝ Հարավային Կովկաս եւ Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաեւ՝ ԵԽԽՎ բյուրոյի Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի այցերի տապալմանը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին պահին նախապայմանների ներկայացմամբ»: Պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ նախագահին առաջարկեց Բյուրոյի ուշադրությանը ներկայացնել այս խնդիրները, ինչպես նաեւ դիմել ԵԽ Նախարարների կոմիտեին եւ Գլխավոր քարտուղարին՝ համապատասխան քայլեր ձեռնարկել ԵԽ առաքելությունների իրագործման ուղղությամբ:

Անդրադառնալով 2007 թվականի հուլիսին Հարավային Կովկաս կատարած իր այցին՝ ԵԽԽՎ նախագահը, ըստ հաղորդագրության՝ «մտահոգություն հայտնեց, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին տարիներին որեւէ առաջընթաց չի արձանագրվել, այլ նկատվում է հարաբերությունների սրում եւ մթնոլորտի լարում: Այս կապակցությամբ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մատնանշեց Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները, որոնք հանգեցնում են իրավիճակի սրմանն ու լարվածության մակարդակի բարձրացմանը»:

Անդրադառնալով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Բեռլինում սառեցված հակամարտությունների վերաբերյալ կայանալիք համաժողովին՝ Դավիթ Հարությունյանն առաջարկել է որպես հակամարտության կողմ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին, ընդգծելով, որ ԼՂ մասնակցությանը կապահովի հավասարակշռություն՝ թե՛ մասնակցության, թե՛ կարծիքների ներկայացման առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել