Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ-ում գունավոր հեղափոխությո՞ւն է նախապատրաստվում

Հոկտեմբեր 03,2007 00:00

Խոսրով Հարությունյանը առաջին նախագահի վերադարձից նման «հոտ» է առնում

Որ ընդդիմությանը չի հաջողվելու նախագահական ընտրություններում մեկ թեկնածուով հանդես գալ՝ քրիստոնեա-դեմոկրատ Խոսրով Հարությունյանը միշտ է համոզված եղել: Իսկ այս ոչ պաշտոնապես մեկնարկած մրցարշավի ինտրիգը նա համարում է այն, որ իշխանությունն էլ մեկ թեկնածուով հանդես չի գալիս՝ նկատի ունենալով ՀՅԴ-ի կեցվածքը: Ամենակարեւորը, սակայն, ՔԴՄ նախագահի կարծիքով էլ, հանրապետության առաջին նախագահի ասպարեզ գալն է: Մեր զրուցակիցը համոզմունք է արտահայտում, որ «Տեր-Պետրոսյանի տրամաչափի գործիչը անկասկած պետք է անհաղորդ չմնար քաղաքական զարգացումներին», բայց տասնամյա լռությունից հետո Խոսրով Հարությունյանը Լեւոն Տեր-Պետրոսյանից ակնկալում էր «ծրագրային խոսք», որը հանրությանը կստիպեր խորհել, մտորել, ոչ թե հարցեր կծներ, ավելին՝ կրքեր կբորբոքեր: Խ. Հարությունյանը ցավով արձանագրում է, որ մրցապայքարի հիմնական դերակատարները ոչ թե երկխոսելու, բանավիճելու տրամադրվածություն ունեն, այլ՝ «իրար ոչնչացնելու եւ սեւացնելու՝ օգտագործելով բառեր, արտահայտություններ, որ ես նույնիսկ անհարմար եմ զգում: Մեր պետության առաջին դեմք լինելու հավակնորդներին հարիր չէ թիմակիցներին թույլ տալ այդ մեթոդներով աշխատել, եթե այդ նիշը ընկնի, մենք զարգացման որեւէ ակնկալիք ունենալ չենք կարող: Հուսով եմ, որ հիմնական ֆավորիտները կսաստեն իրենց թիմակիցներին եւ քաղաքական պայքարին հարիր կեցվածք կընդունեն»:

Հիմնական հավակնորդներ համարելով Սերժ Սարգսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Վազգեն Մանուկյանին եւ այս տեսանկյունից վերլուծելով իրադարձությունները՝ մեր զրուցակիցը գտնում է, որ իբրեւ ռեսուրս «տիրապետող եւ տնօրինող»՝ առավել շահեկան վիճակում է ՀՀԿ-ն: Սրան ավելացնելով կուսակցության վարչական եւ ֆինանսական հնարավորությունները՝ թիվ մեկ հավակնորդը, ըստ ՔԴՄ նախագահի, դառնում է Սերժ Սարգսյանը: Բացի այդ՝ «Իր թերություններով հանդերձ ՀՀԿ-ն դատարկ ձեռքերով չի գալիս ընտրությունների՝ Որոտանի կասկադ, Արփա-Սեւան, Սեւանի խնդրի կարգավորում, կառուցապատման հսկայական ծրագրեր, որակապես փոփոխվող Երեւան, գյուղի խնդիրների թեթեւացում եւ այլն: ՀՀԿ-ի հաղթանակի շանսերը մեծ են»:

Ինչ վերաբերում է մյուս թեկնածուների վաստակին՝ հաղթանակ պատերազմում, Խ. Հարությունյանը ասում է. «Դա բոլորինս է: Տեր-Պետրոսյանը հենց ինքը ցանկացածին լուրջ մրցակցություն կարող է բերել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ռեսուրսների հնարավորությունն ինչ-որ պահի դառնում է կարեւոր: Մինչդեռ նրա քաղաքական հենարանը՝ ՀՀՇ-ն, անհասկանալիորեն դուրս եկավ խորհրդարանական մրցապայքարից, իսկ նոր շրջապատ չի ներկայացվում: Ի դեպ, նրա շրջապատը միշտ քամուն է տվել նրա քաղաքական ռեսուրսը»: Այս համատեքստում վերլուծելով առաջին նախագահի խոսքը` պարոն Հարությունյանը երկու մեխ է տեսնում՝ հակակոռուպցիա եւ ԼՂՀ հարց, իսկ դրանք այն են, ինչ պահանջ ներկայացնում են մեր իշխանություններին միջազգային տարբեր ատյանները, խոշոր պետությունները, ուստի. «Այդ խոսքը, ինչպես ասում են, մեսիջ էր, որի հասցեատերը օտարերկրյա կազմակերպություններն էին, որտեղ ի դեմս Տեր-Պետրոսյանի` կարող էին տեսնել այդ խնդիրները կարգավորելու ունակ եւ պատրաստակամ լիդերի»: «Առավոտի» հարցին՝ «Ակնարկում եք, որ առաջին նախագահը Հայաստանում գունավոր հեղափոխությո՞ւն է նախապատրաստում», Խ. Հարությունյանը պատասխանեց. «Չգիտեմ, դա գունավոր հեղափոխության սցենար կարելի է ասել, թե ոչ, բայց ես ընդամենը կարող եմ փաստել մի բան. եթե որեւէ քաղաքական ուժ կամ լիդեր, Հայաստանի պարագայում, այսօր փորձի իր քաղաքական նպատակներին հասնելու համար ապավինել դրսին՝ հաջողություն չի արձանագրի ոչ միայն ինքը, այլ նաեւ հանրությունը: Նման դեպքում առավելագույնը, ինչ մենք կունենանք, կլինի 1996թ. իրադարձությունների դժգույն կրկնությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել