Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՅՆԺԱՄ, ԵՐԲ ՉԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ

Հոկտեմբեր 03,2007 00:00

\"\"Հակադարձում է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը

Երեկ արդեն հաղորդել ենք, որ Ռուբեն Թորոսյանի ղեկավարած «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպությունը հոկտեմբերի 1-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով Հանրային հեռուստառադիոընկերության «օրենքին հակասող գործողությունը»: Կազմակերպությունը հիշեցնում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերությունում «հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունն» արգելվում է, մինչդեռ Հ1-ի «Հայլուր» ծրագիրն իր «7 րոպեանոց հաղորդման 2,5 րոպեն տրամադրել էր» ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանին, «որն ընդարձակ հակաքարոզչություն էր իրականացնում ՀՀ առաջին նախագահի դեմ»:

Մեր խնդրանքով անդրադառնալով այս հայցին՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Ռուբեն Թորոսյանը չի հասկացել, որ օրենքն ամեն մի անհատից չի պահանջում հավասարակշռված դիրքորոշում: Այսինքն՝ քաղաքական ուժը, անձը ազատ է արտահայտել իր դիրքորոշումը՝ դա ժողովրդավարության սկզբունքն է: Ես Հանրային հեռուստաընկերության փաստաբանը չեմ, բայց այն մեղադրանքները, որոնք ուղղված են իմ հասցեին՝ լրիվ անհիմն են»:

Հիշեցնենք, որ Շավարշ Քոչարյանը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հեղինակներից է, եւ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբն» իր հաղորդագրության մեջ նշել է, թե ԱԺԿ-ականն «անթաքույց չի կատարում օրենսդիրի պաշտոնում 17-ամյա գործունեության ընթացքում իր միակ «գլուխգործոցի» պահանջները, որով փակվեցին «Ա1+»-ն ու «Նոյյան տապանը» եւ հիմք դրվեցին հեռուստաընկերությունների կողմից իրականացվող ընտրախախտումներին»: Շավարշ Քոչարյանն այս կապակցությամբ ասաց. «Ռուբեն Թորոսյանը կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է, կա՛մ մոռացել է այն հանգամանքը, որ նախ՝ «Նոյյան տապանը» փակվել է մինչեւ օրենքի ընդունումը, եւ երկրորդը՝ «Ա1+»-ը փակվել է գործող օրենքի բազմաթիվ դրույթների խախտումներով: Եվ երբ «Ա1+»-ը դիմեց դատարան՝ հենվում էր հենց այդ օրենքի դրույթների վրա»:

Որպես օրենքի հեղինակներից մեկի նրան տրված հարցին, թե ինչպե՞ս պիտի կիրառվի արգելքը Հ1-ում «քաղաքական դիրքորոշման գերակշռության» մասին՝ պրն Քոչարյանն ասաց. «Հանրային հեռուստառադիոընկերությունն ուղղակի պարտավոր է արտացոլել առկա տարբեր տեսակետները եւ ապահովել քաղաքացու իրավունքը՝ ստանալ բազմազան տեղեկատվություն»:

Այս օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, նրա դեմ հակաքարոզչությանը մասնակցելու համար, մամուլում բազմաթիվ մեղադրանքներ են հասցեագրում Շավարշ Քոչարյանին: Վերջինս այս կապակցությամբ ասաց. «Մեղադրանքներ լինում են այն ժամանակ, երբ չկան փաստարկներ: Իսկ տվյալ պարագայում խոսքը ոչ թե անձի մասին է, այլ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրների, ինչպիսին է մեր երկրի ժողովրդավարացումը, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը: Եվ այստեղ ավելի ճիշտ կլիներ բանավիճել դիրքորոշումներով»:

Օրերս Մոսկվայում ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին, եւ երկու կողմերն էլ գիտակցում են փոխզիջման անհրաժեշտությունը. «Կարծում եմ, որ մենք պետք է ճանաչենք պետության տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ Ադրբեջանը պետք է ընդունի ազգերի ինքնորոշման իրավունքը»: Մեր հարցին, թե ինչո՞ւ նույն սրությամբ, ինչպես արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում Ղարաբաղին վերաբերող դրույթներին, չարձագանքեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս կոչին՝ ԱԺԿ նախագահը պատասխանեց. «Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում այն ժամանակվա օրենսդրության համաձայն ձեւավորվել են 2 անկախ պետություններ: Այս տեսակետից՝ այո՛, մենք չունենք տարածքային ամբողջականության խնդիր՝ կապված Ադրբեջանի հետ: Բայց մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղը»:

Շավարշ Քոչարյանը ՀՀՇ-ին ընդդիմանալու հսկայական փորձ ունի, որի ամենախայտառակ էջերից է 1996-ի սեպտեմբերի 26-ը, երբ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու ընթացքում նրա վրա հարձակվեցին իշխող կուսակցության անդամ պատգամավորները ու սկսեցին խփել (ի դեպ, խփողներից մեկը հետագայում ՀՀԿ-ին անդամագրված Դավիթ Զադոյանն էր): Այնուամենայնիվ՝ հնարավո՞ր է մի կողմ դնել անձնական վաղեմի թշնամանքը եւ ուղղակի քննարկել, թե ինչ է առաջարկելու առաջադրման դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ես հենց դա եմ անում,- պատասխանեց պրն Քոչարյանը:- Իմ հրապարակային ելույթները վերաբերում են ոչ թե անձին, այլ դիրքորոշմանը; Եվ մեր կուսակցության համար բացարձակապե՛ս անընդունելի է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը թե՛ Ղարաբաղի հարցի, թե՛ նրա վերաբերյալ, որ պետք է քանդել, այլ ոչ թե՝ կառուցել: Մեզ համար բացարձակ անընդունելի է նաեւ, երբ ասվում է, թե մեղավոր են, որ ժողովրդին չկարողացան բացատրել, թե Ղարաբաղն է հայ ժողովրդի առջեւ կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է մեր տնտեսության բարգավաճումը: Սա նույն է, ինչ պառակտելը՝ արցախահայությանը հակադրելը Հայաստանի Հանրապետությանը: Ուստի նորից եմ ընդգծում՝ իմ բուռն ցանկությունն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը, որպեսզի ժողովուրդը դնի վերջակետն այն բանավեճի, որն առկա է Հայաստանի ապագայի վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել